Գավառի գեղարվեստի դպրոցում ուսումնական տարվա ավարտն ազդարարվեց ցուցահանդեսի բացումով: Ցուցահանդեսում ներկայացված էին դպրոցի բոլոր սաների ձեռքի աշխատանքներն ու շրջանավարտների ավարտական գործերը: Ներկայացված աշխատանքներից հանձնաժողովի ուշադրությունը առավել գրավեցին ներկայացված կոլաժներն ու մանրանկարները:
Ցուցահանդեսի ժամանակ դպրոցի 8 շրջանավարտներ ստացան ավարտական վկայական:
Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրեն Գայանե Սանոսյանը, գեղանկարչության բաժնում սաները սովորել են 4 տարի: Շրջանավարտներից երկուսը շարունակելու են իրենց ուսումը մայրաքաղաքի գեղարվեստի ուսումնարաններում:
Գավառի գեղարվեստի դպրոցն ունի 35-ամյա կենսագրություն եւ ստեղծման օրվանից արվեստի ուղիներն է բացել մեծաթիվ շրջանավարտների ու արվեստասերների առաջ:
Կարդացեք նաև
Դպրոցում սովորում է 43 աշակերտ` 5 դասարանով: Գեղարվեստի դպրոցն այս տարի ուներ երկու առաջին դասարան` 15 աշակերտով: Գավառի մշակութային կյանքում իր ամուր արմատներն ու նշանակալի դերն ունեցող դպրոցում ուսման վարձը բավականաչափ մատչելի է՝ կազմելով ամսական 1200 դրամ:
Մշակութային զարթոնքի հետ միասին` դպրոցը վատ շենքային պայմաններ ունի, կարիք կա նաեւ տանիքի փոփոխման: Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչը ցուցահանդեսի ժամանակ հայտնեց, որ առաջիկայում կմեկնարկի դպրոցի հիմնանորոգումը:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ