ԱՊՀ երկրներից ու աշխարհից տարբերվում ենք
Ժամանակին ամերիկացի գիտնականները հաշվելով տարբեր մասնագիտությունների ծանրաբեռնվածության աստիճանը՝ եզրահանգման էին եկել, որ ամենածանր աշխատանքը բալետի արտիստինն է: Սա հասկանալի է նույնիսկ արվեստից հեռու մարդուն: Խորհրդային տարիներին բալետի արտիստը 20 տարվա բեմական կյանքից հետո՝ 40 տարեկանում անցնում էր վաստակած հանգստի, ստանալով ամենաբարձր կենսաթոշակը՝ 120 ռուբլի: Այս սկզբունքը հիմա էլ, բացի մեր հանրապետությունից, գործում է ԱՊՀ երկրներում: Իսկ այս կենսական հարցի առնչությամբ ինչու են լռում հայաստանցի պարողները:
«Առավոտը» հանդիպեց բալետի նախկին արտիստ, արդեն 5 տարի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի վարիչ Գեւորգ Մելիքյանի հետ:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն ասաց, որ բալետի արտիստի «մասով» խորհրդային օրենքը գործել է մինչեւ 1990-ականների կեսերը, հետո Ազգային ժողովը «ջնջել» է այն ու ընդունել նորը, համաձայն որի՝ բալետի արտիստի կենսաթոշակային տարիքը 45-ն է: Մի քանի տարի հետո էլ վերանայել է օրենքը՝ բարձրացնելով տարիքային շեմը մինչեւ 50: «Ոչ միայն ԱՊՀ, այլեւ աշխարհի թատրոններում 20 տարի աշխատելուց հետո, բալետի արտիստը անցնում է վաստակած հանգստի՝ հասկանալի պատճառով. մարմինը ենթարկվելով ֆիզիոլոգիական փոփոխությունների՝ կորցնում է իր գրավչությունը, ինչի արդյունքում հնարավոր չէ շարունակել աշխատանքը բեմում»,- ասաց Գ. Մելիքյանը: Նա հավելեց, թե նախկինում անվանի պարողներ, այդ թվում՝ Վանուշ Խանամիրյանը, Նորայր Մեհրաբյանը, Վիլեն Գալստյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Արմեն Գրիգորյանը, միանալով պետական պարային կոլեկտիվների ղեկավարների նախաձեռնությանը, նամակ են հղել ԱԺ, ինչին, փաստորեն, ընթացք չի տրվել: Պարոն Մելիքյանը հայտնեց, որ երեւույթը խոչընդոտում է սերնդափոխությանը, նպաստելով երիտասարդ պարողների արտահոսքին եւ, ինչու չէ՝ նվազեցնելով բալետի արտիստի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե այդ ո՞ր արտիստն է 50 տարեկանում բեմ դուրս գալիս, մեր զրուցակիցը նախ ասաց, որ 55 հոգանոց կորդեբալետում աշխատում է ընդամենը 18 տարեկան 2-3 արտիստ, հետո էլ նշեց. «Որոշ բալետային ներկայացումներում պահանջվում են միմանսային կերպարներ եւ տարիքով արտիստներն են նրանց ներկայացնում: Իսկ ընդհանրապես ունենք 8 առաջատար, բարձր կարգի մենապարողներ, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Սոնա Առուստամյան, Մարիա Դիվանյան, Զավեն Հարությունյան եւ արտիստներ Ժակլին Սարխոշյան, Աննա Կոստանյան, Սյուզաննա Փիրումյան, Ռուբեն Մուրադյան ու Սեւակ Ավետիսյան»:
Տեղեկացված լինելով բալետի արտիստների ցածր աշխատավարձի մասին՝ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ չափով են վարձատրվում մենապարողները: «Կորդեբալետի արտիստի աշխատավարձը շուրջ 50 հազար դրամ է, իսկ բարձրակարգ դերասաններինը, այդ թվում վաստակավորներինը՝ 131 հազար»,- հայտնեց Գեւորգ Մելիքյանը: Նա փաստեց, որ Թբիլիսիում կորդեբալետի արտիստի նվազագույն աշխատավարձը $1000 է, ինչից էլ կարելի է ենթադրել, որ բարձր կենսաթոշակ կստանան:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ