Այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը կազմել է մեկ միլիոն 690 հազար, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ մեկ միլիոն 105 հազար էր։ Ստացվում է, որ զբոսաշրջիկների թիվը այս տարվա առաջին կիսամյակում աճել է ավելի քան 50 տոկոսով։
Ցավոք սրտի, այս վիճակագրությունը վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ մեր հարեւան Վրաստանին։ Ակնհայտ է, որ Վրաստանը քայլ առ քայլ դառնում է զբոսաշրջության համար գրավիչ երկիր։ Մինչդեռ դա, եթե հիշենք մեր պաշտոնյաների ամպագոռգոռ հայտարարությունները, Հայաստանի հեռանկարը պետք է լիներ։ Սակայն Հայաստանի զբոսաշրջային ոլորտին վերաբերող ցուցանիշները, մեղմ ասած, տխուր են։ Նախ՝ սկսենք նրանից, որ մեր պետական մարմինները զբոսաշրջությանը վերաբերող վիճակագրությունը հրապարակում են ժամանակաշրջանի ավարտից միայն մեկ ամիս անց, այն էլ՝ եռամսյակը մեկ։ Այսինքն, առաջին եռամսյակում այդ ոլորտում արձանագրված վիճակագրությունը հրապարակվում է միայն մայիսի սկզբին, իսկ առաջին կիսամյակի տվյալները կհրապարակվեն միայն օգոստոսի սկզբին։ Իսկ վրացիները, ինչպես նկատում եք, իրենց ունեցած տվյալները հրապարակել են կիսամյակի ավարտից 3 օր հետո։ Այնպես որ, համադրելի վիճակագրություն, ցավոք, ներկայացնել չենք կարող, բայց դինամիկան, մեղմ ասած, հօգուտ մեզ չէ։ Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9 տոկոսով:
Հիմա մի տրամաբանական հարց՝ ինչու է Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվը աճում այդքան բարձր տեմպերով, իսկ մերը՝ եթե չի նվազում, ապա գոնե աճում է շատ ցածր տեմպերով։ Ախր մենք զբոսաշրջությունը զարգացնելու համար ինչեր ասես, որ չենք արել։ Թվարկենք ընդամենը մի քանիսը ու անցնենք աոաջ։ Այդ մենք ենք 2009 թվականին 225 հազար եվրո վճարել իսպանական ինչ-որ ընկերությունների, որոնք մեկ ժամանոց վավերագրական ֆիլմ են նկարել «Հայաստան՝ Նոյի երկիր» անունով եւ ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում։ Ախր այդ մենք ենք Տաթեւում կառուցել աշխարհի ամենաերկար ճոպանուղին։ Այդ մենք ենք մշակել ու ընդունել «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» ծրագիրը, «Տաթեւը…», «Ջերմուկը… », «ՀՀ զբոսաշրջության զարգացման 2010թ. » ծրագիրը, «ՀՀ զբոսաշրջության զարգացման հայեցակարգը», «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008- 2012թթ. միջոցառումների ծրագիրը»… Նման անվանումներով ծրագրեր, հայեցակարգեր ու ռազմավարություններ ՀՀ կառավարությունը ընդունել է տասնյակներով։ Բայց արի ու տես, որ զարգանում է ոչ թե մեր զբոսաշրջությունը, այլ Վրաստանինը։ Ուրեմն՝ ո՞րն է խնդիրը։ Իհարկե, կարող եք փաստարկել, թե Վրաստանը ծով ունի։ Իհարկե՝ ունի։ Բայց այդ ծովի ջուրը անցած տարի չէ, որ լցրել են։ Կարող եք փաստարկել, որ գուցե Վրաստանի կառավարությունը ոչ թե 225 հազար եվրո, այլ 225 միլիոն եվրո է ծախսել ու հազար հատ մեկ ժամանոց ֆիլմ է նկարել տվել ու հազար անգամ ավելի շատ է «ֆռռցրել» CNN-ի եթերում։ Հզոր փաստարկ է, բայց միայն՝ առաջին հայացքից։ Նման փաստարկ բերելուց առաջ պետք է պարզել, թե քանի հայաստանցի է Վրաստան հանգստանալ գնալու որոշումը կայացրել որեւէ հեռուստատեսությամբ ցուցադրված որեւէ գովազդային ֆիլմի տպավորության տակ։ Գրազ կգամ՝ ոչ ոք։ Պարզապես Վրաստան մեկնած հայաստանցիները գալիս եւ պատմում են, թե որքան հարմարավետ ու էժան է Վրաստանում հանգստանալը եւ վերջ՝ հազար հատ CNN-ի եթերից ավելի վստահելի է։ Եվ դա բավարար է, որ միայն այս տարվա հունիսին Վրաստան այցելած հայաստանցիների թիվը անցած տարվա հունիսի համեմատ աճի 56 տոկոսով:
«Հայկական ժամանակ»