Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին մեկ ամսվա ընթացքում PKK-ի սպանած թուրք զինծառայողների թիվը հասավ 38-ի

Հուլիս 04,2012 10:54

Մինչեւ հունիսի վերջերը PKK-ի գրոհայինների հետ բախումներում սպանված թուրք զինծառայողների եւ ոստիկանների թիվը 23 էր: Երեկվա տվյալներով, ինչպես վկայում է «Հաբեր կապիտալ» կայքէջը, այս ցուցանիշն արդեն հասել է 38-ի: Սպանվածների մեջ կան սպաներ, որոնցից առնվազն երկուսը մայոր են:

Թե որքան կշարունակվեն այս արյունալի բախումները, չգիտենք: Սակայն թուրք ղեկավարների տասնամյակների վաղեմություն ունեցող հայտարարությունները, թե «գետնին չի մնա շեհիդների արյունը, Թուրքիան մեծ պետություն է, անպայման հաղթահարելու է ահաբեկչությունը», արդեն թուրք բնակչության շրջանում ընկալվում են իբրեւ անիմաստ եւ դատարկ ձեւակերպում, իսկ քրդերը դա համարում են զինված բախումներում PKK-ի առջեւ թուրքական անվտանգության ուժերի ընկրկման դրսեւորում:

Հատկանշական է, որ մինչ խորհրդարանական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը երկրի քրդաբնակ հարավարեւելյան շրջանների համար պահանջում էր «ժողովրդավարական ինքնուրույնություն», այս կուսակցության առանձին գործիչներ անկախությունը համարում էին ինքնուրույնության վերջնական նպատակ, Թուրքիայի քաղաքական շրջանակներում ընդդիմությունը երկրի մասնատման մասին է խոսում, եւ քրդական հարցում որդեգրած դիրքորոշման համար վարչապետ Էրդողանի կառավարությանը մեղադրում մասնատման արեւմտածին ծրագրերին ծառայելու մեջ:

Ըստ երեւույթին, նպատակին չեն ծառայում երկրում «քրդական ծագումով Թուրքիայի քաղաքացիների իրավահավասարությունը» նոր սահմանադրությամբ ապահովելու, քրդաբնակ շրջանների սոցիալական խնդիրները լուծելու եւ այս շրջանների բարգավաճմանը նպաստելու կառավարության խոստումները: Այսպիսով, հետզհետե խորանում է Թուրքիայում քուրդ ազգաբնակչության եւ թուրքական պետական իշխանության, իսկ քրդաբնակ հարավարեւելյան շրջաններումՙ քրդերի ու թուրքերի միջեւ առաջացած անջրպետը:

75-միլիոնանոց Թուրքիայում քրդերը բնակչության շուրջ 25 տոկոսն են կազմում, սակայն թուրքերի հետ համեմատ նրանք ավելի արագ են աճում: Չհաշված Էրզրումն ու Կարսը, արեւելյան եւ հարավարեւելյան անխտիր բոլոր քաղաքներում նրանք բնակչության թվով գերազանցում են թուրքերին, էլ չենք խոսում գյուղերի եւ գյուղաքաղաքների մասին:

Այլ կերպ, Մեծ եղեռնի տարիներին հայերի բնաջնջումից հետո թուրքերին չի հաջողվել հայապատկան տարածքներում իրականացնել թուրքական կենտրոններ ստեղծելու իրենց վաղեմի երազանքը: Կարծում ենք, ավելորդ չէ հիշեցնել, որ Թուրքիայում առկա քրդական հարցի հիմքը թուրքերի հետ քրդերի հարաբերությունները հավասարակշռող արեւմտահայության գազանային բնաջնջումն է:

Համենայն դեպս PKK-ն ոչ միայն զինված բախումների մեջ է մտնում թուրքական անվտանգության ուժերի հետ եւ սպանում թուրք զինծառայողներին ու ոստիկաններին, այլեւ առեւանգում է կուսակցական գործիչներին: Առեւանգման գլխավոր թիրախը երկրի արեւելքում եւ հարավարեւելքում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության շրջանային վարչության ղեկավարներն են:

Երեկ, ինչպես նշել էր «Դունյա բուլթենի» լրատվական գործակալությունը, PKK-ն առեւանգել է Վանի շրջաններից Գյուրփնարի շրջանային վարչության ղեկավար Հայրուլլահ Թանիշին: Մինչ այդ առեւանգվել էր Լիջեի վարչության ղեկավար Վեյսել Չիչեքը, ապա եւ ազատ արձակվելՙ պայմանով, որ դուրս գա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության շարքերից:

Նույնը կատարվել է անցյալ տարվա հունիսին Հազրոյում: Մինչդեռ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը վերջին 10 տարիներին խորհրդարանական ընտրություններում հաջորդաբար հաղթել եւ միանձնյա իշխանության է եկել երկրում: Այս առեւանգումները յուրատեսակ մարտահրավեր են Թուրքիայի միանձնյա իշխող Էրդողանի կուսակցությանն ու թուրքական կառավարության այսպես կոչված քրդական ամուլ նախաձեռնություններին:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031