Պետք չէ բացասաբար նայել այն փաստին, որ այսօր մեր օլիգարխները հայկական կապիտալը տանում են Վրաստան: Նրանք իրենց բիզնեսն են ընդլայնում: Երեկ Aravot.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ այսօր կապիտալի արտահոսք կա, որ շատ օլիգարխներ, այդ թվում` ՀՀԿ-ական, հայկական կապիտալը տանում են Վրաստան ու բիզնես են դնում այնտեղ: Նրա խոսքերով` «Վրաստանում բիզնես դնելը կոնկրետ բիզնեսմենների հետաքրքրությունների ոլորտից է: Այսինքն` եթե բիզնեսմենը կարծում է,որ ինքն ունի լրացուցիչ գումարներ, որը իրեն եկամուտ է բերելու Վրաստանում, կարող է եւ այդ ներդրումն անել: Հաշվի առեք, որ Հայաստանում ներդրումային դաշտը, կապված շրջափակման եւ այլ գործոնների հետ, բավական սահմանափակ է: Ամբողջ աշխարհում ընդունված են արտասահմանյան ներդրումները: Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի նման գիգանտ տնտեսությունները այսօր հիմնականում միտված են դեպի երրրոդ աշխարհի երկրներում բիզնես դնելու եւ ներդրումներ կատարելու գործողություններին: Ես կարծում եմ, որ հայ պատգամավորները պետք է պարզապես այդ ներդրումները կատարելիս զգուշավորություն ցուցաբերեն»:
Պարոն Թորոսյանը նշեց, որ ողջ մեր պատմության ընթացքում հայ գործարարները հսկայական ներդրումներ են կատարել Վրաստանում: Նա նույնիսկ հիշեցրեց, որ 19-րդ դարի սկզբում Թիֆլիսում մեծածավալ կապիտալ էին ներդրել հայ գործարարները՝ Մանթաշովից սկսած. «Ամբողջ Թիֆլիսը հիմնականում հայ գործարարների ձեռքով էր կառուցվել, բայց այսօր մնացել է միայն նրանց անունները»:
Մեր դիտարկմանը, որ եթե մեր տնտեսական միջավայրը կայուն լինի, զարգացած լինի՝ կապիտալի արտահոսք չի լինի, եթե գնում են Վրաստանում են բիզնես դնում, նշանակում է մենք այստեղ հարկային դաշտում կամ այլ դաշտում խնդիր ունենք՝ պատգամավորը պատասխանեց. «Արտահոսքն անխուսափելի է: Բիզնեսմենները հիմնականում այն ոլորտներում են ներդրումներ անում, որոնցով այստեղ զբաղվում են, այսինքն՝ ընդլայնում են իրենց բիզնեսը: Հայաստանն ունի 3 մլն ժողովուրդ եւ որոշակի սահմանափակում՝ սպառման առումով: Ես գիտեմ շատ բիզնեսմենների, ովքեր որեւէ ապրանքի արտադրությամբ կամ ներկրմամբ են զբաղվում այստեղ կամ որեւէ ծառայության մատուցմամբ են զբաղվում եւ հիմնականում նույն գործն անում են Վրսստանում, այսինքն իրենք ոչ թե հեռանում են Հայաստանից, այլ ընդլայնում են իրենց բիզնեսը՝ շուկայի սահմանափակության պատճառով: Դա նորմալ երեւույթ է: Եթե ներդրումային դաշտը ավելի կայանա Հայաստըանում, կամ ավելի շատ ներդրումներ գան Հայաստան՝ դա շատ ավելի լավ է: Բայց այստեղ մի խնդիր կա՝ այդ դեպքում Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է մեկ ընդհանուր տնտեսական դաշտ դիտարկվեն ներդրողների համար, որպեսզի Հայաստանում արված ներդրումը ենթադրի, որ առաջացած արդյունքը պետք է իրացվի նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում: Հայաստանում մեծածավալ ներդրում 3 մլն բնակչության համար դրսի ներդրողը չի անելու: Դրա համար նախեւառաջ պետք է տնտեսական ինտեգրացիայի ճանապարհով Հարավային Կովկասի հանրապետություններն ինտեգրել: Ադրբեջանի հետ Ղարաբաղյան հակամարտությունը էապես երկուստեք ե’ւ Հայաստանին, ե՛ւ Վրաստանին տնտեսապես մեծ հարվածներ է տալիս: Եթե Ղարաբղյան հակամարտությունը չլիներ, եթե Վրաստանի հետ այլ խնդիրները չլինեին, եւ այս 3 պետութունները ներդրողների համար մեկ ընդհանուր տնտեսական դաշտ դիտվեին, ապա պատկերացրեք նույն «Մերսեդեսը», նույն «Տոյոտան», մեծ կոնցեռները կգային այստեղ ներդրում կանեին՝ իմանալով, որ Երեւանի «Մերսեդեսի» գործարանի մեքենան նաեւ Բաքվում ու Թիֆլիսում է իրացվելու կամ Բաքվի գործարանի արտադրանքը՝ Թիֆլիսում ու Երեւանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ