Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաշնակցության դեմ՝ «ներսի՞ց» եւ «դրսի՞ց»

Հուլիս 04,2012 13:02

ՀՅԴ խմբակցության քարտուղարը՝ ներկուսակցական խնդիրների մասին

«Դաշնակցության ուժեղ ներկայությունը Հայաստանում հաճախ ձեռնտու չէ ոչ միայն հայաստանյան տարատեսակ ուժերի, այլեւ արտաքին ուժային կենտրոնների եւ տարբեր խմբավորումների: Բայց, փառք Աստծո, այս 120 տարիների ընթացքում, չնայած կուսակցության դժվարագույն ճանապարհին, մեր սխալներին, թերություններին ու վրիպումներին, Դաշնակցությունը կարողացել է պահել ողնաշարը՝ իր անկախությունը, ինքնուրույնությունը եւ Հայաստանին ու հայ ժողովրդին ծառայելու նպատակադրումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ միշտ էլ ներսից ու դրսից շահարկումներ եղել են, բայց կյանքն ապացուցել է, որ ՀՅԴ-ն կայուն է, եւ այն պառակտել, գոնե տեսանելի ապագայում, չի հաջողվելու: Ավելին՝ տեսանելի ապագայում այդ փորձողներից շատերը, վստահաբար, չեն լինելու:

Նախորդ օրը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ արտաքին ուժերն այսօր միջամտում են Դաշնակցության ներքին գործերին, փորձում են խնդիրներ ստեղծել կուսակցությունում եւ նպատակ ունեն փոխել Դաշնակցության ներկայիս ղեկավարությանը: Երեկ «Առավոտը» ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ո՞ր ուժերը եւ ի՞նչ նպատակով են ցանկանում «իշխանափոխություն» անել ՀՅԴ հայաստանյան մարմնում: Պարոն Վարդանյանը նախ նկատեց, որ նման փորձերը նորություն չեն. «Եվ պատմության, եւ վերջին 20 տարիների ընթացքում միշտ եղել են ուժեր, որոնք ցանկացել են ուղղորդել Դաշնակցությանը, նաեւ պառակտելու քայլեր են արել՝ եւ ներսից՝ իշխանությունների կողմից, եւ դրսից: Փաստ է՝ այս 20 տարիների ընթացքում ՀՅԴ-ն երբեք չի պառակտվել, իր սկզբունքներից չի հրաժարվել, երբեք չի կորցրել իր ինքնուրույնությունն ու անկախությունը, ինչն ամենամեծ արժեքն է»: Թե հիմա հատկապես ո՞ր ուժերն են Դաշնակցության դեմ գործում, մեր զրուցակցի կարծիքով, կռահել կարելի է. «Եթե քաղաքականությանը հետեւող բանիմաց մեկն այսօր ուսումնասիրի այդ հրապարակումները, հոդվածները, հստակ ուղղորդվող թիրախային նյութերը՝ կտեսնի, որ տարբեր ուժեր կան: Հաճախ՝ իբր թե Դաշնակցության ապագայով մտահոգ, բայց իրականում բոլորովին այլ նպատակներ հետապնդող: Սա կարող է լինել եւ Արեւմուտքից, եւ Արեւելքից, եւ հյուսիսից, եւ հարավից: Ցավոք, նույնիսկ մեր երկրում շատերը չեն գիտակցում, որ ուժեղ Դաշնակցություն, նշանակում է՝ ուժեղ Հայաստան»:

«Առավոտի» դիտարկմանը՝ իմաստը ո՞րն է հիմա փորձ անել ՀՅԴ հայաստանյան կառույցի դեմ որոգայթներ լարելու, երբ քաղաքական իրադրության բերումով ՀՅԴ-ն խորհրդարանում ներկայացված է ընդամենը 5 պատգամավորով, որոնք չեն կարողանալու գործընթացների վրա էական ազդեցություն ունենալ, մեր զրուցակիցը հակադարձեց. «Նախորդ պառլամենտում մենք 16 հոգի էինք: Զուտ թվային առումով այն ժամանակ էլ չէինք կարողանում ազդել որոշումների վրա, բայց ունեինք եւ այսօր էլ ունենք ակտիվ գործող ֆրակցիա: Վստահ եմ՝ այս ֆրակցիայի ուժի մեջ առաջիկայում հանրությունը կհամոզվի: Բայց միայն այդ չէ. Դաշնակցության ազդեցությունը, ուժը, կշիռը լոկ Հայաստանի խորհրդարանում ներկայացվածությամբ չի որոշվում: Դաշնակցության ազդեցությունը, ուժը, կշիռը շատ ավելի մեծ է՝ պայմանավորված համահայկական կառույցով, աշխարհի 30 երկրներում ներկայությամբ, Հայաստանի եւ Արցախի համար լոբբինգային գործունեությամբ, Հայ Դատի աշխատանքներով եւ, կրկնում եմ, մեր ինքնուրույնությամբ եւ անկախությամբ»: Խմորումների հիմնական նպատակն, ըստ Աղվան Վարդանյանի, այն է, որ օգտվելով խորհրդարանական ընտրություններում կուսակցության «ձախողումից»՝ թույլ չտան, որ ՀՅԴ-ն Հայաստանում քայլ առ քայլ ուժեղանա եւ ազդեցիկ դառնա. «Որոշ արտաքին եւ ներսի ուժերի ձեռնտու չէ, որ Հայաստանում լինի կայացած, ինքնուրույն, ազդեցությունների չենթարկվող, բոլոր գործընթացների վերաբերյալ հստակ հայկական դիրքորոշում ունեցող Դաշնակցություն: Այդ փորձերը ծիծաղելի են: Չի ստացվելու: Գերագույն ժողովը շուտով կլինի, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, եւ վստահ եմ՝ դաշնակցականների գերակշիռ մեծամասնությունը կհանգի ճիշտ որոշումների»:

Հուլիսի 5-ին կայանալու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը, որին ընդառաջ՝ մամուլում հրապարակումներ եղան, թե ՀՅԴ-ում ներկուսակցական խմորումներ են ընթանում: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այդ հրապարակումներին՝ Աղվան Վարդանյանը նախ նկատեց՝ դրանցից հաճախ ակնհայտ է դառնում, որ մեր լրագրողներն անգամ չեն տիրապետում կուսակցության կառուցվածքին: Ինչ մնում է ներկուսակցական խնդիրներին, պարոն Վարդանյանը ասաց, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովին ընդառաջ՝ միանգամայն բնական է կարծիքների, տեսակետների բախումը, մտքերի հստակեցումը՝ մանավանդ այս փուլում, երբ կուսակցությունները նոր են հատել խորհրդարանական ընտրությունները. «Բնական է, կան տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ: Մարդիկ կան, ովքեր գտնում են, թե սխալներ են կատարվել, մարդիկ կան, ովքեր մեխանիկորեն ՀՅԴ-ի բերած հինգուկես տոկոսը գնահատում են իբրեւ մեծ ձախողում՝ առանց խորանալու ընտրությունների բնույթի մեջ: Մինչդեռ մայիսի 6-ին եւ դրանից առաջ կատարվածը քիչ ընդհանրություն ուներ ընտրության հետ: Այս ընտրություններում ես զբաղվել եմ եւ համակուսակցական, եւ կոնկրետ ընտրատարածքի խնդիրներով ու հրաշալի գիտեմ, թե այս ընտրություններն ինչպես են անցկացվել. կուսակցությունների ստացած ձայները ռեալ իրականության հետ քիչ կապ ունեն: Եվ սա մեր պետության ու ապագայի ողբերգությունն է»: Բայց այն, որ ՀՅԴ-ն նախորդ պառլամենտում ուներ 16 պատգամավոր, հիմա՝ 5-ը, մեր զրուցակիցն էլ է «կտրուկ նահանջ» որակում ու առավել եւս այս իրավիճակում կուսակցության ներսում մոտեցումների տարբերությունները ու կարծիքների բախումները օրինաչափ է համարում:

Աղվան Վարդանյանը, վերջին շրջանի մամուլի հրապարակումներին հղում անելով, նկատում է, որ ոչ միայն լրագրողները, այլեւ քաղաքական գործիչները պատկերացում չունեն «Դաշնակցության ներքին քննարկումների բացառիկ ժողովրդավար բնույթի» մասին. «Մենք սովոր ենք հայաստանյան քաղաքական կուսակցություններին տեսնել համագումարներով՝ դահլիճում հավաքված, նախապես որոշված հայտարարությամբ կամ բանաձեւերով, միաձայն ղեկավարություն ընտրելով եւ այլն: Դաշնակցության պարագայում յուրաքանչյուր ժողով իսկապես ընթանում է բազմակարծության մթնոլորտում, ժամերով եւ օրերով տեւած քննարկումներով, ընտրությունները լինում են փակ-գաղտնի: Արդեն մի քանի օր է՝ Երեւանի կառույցի պատվիրակները քննարկում են այն խնդիրները, որոնք ներկայացնելու են Գերագույն ժողովում: Սա միշտ եղել է Դաշնակցության կառույցներում, ուղղակի հիմա տարբերությունն այն է, որ մենք նոր ենք դուրս եկել ընտրություններից»: Նրա կարծիքով՝ ճակատագրի եւ պատմության բերումով Դաշնակցությունն ավելին է, քան սովորական կուսակցությունը. «Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Դաշնակցությունը Հայաստանում զուտ քաղաքական, խորհրդարանական կուսակցություն չպիտի լինի: Ես խորապես համոզված եմ՝ Հայաստանում Դաշնակցությունը պիտի լինի կազմակերպված, ուժեղ, քաղաքական, խորհրդարանական կուսակցություն, ազդեցություն ունենա հայաստանյան բոլոր զարգացումների վրա: Բայց քանի որ Դաշնակցությունն ավելին է, քան կուսակցությունը, իր համահայկական կառույցով պետք է համախմբվի Հայաստանի շուրջ եւ կարողանա հայության ու անկախ պետության շահերը պաշտպանել ամբողջ աշխարհում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031