Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկուսացված Հայաստանն» ու ԵԽ նախագահի «մեսիջները»

Հուլիս 04,2012 11:24

Այսօր մեկնարկած  «Հայաստանը Եվրոպայում» խորագրով համաժողովին, որը կազմակերպել էին Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ Եվրոպական հետազոտությունների կենտրոնը, մասնակցեց նաև Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: Նա հանդես եկավ ուղերձով, որը մասնավորապես ուղղված էր քաղաքացիական հասարակությանը: ԵԽ նախագահը նշեց. «ՀՀ-ն Եվրոպային մոտեցնելու համատեղ ծրագիրը կաշխատի, երբ ընկալվի և աջակցվի քաղաքացիական հասարակության կողմից: Այստեղ դուք կարևոր դերակատարություն ունեք»:

Այնուհետև Հ. Ռոմպոյը հայտարարեց, թե եվրոպական չափանիշների որդեգրման առումով Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, սակայն նաև շեշտեց, որ դեռ անելիքներ կան: ԵԽ նախագահը, անդրադառնալով ՀՀ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, նշեց. «Նկատվել են իշխանության կողմից առավել մեծ ջանքեր խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան անցկացնելու համար: Թեպետ կան խնդիրներ, որոնք նաև նշվել են ԵԱՀԿ եզրափակիչ հաշվետվությունում, որոնք, կարծում ենք կլուծվեն մինչև գալիք նախագահական ընտրություններ»:

Հ. Ռոմպոյը նշեց, որ ԵՄ-Հայաստան համագործակցության դաշտում կարևոր են նպատակների և հանձնառությունների ամբողջությունը, հաշվետվողականությունն ու երկխոսության կայացումը: Կրկին դիմելով քաղաքացիական հասարակությանը՝ ԵԽ նախագահը նշեց. «Քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարությունից մենք շատ սպասելիքներ ունենք, ուստի կարծում ենք, որ մեզանից էլ դուք ունեք շատ բան սպասելու իրավունք»: Հ. Ռոմպոյը տարածաշրջանային համագործակցության մասին խոսելով նշեց, որ «համագործակցությունը կառավարություններից անդին է»՝ նկատի ունենալով քաղաքացիական հասարակությունը և շեշտեց. «Իշխանությունը պարտավոր է հարգել քաղաքացիական հասարակության անկախությունը, անգամ եթե այն հնչեցնում է իշխանության համար անհարմար ուղերձներ»:

ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում էլ է ԵԽ նախագահը տեսնում հասարակության դերակատարությունը և նկատում. «Երբ հասարակության դիրքորոշումն ու քաղաքական գործիչների վարած քաղաքականությունն անջատված են, ապա հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները կարող են ձախողվել»: Քանի որ մինչ տարածաշրջան այցը իր հղած ուղերձում Հ. Ռոմպոյը նշել էր տարածաշրջանում վստահության բարձրացման մասին, ապա հարց հնչեց՝ արդյո°ք Ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում վստահության բարձրացմանն ուղղված ծրագրերում անհրաժեշտ չէ բանակցային գործընթացում ներգրավել նաև Ղարաբաղի քաղաքացիաներին: Հ. Ռոմպոյը հարցին հստակ չպատասխանեց և նշեց. «Մենք աջակցում և սատարում ենք Մինսկի խմբի գործունեությանը: Եվրամիությունը պատրաստակամ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել վստահության բարձրացմանն  ուղված միջոցառումներին: Մասնավորապես, որդեգրվել է նոր ծրագիր, որը նպատակ ունի աջակցել այս հարցին»: Երբ խոսվում էր ազատ առևտրի գոտու մասին, ԵԽ նախագահը նկատեց. «Ասոցացման համաձայնագրի ներքո է գտնվում ազատ առևտրի կազմակերպման հարցը: Դատելով իրավիճակը Հայաստանում՝ կարելի է նկատել, որ այն շատ իմաստներով մեկասուցված է: Իսկ ազատ առևտուրը կարող է բացել ուղիները Հայաստանի համար, այն Հայաստանին հնարավորություն կտա բացվել աշխարհի առաջ: Ուստի  պետք չէ թերագնահատել առևտուրը, այն կարող է բարեփոխումների շարժիչ ուժը լինել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031