Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսը պահանջում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` «Հարսնաքարի» դեպքերը քննելու համար

Հուլիս 03,2012 22:40

Այսօր կայացել է Հայ ազգային Կոնգրեսի խմբակցության նիստ, որում քննարկվել են «Հարսնաքարի» դեպքերի հետեւանքով ստեղծված վիճակը եւ այդ կապակցությամբ կատարվելիք քայլերը, որոնք համահունչ կլինեն հասարակական ընդվզմանը:

Նիստում որոշվել է նախաձեռնել արտահերթ նստաշրջան` դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:

Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ խմբակցություններին առաջարկվել է վաղը Հայաստան ժամանող Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին մեկական գրավոր հարցում ներկայացնել, նիստում որոշվել է դիմել պարոն վան Ռոմպոյին հետեւյալ հարցով.

«Հարգելի պարոն վան Ռոմպոյ.

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անունից ողջունում եմ Ձեր այցելությունը Հայաստան: Հայ ազգային կոնգրեսը կարեւորում է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությունը` հանուն ժողովորդավարական արժեքների:

Հարգելի պարոն նախագահ.

Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծված է այն քաղաքական ուժերի դաշինքի հիման վրա, որոնք 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ սատարեցին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: 2008 մարտի 1-ին իշխանությունները դիմեցին ուժի կիրառմանը, նպատակ ունենալով բռնությամբ ցրելու ընտրությունների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցուցի դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց: Իշխանությունների կողմից հրազենի կիրառման հետեւանքով զոհվեց 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Եվրոպական Միությունը դեպքերից անմիջապես հետո, 2008 թվականի մարտի 4-ին եւ 12-ին, հայտարարություններ արեց, պահանջելով սպանությունների անաչառ քննություն: Սակայն մինչեւ օրս, դեպքերից ավելի քան չորս տարի հետո, մարտիմեկյան սպանությունները բացահայտված չեն, որեւէ մեկին սպանությունների առնչությամբ մեղադրանք չի առաջադրված:

Արդյո՞ք Եվրոպական միությունը մտադիր է հետեւողականորեն պահանջել վերը նշված հայտարարություններում, ինչպես նաեւ Եվրոպական Միության այլ փաստաթղթերում առաջադրված պահանջների կատարումը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու վերաբերյալ:

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար»

(Կից ներկայացնում ենք խմբակցության նիստի ժամանակ ընդունված որոշման հետ կապված հայտարարությունը եւ օրինագիծը)

ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով, որ 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք եւ ինքնաբուխ զանգվածային ակցիաներ,

Նկատի ունենալով, որ ԱԺ կողմից արագ եւ համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների ապահովմանը,

Նկատի ունենալով, որ դեպքերի կապակցությամբ շոշափվում է ԱԺ պատգամավորի մասնակցության եւ պատասխանատվության հարցը, հաշվի առնելով, որ դեպքերի ոչ համարժեք եւ թերի քրեաիրավական գնահատականը կարող է բացասական ազդել Հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա, առաջարկում ենք հուլիսի 9-ին ժամը 12-ին հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով:

 

Հայ ազգային Կոնգրես խմբակցություն

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ

2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների մասին Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար:

2. Հանձնաժողովի խնդիրն է 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրությունը`

ա) կարտարված հանցագործությունների իրական հանգամանեների պարզելը

բ) դեպքին մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելը

գ) «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա թիկնազորի անդամների` նշված դեպքերին ունեցած առնչությունը պարզելը

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

ա) հարցումներով դիմելու ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը, Հատուկ քննչական ծառայությանը, Ազգային անվտանգության ծառայությանը` որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ.

բ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրելու պաշտոնատար անձանց, փորձագետների եւ մասնագետների նրանցից պարզաբանումներ ստանալու` Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ.

գ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրելու քաղաքացիների, այդ թվում վկաներին եւ տուժողներին, լսել նրանց բացատրությունները

դ) դատախազի թույլտվությամբ ծանոթանալ հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի նյութերին

ե) իր աշխատանքներում ներգրավելու համապատասխան մասնագետների եւ փորձագետների.

4. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց եւ ստանալ բացատրություններ:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ պատգամավոր` դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:

6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված  պատգամավորների թեկնածուներին Ազգային ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որը բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:

8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին: Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին:

9. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

10. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2012 թվականի սեպտեմբերի 20-ը զեկուցում է Ազգային      ժողովի նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին:

04.07.2012թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել