1959 թվականին իտալացի հանրահայտ ռեժիսոր Ռոսելինին փայլուն էկրանավորեց «Գեներալ դելլա Ռովերե» վիպակը։
Պատմությունն այնտեղ շատ պարզ է. 1944 թվականին իտալական հակաֆաշիստական ընդհատակի բանտարկված անդամների մոտ բանտախուց են գցում մի արկածախնդրի, որպեսզի կորզի պարտիզանական գաղտնիքները։ Մարդուն շանտաժի են ենթարկում. եթե հրաժարվես մեզ հետ համագործակցել, կփտես բանտում։
Եվ ահա արիստոկրատ արտաքինով տարեց ալֆոնսը բանտարկված պարտիզանների առջեւ ձեւանում է հրամանատար՝ գեներալ դելլա Ռովերե։ Հետզհետե նա այնքան է տարվում, այնպես մտնում դերի մեջ, որ ինքն էլ է սկսում հավատալ, թե դիմադրության հերոս է։ Ի վերջո, նրան գնդակահարում են, իսկ «գեներալը» պատռում է վերնաշապիկն ու ինչ-որ բան գոչում Իտալիան ֆաշիստներից ազատագրելու մասին։
Այդ ֆենոմենը Հայաստանում դիտարկվում է բավական հաճախ։ Հատկապես քաղաքական դաշտի արմատական հատվածում գեներալ դելլա ռովերեներն ավելի շատ են, քան մոծակները շոգ ու խոնավ եղանակին։
Վերցնենք թեկուզ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին, որը նախօրեին հայտարարեց. «Մենք փորձելու ենք, որ Հանրապետական կուսակցությունից մարդիկ բերենք մեր թեւ, որ նրանք քվեարկեն այնպես, ինչպես մենք ենք քվեարկում։ Մենք այդ խնդիրը փորձելու ենք իրականացնել՝ որքան հնարավոր է կոալիցիայից մարդ պոկել, կոալիցիայում ճաքեր առաջացնել, կոալիցիայի հաշվին նաեւ ուժեղացնել ընդդիմությունը։ Սա մաքուր քաղաքական խնդիր է»։
Այո՜… Ահա թե ինչ կասեմ ձեզ այդ կապակցությամբ, բարեկամներս. մեր գեներալ դելլա Ռովերեն ուզում է վարվել Հանրապետականի հետ արդեն նույնիսկ ոչ թե «մասնատիր եւ իշխիր» սկզբունքով։ Այստեղ այլ բան է։ Դա կոչվում է «մանրացնել, մայոնեզով համեմել եւ ուտել»։
Հետաքրքիր է, հավատո՞ւմ են արդյոք սրանք իրենց ասածին։ Թեպետ, մի՞թե դա կարեւոր է։ Նախկին Հայաստանում գոնե ինչ-որ մեկը լուրջ էր վերաբերվում իր խաղացած դերերին ու արտաբերած խոսքերին։ Այսօր գործնականում բոլորը խաղում են այդ դերերն անասելի հոգնած դերասանների ցինիկ քմծիծաղով, որոնք բոլոր այդ նմանակումներից շատ ավելի կարեւոր գործեր ունեն։ Իսկ նմանակումը համատարած է, հենց դրանում էլ ամփոփված է գլխավոր դրաման։
Իսկական քարոզիչն ու պրոպագանդիստը պիտի ինքը հավատա իր ասածին, քանզի ցինիկ սուտը բավականաչափ չի ոգեւորում լսարանին։ Հիշենք գեներալ դելլա Ռովերեի օրինակը։
Հաջող քարոզչության իսկական բանաձեւը ավելի շուտ երկմաս է. ա) քարոզիչն ինքն է հավատում (անհրաժեշտ պայման), բ) այն, ինչին նա հավատում է, գոնե ինչ-որ առնչություն ունի իրականության հետ (բավարար պայման)։ Եվ ահա երկրորդ պայմանի մասին մեր մրրկահավերը մշտապես մոռանում են։
Ասենք, բոլշեւիկները միշտ էլ սիրել են բոլորին կյանքի դասեր տալ։ Գյուղացիներին՝ թե ինչ եւ ինչպես ցանել։ Բժիշկներին՝ ինչով եւ ում բուժել։ Հղիներին՝ ում եւ երբ ծննդաբերել։ Անգլիացիներին՝ խոսել անգլերեն։ Ալպինիստներին՝ գրոհել բարձունքները։ Խեղդվողներին՝ խեղդվել։ Արեգակին՝ շողալ։ Ով համաձայն չէր, նրանց գնդակահարում էին, այնուհետ հայտարարում քաղաքական պոռնիկներ ու տրոցկիստներ, իսկ հետո նորից գնդակահարում։
Կարծում ենք, աշխարհում ոչ մի մարդ չէր կարող հորինել կոալիցիայում ճաքեր առաջացնելու այդչափ հանճարեղ ծրագիր։ Այսինքն՝ եթե միայն Արամ Մանուկյանը ամենայն լրջությամբ սկսեր պնդել, թե Հանրապետականի պատգամավորները կքվեարկեն ինչպես ՀԱԿ-ը, ապա նրան անմիջապես կփակեին կատաղի հոգեգարների համար նախատեսված մեկուսարանում։
Մի քանի հոգի այդօրինակ ծրագիր կազմել նույնպես չէին կարողանա։ Մի քանիսը ի վիճակի են միայն կռվել, ծայրահեղ դեպքում՝ երգել։ Իսկ բազմաթիվ մարդիկ ոչ մի բան հորինել չեն կարող ընդհանրապես։ Դե, թերեւս միայն գնալ միտինգի։
Հետեւաբար կոալիցիայից «մարդ պոկելու» ծրագիրը ոչ թե մարդկային բանականության արգասիք է, այլ ազդանշան, ուղերձ տիեզերքից։ Որքան երկար ենք մտածում այդ մասին, այնքան ավելի ենք սարսափում։
Փաստորեն այն, ինչ սկզբում սովորական ապուշության տեղ դրեցինք, մեր աչքի առաջ վերածվում է ինչ-որ անորոշ, բայց հզոր ուժի գոյության վկայության, ինչ-որ գերմարդկային բանականության, որը կառավարում է մահկանացուների արարքները։
Եվ ամենազվարճալին։ Ուրիշի մոտ ճաքեր է պատրաստվում առաջացնել մի ուժ, որն ինքը փլուզվում է աչքներիս առաջ։ Չէ՞ որ ՀԱԿ-ում, ինչպես ԽՍՀՄ-ում, հասել են ժողովուրդների չափազանց յուրօրինակ բարեկամության։
Հիշում եմ, այդ բարեկամությունից մի քիչ դուրս էին մնացել հրեաները։ Այլ ժողովուրդները նրանց այնքան էլ չէին սիրում։ Եվ այն հարցին, թե ի՞նչ բան է ժողովուրդների բարեկամությունը, մարդիկ սովորաբար պատասխանում էին այսպես. «Ժողովուրդների բարեկամությունն այն է, երբ ռուս եղբայրը ձեռք ձեռքի է տալիս ուկրաինացի եղբոր հետ, ուկրաինացի եղբայրը՝ հայ եղբոր հետ, հայ եղբայրը՝ բելառուս եղբոր հետ, բելառուս եղբայրը՝ թաթար եղբոր հետ, եւ բոլորը միասին գնում են ծեծելու հրեա եղբորը»։
Այսքանով թերեւս հանգիստ թողնենք հոգեկան խանգարումով տառապող գեներալ դելլա ռովերեներին եւ վերադառնանք նորմալ կյանք։
Չէ՞ որ այն զարմանահրաշ է, տեղ-տեղ նույնիսկ հիասքանչ։ Տեղերն այդ, թեպետ, իմանալ է պետք։
«Հայոց աշխարհ»