Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի հայհոյանքի՞ն հավատանք, թե՞ ժարգոնի դեմ պայքարելու նախագահի բարի կամքին (Տեսանյութ)

Հուլիս 04,2012 13:29

Երեկ կայացած ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  բարի կամք ունի՝ երկրում վերականգնելու նախկին արժեհամակարգը, պայքարելու ժարգոնի, արատավոր երեւույթների դեմ: «Առավոտը» պարոն Ջամալյանից հետաքրքրվեց՝ եթե իսկապես նախագահն ունի այդ կամքը, ապա ինչպե՞ս եք բացատրում, որ նույն նախագահի կամքով այսօր ԱԺ է մտել, օրինակ, գեներալ Մանվելը, որը հայհոյանքով է խոսում անգամ լրագրողների հետ, այն մականունավորները, որոնք ԱԺ են մտել ՀՀԿ-ի ցուցակով, եթե կա այդ բարի կամքը`ինչո՞ւ ընտրությունները դա չապացուցեցին: Դավիթ Ջամալյանը պատասխանեց, որ Մանվել Գրիգորյանն ազգային հերոս է. «Համաձայն եմ, այո, խորհրդարանում պետք է լինեն կիրթ մասնագետներ, կիրթ մարդիկ, պատգամավորի կերպարը պետք է լինի երկրի էլիտայի մի մասը, մոդել պետք է լինի, թե պատգամավորներն ինչպիսին պետք է լինեն: Բայց ոչինչ իդեալական չէ, աստիճանական զարգացման խնդիր կա: Կգա մի օր, հուսանք, որ դա կլինի մոտալուտ ապագայում, որ պատգամավորի կրթական ցենզը, պատգամավորի տեսակն ավելի ինտելեկտուալ կլինի»:

Մեր հարցին՝ եթե նախագահը բարի կամք ուներ, ամեն ինչ նրա ձեռքում էր, ինչո՞ւ թույլ տվեց, որ սա գերիշխի՝ պարոն Ջամալյանը պատասխանեց, որ այդ մտահոգությունը ինքն էլ ունի. «Ուղղակի ես ասել եմ ու ասում եմ՝ ես նախագահին վստահում եմ, ես գիտեմ, որ նախագահի համար հեշտ չէ երկիրը ղեկավարել, կան բազմաթիվ խնդիրներ: Այսօր շատ հեշտ է հարցեր բարձրացնել, լուծումները տալը շատ դժվար է: Այդ նույն օլիգարխներն այսօր կարող են սահուն հայտնվել նաեւ ընդդիմության դաշտում: Այդպիսի մարդիկ կան, իրենք ազդեցիկ են: Երկիրը փոքր է, խնդիրները միանգամից չեն լուծվում: Ընդհանրապես կֆիքսեմ հետեւյալը՝ երկրում կան բազմաթիվ պրոբլեմներ, որոնք մեկ օրվա մեջ չեն լուծվում»: Մենք ճշտեցինք՝ ինչո՞վ եք համոզված, որ նախագահն ուզում է լուծել՝ նա պատասխանեց, որ վստահում է նախագահին. «Գտնում եմ, որ ինքն ունակ է լուծել, ունի կամք, ունի ցանկություն: Ուղղակի ես իրատես եմ ու պոպուլիզմից միշտ հեռու եմ եղել: Ես շատ լավ գիտեմ, որ որեւէ խնդիր երբեք չի լուծվում միանգամից ու արագ, որովհետեւ պետությունների զարգացման պատմությունը, էվոլյուցիոն զարգացումը հուշում է, որ միշտ լինեւմ են վայրիվերումներ, միշտ մինչեւ քաղաքացիական ինստիտուտները զարգանան, մինչեւ պետական մտածողությունն ամրապնդվի հասարակության մեջ, տասնամյակներ են պահանջվում: Այսօր համամասնական ցուցակով բազմաթիվ օլիգարխներ, բիզնեսմեներ դուրս մնացին, ընտրվեցին մեծամասնականով: Ինչո՞ւ մարդիկ գնացին ու ընտրեցին իքս օլիգարխի»: Մեր հարցին՝ Դուք հավատում եք, որ մարդիկ գնացել եւ ընտրե՞լ են այդ օլիգարխներին՝ պարոն Ջամալյանը պատասխանեց. «Գիտեք, չեմ բացառում: Իսկ դուք ունե՞ք փաստեր, որ դրանք կեղծված ընտրություններ են եղել: Տեսականորեն դատողություններ անելը…բոլորն էլ գիտեն, որ ընտրությունները երբեք չեն եղել իդեալական: Մեր երկրում խնդիրներ միշտ էլ եղել են»:

Պարոն Ջամալյանը նաեւ նշեց, որ այսօր առաջին քայլը նախագահն անում է՝ երկրում անպատժելիության մթնոլորտը ցրելու համար, եւ վստահ է, որ «Հարսնաքարի» միջադեպի հետ առնչված ստահակները պատժվելու են. «Կպատժվեն, համոզված եմ՝ մի քայլ սա: Համամասնական ցուցակում բազմաթիվ անուններ չկային՝ սա էլ է մի փոքր քայլ: Ամեն դեպքում քայլերը չեն լինում արագ ու թռիչքաձեւ: Փոքրիկ քայլերի հեղափոխության խնդիր կա: Երկիրը միանգամից չի կարող հասնել ու դառնալ Շվեյցարիայի մակարդակին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031