Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տրիլիոնանոց բյուջեից 10 միլիարդ դրամն ափսոսո՞ւմ են Գյումրու համար

Հուլիս 04,2012 13:08

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն առաջարկում է նպաստ տալու ու մարդկանց անկյալ դարձնելու փոխարեն տեր լինել այս քաղաքի արդյունաբերությանը:

Ազգագրագետի կարծիքով՝ Գյումրին դատարկվելուց փրկելու համար անհապաղ անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերությունը՝ զուգահեռ կրճատելով աղքատության համար հատկացվող նպաստները: «Արտագաղթի հիմնական պատճառն ու մեր թույլ օղակը արդյունաբերությունն է, 10 միլիարդ դրամը ի՞նչ փող է 1 տրիլիոնանոց բյուջե ունեցող երկրի համար, որ Գյումրիում արդյունաբերություն չեն զարգացնում, սրան զուգահեռ՝ թող նպաստները կրճատեն, որ մարդիկ անկյալ չդառնան»,- ասում է ազգագրագետը: Ըստ նրա՝ Գյումրիում ինչ արտադրամաս ու գործարան հիմնում են՝ կամ առանց գործարկելու փակում են, կամ էլ սարքավորումները կրում ու Երեւան են տանում: «Ստրոմմաշինա» գործարանը եզակի էր խորհրդային տարիներին. քարհատ մեքենաների սարքավորումներ էր արտադրում՝ հատկապես շինարարական քար արդյունահանելու համար, երեւանցիներն էին, ով էին՝ եկան էստեղ միջազգային ինչ-որ բիզնես-կենտրոն բացեցին, էդ սարքավորումների մի մասը տարան Երեւան, հիմա էստեղ արտադրությունը դադարել է գործելուց, էդ սարքավորումները արտադրվում են Երեւանում: Այսինքն՝ ինչ-որ տեղ մեր քաղաքից տեղափոխվեց դեպի Երեւան: Ուզում էին շահագործել ապակու գործարանը, շահագործեցին, բացեցին, հետո դրեցին գազերն անջատեցին, էդ վառարանները ոնց որ ասած՝ շարքից դուրս եկան կամ շարքից դուրս գալու վրա են, էդ էլ էդպես դադարեց գործելուց: Հաջորդ օրինակը ասեմ` Ախուրյանի շաքարի գործարանը, հիմա չգիտեմ՝ աշխատում է, թե ոչ, ժողովուրդն ասում է, որ չի աշխատում: Էդ հսկայական շինությունը կառուցեցին, էդ մարդը միլիարդավոր դոլարների ներդրում կատարեց, որ էսօր նորից չգործի: Կա նաեւ կոշիկի գործարան: Շենք-շինությունները հիմնականում պահպանվում են, ուղղակի պետք է ներդրումներ կատարվի էդ ձեռնարկությունները աշխատեցնելու համար: Ինչքա՞ն սոցիալական նպաստ է հատկացվում Գյումրիում բնակվող ընտանիքներին, միլիարդավոր դրամներ չե՞ն, ես էլ ասում եմ՝ աստիճանաբար էդ նպաստները վերացրեք, որովհետեւ նպաստ ստանում են նաեւ աշխատունակ մարդիկ: Ես դեմ չեմ նպաստները տալուն. կան կենսաթոշակային տարիքի մարդիկ, հաշմանդամներ, որոնք դեռ դրա կարիքն ունեն, բայց կան մարդիկ, որոնք դրա կարիքը չեն ունենա աշխատանք ունենալու պայմաններում, նրանք ֆիզիկապես ու մտավոր առողջ մարդիկ են: Նպաստների փոխարեն արտադրական ձեռնարկությունները աշխատեցրեք»,- առաջարկում է ազգագրագետը:

Պարոն Բոյաջյանը զարմանում է այն մարդկանց վրա, որոնք ասում են, թե ինչո՞ւ պիտի պետությունը փող տա արդյունաբերությունը զարգացնելու համար. «Ուրեմն պետությունը պիտի փող տա, որ մարդը չաշխատի, բայց պետությունը փող չպիտի տա՞ արդյունաբերության զարգացման համար: Եղած միջոցները պետք է տրամադրել արդյունաբերության զարգացմանը, այլապես թե՛ Հայաստանը եւ թե՛ Գյումրին, եթե չասենք՝ դատապարտված են ոչնչացման, ապա կարող է նորից անկախությունը կորցնենք, ընկնենք որեւէ պետության հսկողության տակ, ես չգիտեմ՝ որ գերտերությունը դա կլինի, էդ գերտերությունը պիտի գա, էստեղ զարգացնի լեռնային-հանքային արդյունաբերությունը: Բոլոր տիպի էն երկրները, որտեղ լեռնային-հանքային արդյունաբերությունն է զարգացած, դրանք գաղութային երկրներ են: Մենք արդեն դարձել ենք գաղութ, ճիշտ է՝ միջազգայնորեն ճանաչվում ենք բոլոր երկրների կողմից, ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպության անդամ ենք, բայց արդեն գաղութ ենք, որովհետեւ դասական սահմանում կա տնտեսագիտության մեջ. այն երկրները, որտեղ լեռնային արդյունաբերությունն է զարգանում, դրանք ուշ, թե շուտ դառնում են գաղութ: Դրա լավագույն վկայությունն էր Լիբիան, որը մասնագիտացել էր միայն նավթի արդյունահանման մեջ, Իրաքը»:

Ազգագրագետի կարծիքով՝ իշխանությունները «անտեսած ունեն» Գյումրին, սրտացավ վերաբերմունք չկա, աշխատանքը կազմակերպելու, համակարգելու, մտածելու ցանկությունը չկա, քանի որ ավելի լավ է այդ ապրանքը դրսից էժան բերեն, քան տեղի արտադրողին խթանեն: «90-ական թվականներին Գյումրին հայտնի է եղել որպես տեքստիլագործների քաղաք, այդ նույն թվականներին հաստոցները տարան Իրան, որը թույլ զարգացող երկիր էր, բայց էդ պետության կառավարման ճիշտ քաղաքականության շնորհիվ հայ խելացի մասնագետներին՝ ֆիզիկոսներին, քիմիկոսներին, մաթեմատիկոսներին հրավիրեց իր մոտ, մեր լավագույն մասնագետների մի մասը գնացին՝ Իրանի տնտեսությանը օգուտ տվեցին: Իրանը մեր սարքավորումները տարավ ու ի՞նչ դարձավ՝ աշխարհի մրցակից երկրներից մեկը: Նույնը՝ Թուրքիան. 78 թվականին հարեւան գյուղերը լույս չունեին, այսօր դարձել է աշխարհի 20 հզոր պետություններից մեկը, հետադարձ հայացք դարձրեք՝ ինչի՞ շնորհիվ հասավ, պետության քաղաքականության շնորհիվ, երբ ամեն ինչ արեցին երկրում արդյունաբերությունը զարգացնելու համար: Այսինքն՝ մեր երկրի հաստոցներն ու մեր լավագույն վարպետներին իրենք տարան Թուրքիա ու Իրան, թեթեւ արդյունաբերական ապրանք են արտադրում, նույն էդ ապրանքը բերում՝ մեզ վրա վաճառում են: Իսկ մեզ մոտ ո՞նց է, ասում են՝ շաքարը դո՛ւ ներկրի, բենզինը՝ դո՛ւ»,- մտահոգություն է հայտնում ազգագրագետը: Նա չի հասկանում նաեւ «կեղծ հայրենասերներին», որոնք հայտարարում են, որ Թուրքիան մեր թշնամին է, սակայն գործարարների մեծ մասը բիզնես ունեն Թուրքիայում եւ այնտեղից ապրանք են բերում-կրկնավաճառում: «Թեթեւ արդյունաբերության շուկայում ապրանքների արտադրության քանի՞ տոկոսն է տեղական եւ քանի տոկոսը՝ Թուրքիայում արտադրված, մի կողմից՝ մենք քարոզում ենք ժողովրդին, որ նրանք մեր վատ հարեւաններն են, մյուս կողմից՝ այդ վատ հարեւաններից մեծ քանակությամբ ապրանք ենք բերում, հլը փորձեք էդ նույն ապրանքատեսակները տարեք Թուրքիա վաճառելու, տեսնեմ՝ թուրքերը կթողնե՞ն»,- հարցնում է ազգագրագետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031