Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլ՝ ճիշտ ուղղությամբ

Հուլիս 04,2012 12:57

Անկախ նրանից՝ Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ է վայր դրել մանդատը, թե ՀՀ նախագահն է նրան դրդել, դա, անշուշտ, քայլ էր ճիշտ ուղղությամբ: Իհարկե, Վահե Ավետյանի, նրա ընտանիքի, հարազատների համար դա, վերջին հաշվով, այնքան էլ կարեւոր չէ: Բայց մենք պիտի փորձենք վերլուծել այդ քայլի քաղաքական, հասարակական հետեւանքները:

Պարզ է, որ մեկ պատգամավորի մանդատը վայր դնելով՝ օլիգարխիան կամ, ինչպես ասում են ընդդիմադիրները՝ քրեա-օլիգարխիկ համակարգը չի վերանա: Բայց այսօրվանից շատերս կարող ենք ենթադրել, որ այդ համակարգը հավերժ չէ, որովհետեւ օլիգարխներից մեկը, գոնե հայտարարության մակարդակով, հրաժարվել է «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք՝ կանենք» թեզից, որն իր դասակարգի կարեւորագույն սկզբունքն է, կարելի է ասել՝ հիմնասյունը: Թեեւ հիմա շատերը երեւի կասեն, որ պարոն Հայրապետյանը անկեղծ չէ, որ դա խաղ է եւ այլն, բայց վաղը նույն մարդիկ գործարարի այս քայլը բերելու են որպես նախադեպ, որպես օրինակ, եթե որեւէ օլիգարխ կամ նրա ստորադաս շարունակի գործել վերոհիշյալ ամենաթողության թեզի շրջանակներում: Հիշեք, թե անկախ Հայաստանի ժամանակաշրջանում ինչպիսի գազանություններ են կատարվել պաշտոնյաների, իշխանավորների, պատգամավորների եւ նրանց ստորադասների կողմից: Դուք երբեւէ լսե՞լ եք նրանցից ապաշխարանքի որեւէ խոսք, թեկուզ ոչ անկեղծ: Ոչ, որովհետեւ դա իրենց եւ իրենց համակարգի թուլության նշան էր համարվում, եւ հենց այդ պատճառով նրանք հրապարակավ մերժում էին իրենց անգամ բարոյական առնչությունն այս կամ այն չարագործությանը եւ, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չէին ուզում կրել, իսկ «կադրից դուրս» ասում էին՝ լավ ենք արել, աչքն էլ հանել ենք, նրան հասնում էր:

Թերեւս քաղաքական ուժերը կամ հասարակական կազմակերպությունները պարոն Հայրապետյանի այս քայլը կվերագրեն իրենց իմաստուն գործելակերպին կամ ճշգրիտ հաշվարկներին: Իրականում, կարծես թե, այդ կառույցների ազդեցությունն առանձնապես չէր զգացվում: Բայց իշխանությունը զգում էր, հավանաբար, այդ կառույցներից դուրս գտնվող քաղաքացիների արդար ցասումը եւ հաշվի է նստել դրա հետ:

Հակված չեմ հասարակական որեւէ երեւույթից հրճվելու: Հիմա էլ առանձին ոգեւորություն չեմ ապրում՝ նախեւառաջ այն պատճառով, որ չգիտեմ, թե ինչպես են լուծվելու մեր երկրի առաջ ծառացած ծանրագույն սոցիալական եւ տնտեսական խնդիրները: Հենց դրանք են հուզում մեր քաղաքացիներին առաջին հերթին, եւ այդտեղ ես, ճիշտն ասած, որեւէ առաջընթացի նախանշան առայժմ չեմ տեսնում: Բայց որ մենք շանս ունենք ապրելու ավելի բարի, ավելի բարոյական, ավելի հանդուրժողական մթնոլորտում՝ դա այլեւս ակնհայտ է: Գուցե դա ինչ-որ ձեւով ազդի նաեւ տնտեսակա՞ն իրավիճակի վրա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031