Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էթիկան եւ Նիկոլը

Հուլիս 04,2012 11:33

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: Հրաժարման փաստի մեջ, անշուշտ, զարմանալի բան չկա, հատկապես եթե նկատի ունենանք, թե Փաշինյանն ինչպես է նշանակվել այդ պաշտոնին` «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտումով, այն է` առանց պատգամավորի համաձայնության և խմբակցությունից նրա թեկնածության համապատասխան ներկայացման: Փոխարենը Փաշինյանը համաձայնել է հանձնաժողովում իր պարտականությունները կատարել որպես սովորական անդամ:

 

Պատգամավորն, անտարակույս, միանգամայն ճիշտ է վարվել` հրաժարվելով փոխնախագահի պաշտոնից. նախ` փոխնախագահությունն ամենևին նրա բանը չէ, քանզի պաշտոնյայի «կապանքները» հաստատ կկաշկանդեին վերջինիս գործողությունները, որոնք հաճախ այնքան հախուռն են, որ դժվար թե տեղավորվեն նույնիսկ ամենատարրական էթիկայի սահմաններում, ուրեմն պաշտոնի և սեփական վարքի ակնհայտ անհամապատասխանությունը շատ շուտով ամենևին էլ պատգամավորի օգտին չէր լինելու:

 

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ, հրաժարվելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից` իբրև թե օրենքի պահանջների խախտման պատճառով, ՀԱԿ պատգամավորն ինքն է իր հրաժարումով խախտում օրենքի պահանջը, որովհետև նույն կանոնակարգ օրենքի համաձայն` էթիկայի հանձնաժողովը, որ ձևավորվում է յուրաքանչյուր նստաշրջանում, ղեկավարում են ամենամեծ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, այս պարագայում` ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Իսկ Ն. Փաշինյանի հրաժարումով կա’մ հանձնաժողովն է մնալու առանց փոխնախագահի, կա’մ այդ պաշտոնում նշանակվելու է ոչ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը, ինչն օրենքի խախտում է:

 

Ինչ վերաբերում է Փաշինյանի` հանձնաժողովում, որպես շարքային անդամ, աշխատելու որոշմանը, կարծում ենք, նա ավելի խելացի վարված կլիներ, եթե ընդհանրապես հրաժարվեր այդ հանձնաժողովում որևէ կարգավիճակով աշխատելուց: Որովհետև էթիկայի հանձնաժողովում նրան չի պատշաճում նույնիսկ սովորական անդամի դերը: Գրեթե անհնար է պատկերացնել, որ այդ հանձնաժողովում հենց թեկուզ էթիկապես ճիշտ է ընդգրկել մեկին, ով իր ամբողջ նախընթաց վարքով, իսկ վերջին օրերին` մասնավորապես նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին «բռնել» տալու վրեժխնդիր պատրաստակամությամբ ու հրապարակային հայտարարություններով կարող է հաջողել մի դերակատարություն, որը նախ և առաջ պահանջում է վարքի ու խոսքի լրջմտություն ու հավասարակշռվածություն: Արդյո՞ք Ն. Փաշինյանն աչքի է ընկնում այս հատկություններով: Հազիվ թե:

 

Եվ դժվար է ասել, թե էթիկայի հանձանաժողովում աշխատելու համար ՀԱԿ խմբակցությունն ինչու է սևեռվել հատկապես Ն. Փաշինյանի վրա, սակայն ակնհայտ է, որ, այդ թեկնածությունը պնդելով, խմբակցությունն ամենևին չի ելնում հանրային ձևավորված ընկալումներից, որոնք խելամտորեն հաշվի առնելու պարագայում դժվար չէր հասկանալ, որ Ն. Փաշինյանն ամենամեծ արդյունավետությամբ կարող էր աշխատել որ հանձնաժողովում ասես, սակայն ոչ երբեք` էթիկայի: Այս բոլորը գուցե և կոպիտ է հնչում, սակայն փաստ է:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031