Ինչպես հայտնի է` Ռուբեն Հայրապետյանը Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով` թիվ 1 ընտրատարածքից, որն ընդգրկում էր Երեւանի Ավան համայնքը: Այսօր նա հայտարարեց, որ վայր է դնում իր մանդատը: Համաձայն Ընտրական օրենսգրքի` այժմ նա պետք է իր դիմումը` մանդատից հրաժարվելու վերաբերյալ ուղարկի ԱԺ նախագահին: ԱԺ նախագահը դիմումը պետք է ընթերցի ԱԺ առաջիկա նիստում, եւ եթե նիստից հետո 15 օրվա ընթացքում նա ետ չվերցնի իր դիմումը եւ կրկին դիմի, ապա դիմումը կհամարվի ընդունված, մանդատը` վայր դրված: (Նկատենք, որ ԱԺ-ն այս նստաշրջանում ընդամենը երկու նիստ ունի անցկացնելու` մեկ հերթական եւ մեկ արտահերթ, ապա արձակուրդ է գնալու: Այնպես որ` եթե Հայրապետյանը իր դիմումը չշտապի ուղարկել Հովիկ Աբրահամյանին, ապա քննարկումը կարող է տեղափոխվել աշնանային նստաշրջան):
Դիմումն ընդունվելուց հետո, կրկին համաձայն Ընտրական օրենսգրքի, 80- օրյա ժամկետում պետք է այդ ընտրատարածքում անցկացվեն նոր ընտրություններ: Քանի որ մայիսի 6 -ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանից հետո ամենաշատ ձայները հավաքել էր «Ժառանգությունը» ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը, «Առավոտը» պարոն Սաֆարյանից հետաքրքրվեց` նոր ընտրությունների պարագայում արդյո՞ք նա կդնի իր թեկնածությունը:
Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Հստակ որոշման մասին կարելի կլինի խոսել , երբ հրաժարականն ընդունվի ընթացակարգի համաձայն: Ապա պետք է լուրջ քննարկեմ: Չեմ կարող բացառել առնվազն: Բայց առաջադրվելու մասին որոշման մասին կարծում եմ կարելի կլինի խոսել առաջիկայում: Սակայն միանշանակ է, որ այդ հարցին անդրադարձ կարող է լինել միայն Վահե Ավետյանի մահվան 7-րդ օրվանից հետո»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ