Լրահոս
Օրվա լրահոսը

Պալաչի գործը քննում են

Հուլիս 04,2012 11:13

Դեռեւս հունիսի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի եւ տրանսպորտի նախարարությանը՝ պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 եւ 275 համարի երթուղային գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նշված բոլոր գերատեսչությունները ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ Պալաչը նման բողոք է ուղարկել իրենց: Ս. Սարգսյանը հանձնարարել է ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին «օրենքի սահմաններում» հայտարարել, որ ինքը չի կարող արգելել այդ տրանսպորտի գործունեությունը, ու դա կապի եւ տրանսպորտի նախարարության ֆունկցիայի մեջ է մտնում։ Դրա համար էլ դեռ օրեր առաջ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը եւս «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ իրենք տնտեսվարողներից դիմում ստացել են եւ ընթացք են տվել։ «Անվանական չգիտեմ, բայց տնտեսվարողներից բողոք ենք ստացել, հիմա ուսումնասիրություն ենք իրականացնում, այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- նշել էր Ա. Շաբոյանը։

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին Սերժ Սարգսյանն ասել է, թե «Գագի՛կ, էնպե՛ս արա՝ նորմալ փակես հարցը»։ Բեգլարյանն էլ Սարգսյանի խոսքերից անմիջապես հետո նախարարության իրավաբանական վարչության պետին հանձնարարել է զբաղվել այդ գործով եւ սեղմ ժամկետներում զեկուցել իրեն։

Զրուցեցինք կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի մամլո խոսնակ Անժելա Մարտիրոսյանի հետ՝ պարզելու, թե գործը որ փուլում է գտնվում։ Տեղեկացանք, որ նախարարությունը նման բողոք ստացել է դեռեւս հունիսի 21-ին՝ «Տրանս կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից, որտեղ նշված է, թե դիմողը Ա. Բաղդասարյանն է։ Բեգլարյանի խոսնակը նշեց, որ Ա. Բաղդասարյանի կողմից ուղարկված գրության հիման վրա կապի եւ տրանսպորտի նախարարությունն արդեն քննություն է իրականացնում, եւ ավարտից հետո լրացուցիչ կտեղեկացնեն:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031