Մարդիկ արձակուրդ են վերցրել, տոմսեր պատվիրել եւ հյուրանոցներ ամրագրել, բայց անձնագիր չեն ստանում, որ երկրից դուրս գան
Այն քաղաքացիները, որոնք ծրագրել են իրենց ամառային հանգիստն անցկացնել Հայաստանից դուրս եւ նոր անձնագրեր պետք է ստանան իրենց կամ երեխաների համար, «Օվիրի»՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից «քաշվել» են: Մարդիկ նախապես տեղյակ լինելով, որ նոր անձնագրերը, համաձայն օրենքի, կարող են ստանալ 5 աշխատանքային օրից, տոմսեր են գնել, հյուրանոցներ պատվիրել, աշխատանքի վայրից արձակուրդ ձեւակերպել, սակայն, երբ նշված ժամկետում փորձել են ստանալ իրենց նոր անձնագրերը՝ պարզվել է, որ դրանք դեռ պատրաստ չեն: Անձնագրային վարչությունից պարզաբանել են՝ տպագրության հետ խնդիրներ կան, չգիտենք, թե երբ պատրաստ կլինեն անձնագրերը:
Անտոնյանների ընտանիքը տուժածներից մեկն է: Հույս ունենալով, որ սահմանված ժամկետում անձնագրայինը կտա իրենց փոքրիկի անձնագիրը, ծրագրել է՝ երբ եւ ուր պետք է մեկնեն արձակուրդին: Վահե Անտոնյանի խոսքերով՝ «Իմ ու կնոջս արձակուրդը ձեւակերպեցինք՝ ելնելով «Օվիրի» մեր տարածքի պատասխանատուի խոսքերից. մեզ վստահեցրին, որ հանգիստ լինենք, խնդիր չի լինի: Իսկ երբ իրենց նշած օրը գնացինք անձնագիրը ստանալու՝ փաստի առաջ կանգնեցինք: Ասացին՝ հետաձգվում է ու անգամ մոտավոր ժամկետ չնշեցին, թե երբ կարող ենք ստանալ: Բավական չէ՝ նման անհարմարություններ են ստեղծում՝ տանել-բերելով, մի բան էլ տուժում ենք ֆինանսապես. մեր վերցրած արձակուրդը կորում է: Եթե խնդիրներ են ծագում, ապա քաղաքացիներին պարտավոր են նախապես զգուշացնել, որ ասենք՝ 5 կամ 10 օրից չի լինի անձնագիրը, մարդիկ էլ, ըստ դրա, հասկանան ինչ անել: Մի խոսքով, «Օվիրը» տապալեց մեր ամառային հանգիստը, քանի որ մենք այլեւս հնարավորություն չունենք նորից աշխատանքի վայրից արձակուրդ ստանալու»:
Կարդացեք նաև
«Օվիր»-ից «քաշված» մեկ այլ ընտանիք էլ, որը բնակվում է Էրեբունի համայնքում, «Առավոտին» դժգոհեց, որ Ռուսաստան՝ հանգստի նպատակով մեկնելու համար ինքնաթիռի տոմսերը գնել են եւ մի քանի օրից պետք է արդեն մեկնեն, սակայն երեխաների անձնագրերը չկան ու չկան: Այս քաղաքացիները նույնպես վնասներ կկրեն, քանի որ ստիպված կլինեն ավիատոմսերը կամ ետ տալ, կամ փոխանակել, սակայն երկու դեպքում էլ քաղաքացուց գումարներ կպահեն՝ հաշվի առնելով, որ ժամանակը շատ կարճ է: Էրեբունու անձնագրային բաժնից նույնպես տեխնիկական խնդիրներով են բացատրել անձնագրերի տրամադրման հետաձգումը:
Թե ինչ տեխնիկական խնդիրներ են եւ քաղաքացիներն ի վերջո երբ կարող են ստանալ նոր տպագրված անձնագրերը՝ փորձեցինք պարզել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանից: Նրա ներկայացմամբ՝ այս սեզոնին անձնագրերի պահանջարկը նախատեսվածից ավելի է եղել, ինչի պատճառով համակարգը ծանրաբեռնված է աշխատում, եւ չեն հասցնում ամբողջը տպագրել: Պարոն Քոչարյանը նաեւ հավաստիացրեց, որ առաջիկա օրերին անձնագրերի 16 հազար նոր խմբաքանակ կգա Հայաստան, եւ կարող են ստանալ այն քաղաքացիները, որոնց անձնագիր ստանալու հնգօրյա ժամկետը լրացել է: Ինչ վերաբերում է արդեն տոմսեր գնած քաղաքացիներին, ապա վարչության պետը վստահեցրեց, որ այդ քաղաքացիներն իրենց տոմսերը կամ դրանց պատճենները տարածքային ծառայություն ներկայացնելու դեպքում եւս կարող են արտահերթ ստանալ իրենց նոր տպագրված անձնագիրը: Վարչության պետը խոստացավ, որ մինչ այս ամսվա վերջը խնդիրն ամբողջությամբ կշտկվի: Եթե ներկայումս հայկական անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում, եւ որոշակի խնդիրներ են առաջանում, ապա, ինչպես վարչության պետը հայտնեց, լրացուցիչ խմբաքանակը տպագրելու համար հայտարարված մրցույթի նոր հաղթող կա, եւ արդեն Հայաստանում են տպագրվելու մեր անձնագրերի մի մասը, որը ժամկետի եւ գումարի առումով մեր երկրի համար բավականին ձեռնտու է:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ