Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Շվեյցարիան գրավիչ է բանկերով, Հայաստանը՝ իր հնավայրերով

Հուլիս 04,2012 13:40

Կարծում է ազգությամբ իտալացի, ֆրանսաբնակ հնագետը

Այս տարվա հունիսի 5-ից հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակում Էրեբունի ամրոցի միջնաբերդում վերսկսվել եւ մինչ հուլիսի 5-ը շարունակվելու են հնագիտական պեղումներն ու ուսումնասիրությունները: Դրանք թույլ կտան հասկանալ ուրարտական վերջին շրջանի բնակեցումների հերթագայությունը եւ պարզաբանումներ մտցնել Խալդի տաճարից հյուսիս բացված շերտերի թվագրման հարցերում:

Ազգությամբ իտալացի, ֆրանսաբնակ հնագետ, Ֆրանսիայի «Սեն-Մարիտիմ» դեպարտամենտի պրոֆեսոր, ճարտարապետ Վինչենցո Մուտարելլին հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի անդամ է եւ Հայաստանը ճանաչում է արդեն 14 տարի: Մասնակցել է Գյումրիի մոտ գտնվող «Բենիամին» բնակատեղիի պեղումներին, իսկ Էրեբունի ամրոցի միջնաբերդում չափագրում է պեղված հատվածները եւ կազմում դրանց ճշգրիտ տեղահանույթը, ինչն անհրաժեշտ է հետագա վերականգնումների համար:

Վ. Մուտարելլին դասախոսում է Ֆրանսիայի Ռուան քաղաքի ճարտարապետության բարձրագույն դպրոցում: Էրեբունին նա ճանաչում է 10 տարի եւ խոստովանում է, որ հնավայրի վիճակը կառավարման եւ խնամքի առումով անճանաչելիորեն բարելավված է: «Առավոտի» հետ զրույցում ճարտարապետը նշեց նաեւ, որ առանձնապես տպավորված է անցյալ տարի կատարված մասնակի ամրակայման աշխատանքի որակով, որն իրականացվեց արգելոց-թանգարանի կողմից. «Անցյալ տարի կատարված պեղումների արդյունքում ամրակայվել է ամրոցի պատի մի հատվածը՝ հնավայրի շարվածքին եւ շինանյութին համապատասխան՝ պահպանելով հուշարձանի պատմական իսկությունը: Այս տարվա պեղումները կարեւոր են Էրեբունի հնավայրի համար, քանի որ ուսումնասիրվում է Ուրարտուից Աքեմանյան շրջանն ընկած անցումային ժամանակահատվածը, որը մինչ այդ մանրամասն չի հետազոտվել: Գտածոներից պարզ է դարձել, որ մինչ Աքեմանյան շրջանը այստեղ եղել են տեղական այլ թագավորություններ, հետեւաբար՝ շրջանը ոչ ուրարտական է, ոչ աքեմանյան: Փորձելու ենք թվագրել այն, ինչը կարեւոր փաստ կլինի Հայաստանի պատմության համար»:

Վինչենցո Մուտարելլին մեզ հետ կիսելով իր խորհրդածությունները Էրեբունիի վերաբերյալ` ասում է, որ պետք է անել հնարավորը՝ Էրեբունի արգելոց-թանգարանն առավել ճանաչելի եւ զբոսաշրջիկների համար գայթակղիչ դարձնելու նպատակով. «Ինչ խոսք, կարեւոր է հասկանալ, թե որտեղով են անցել ամրոցի պարիսպները, բայց կարեւոր է հանրահռչակել ու ըմբռնելի դարձնել նաեւ պարիսպներից ներս եղածը: Որոշ հնավայրեր հասկանալի են միայն մասնագետների համար, բայց դրանք պետք է հասանելի լինեն նաեւ այցելուներին: Էրեբունիի դեպքում, օրինակ, կարելի է ժամանակակից շինանյութով, բայց հին շարվածքի նմանությամբ վերստեղծել պատերը եւ այլ շինություններ, ինչը ժամանակ եւ մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում»: Վ. Մուտարելլին նկատում է, որ եթե Շվեյցարիան գրավիչ է բանկերով, ապա Հայաստանը կարող է հրապուրիչ լինել իր հնավայրերով:

Խոսելով զբոսաշրջիկների հետաքրքրություններից՝ մեր զրուցակիցն ասում է, որ ներկայիս զբոսաշրջիկը կիրթ է եւ պատկերացում ունի պատմամշակութային հուշարձանների մասին: Հնավայր այցելելով՝ նա ուզում է հանդիպել չխաթարված պատմական միջավայրի հետ, հուշարձանը տեսնել իր նախաստեղծ վիճակում: Պարոն Մուտարելլին նշում է, որ ժամանակակից աշխարհում հնավայրերի համար լավագույն լուծումը պեղված վայրերում թափանցիկ ծածկերի տեղադրումն է, ինչը, սակայն, թանկ հաճույք է. «Զբոսաշրջիկների տեղաշարժման համար նախատեսված արահետները զբոսաշրջիկի մոտ կարող են հիասթափություն առաջացնել, եթե դրանք բետոնից են: Տուրիստին առավել ձգում է այնպիսի միջավայր, երբ այն զուգորդվում է պատմական այս կամ այն ժամանակաշրջանի հետ: Բացի այդ, մեծ տարածքներ զբաղեցնող հնավայրերում կարեւոր է նստարանների տեղադրումը. զբոսաշրջիկը սիրում է նաեւ նստած երազել ու հաղորդակցվել պատմական վայրի հետ: Անհրաժեշտություն է նաւ միկրոավտոբուսներով տեղաշարժը դեպի հնավայր: Իսկ թանգարանի մշտական ցուցասրահների որոշ գտածոներ հնարավոր է կրկնօրինակել եւ ցուցադրել հենց հնավայրում»: Որպես օրինակ հնագետը բերեց Հունաստանի Սան-Տորինի հնավայրը, որից առանձնացված տարածքում ամերիկացի մասնագետների աջակցությամբ վերականգնել ու ցուցադրում են բնօրինակ որմնանկարների պատճենները: «Զբոսաշրջիկներին նաեւ հետաքրքրում է ուրարտական շրջանի մարդկանց կենցաղը: Վահանակներով կարելի է ցուցադրել, օրինակ, ուրարտացի կանանց հագուստը, շպարը կամ զինվորներին: Խալդի տաճարի մոտով անցնելուց տուրիստը հող է տեսնում, բայց կարելի է տաճարի շրջակայքը պեղել, ցուցադրել եւ տաճարի ներսում ֆիլմերի դիտումներ կազմակերպել՝ եռաչափ ֆորմատով: Կարծում եմ՝ թանգարանին սրճարան է պակասում. ժամանակակից աշխարհում բոլոր մեծ հնավայրերը եւ թանգարանները ունեն իրենց սրճարանները, ինչը նաեւ եկամտաբեր է»,- ասում է Մուտարելլին:

Ճարտարապետը նաեւ նշեց, որ առաջին անգամ Հայաստան գալուց աշխատանքային համապատասխան պայմաններ չկային. «Մտադիր էի այլեւս այստեղ չվերադառնալ, բայց աշխատանքի ընթացքում կապվեցի Հայաստանի եւ հայերի հետ ու հիմա շատ ընկերներ ու բարեկամներ ունեմ: Արշավախմբերի հայ անդամներն արդեն ամուսնացել են եւ երեխաներ ունեն, իսկ ես առաջիկա 4 տարիներին էլի կայցելեմ Հայաստան: Սփյուռքահայերը նույնպես պետք է գան եւ նպաստեն զբոսաշրջության զարգացմանը: Նկատել եմ, որ բոլոր հայերը Հայաստանի նկատմամբ կարոտով են լցված»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031