Գազանների ժամանակին պետք է վերջ տալ
«Աշխարհն էստեղ է հավաքվել, ով ասես կա, ինչ մարդ ասես կա». այս խոսքը լսեցի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում օլիգարխի պատժիչ հրոսակների, ավելի ճիշտ՝ երկոտանի գազանների դաժան ծեծից սպանված ՀՀ զինված ուժերի մայոր, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությանը մեկնելիս։ Ասողը Վ. Ավետյանի տնից մոտ մեկ կանգառ հեռու բջջային հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսող տարեց կին էր։
Հոգեհանգստին ու հուղարկավորությանը մարդկանց մեծ քանակությունը, հայտնի, հեղինակավոր դեմքերի, բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը, անշուշտ, մխիթարություն չի կարող լինել ո՛չ Վ. Ավետյանի հոգու, ոչ էլ նրա մերձավորների համար: Սարսափելի է նույնիսկ մտածելը, որ իրենց տիրոջ հովանավորությունը վայելելու եւ անպատժելիության հարցում կասկած չունեցող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների եւ թիկնազորի անդամների ծեծից որբացան Վահեի երկու անչափահաս զավակները։
Միակ բանը, որ քիչ թե շատ կարող է մխիթարություն լինել Վահեի հոգու ու նրա մերձավորների համար, կարծում եմ, կատարվածից իշխանությունների եւ նրանց սպասարկուների սթափվելն ու դաս առնելն է, հանցագործության բոլոր մասնակիցներին ու նրանց հովանավորներին բացահայտելը եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելը. իր սանձարձակությամբ, հաբռգածությամբ մեր երկրում միշտ աչքի ընկած օլիգարխիա-չարիքի վերացումը կամ գազանին իր տեղը, այսինքն՝ վանդակ դնելը։
Կարդացեք նաև
Երբ նույնիսկ Սոս Սարգսյանի նման մտավորականն ու հայրենասերն է, դիմելով հուղարկավորությանը մասնակցող մեկ այլ հայտնի մտավորականի՝ Զորի Բալայանին, ասում՝ «Անկախությունը չարիք դարձա՞վ մեր գլխին, հը՞, Զորի», ապա պետք է մտածել, որ օլիգարխիայի հետ կապված խնդիրը մեր երկրում այնքան է ահագնացել, որ վերածվել է ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքի։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գիտակցո՞ւմ է սա… Եթե, այնուամենայնիվ, այո, առաջիկայում կտեսնե՞նք նրա գործնական եւ որոշակի քայլերը։
Այդ նույն արարողությանը Վահեի մահը սգացող Սոս Սարգսյանը մեկ այլ բան էլ ասաց. «Նժդեհն ասում է՝ թուրքը ոչինչ, է, հայ թուրքն է սոսկալի», ,… բայց վատը, սոսկալին հայ թուրքն ա, հասկացա՞ր, Նժդեհի խոսքն է»։ Սա՝ ի գիտության Արեւմուտքի ազդեցության գործակալ այն բոլոր գրչակների, ովքեր արդեն մեկ տասնամյակից ավելի հետեւողականորեն փորձում են, այդ թվում նաեւ՝ հանդուրժողականության քարոզչությամբ, ժողովրդի գիտակցությունից ու հոգեբանությունից ջնջել ներքին թշնամու կերպարը։ Փորձում են դա ներկայացնել, իբր, ինչ-որ բարդույթներ ունեցողների հորինած մի բան՝ նպատակ ունենալով հանրության գլխի տակ փափուկ բարձ դնել, նրան զրկել զգոնությունից, նախեւառաջ, ենթագիտակցական հարթությունում իր իմունիտետից, ինքնապաշտպանական մեխանիզմից։ Եկեք լավ մտածենք մեր ներքին թշնամու մասին, որոնց համար բարոյականության, մարդկայնության, մերձավորի հանդեպ սիրո, հարգանքի վերաբերյալ խոսքերը, հորդորները, կոչերը նման եղան գայլի գլխին քարոզի:
«Հայացք»