Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ակամայից հաստատեց, որ Վարդան Օսկանյանի վրա գործադրվող «ճնշումները» քաղաքական դրդապատճառ ունեն: Պատգամավորի խոսքերով՝ «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ի կողմից առաջադրված այդ մեղադրանքները պետք է շարունակվեն իրավապահ մարմինների իրենց ընթացակարգերով, առաջ գնան, եւ արդեն մենք գնահատականներ կտանք: Պետք է մենք կարողանանք տեսնել, թե առաջադրված մեղադրանքի հիմքը կա՞, թե՞ չկա: Նույնիսկ Վրաստանում, տեսեք, մեղադրանք առաջադրել են եւ կալանավորել են կամ հետախուզում են հայտարարել, ես ասացի, որ չեմ բացառում, որ կա այդ հիմքը, եւ մենք պետք է սպասենք դատական վճիռներին: Նույնը ես կարող եմ այստեղ ասել»: Երբ մենք հարցրեցինք՝ ինչո՞ւ նախկինում նման մեղադրանք չէր առաջադրվում, ինչո՞ւ այս քննադատական ելույթներից հետո՝ պարոն Թորոսյանը պատասխանեց. «Գիտեք, քաղաքականությաւն է: Դա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունն ամենատարբեր դրսեւորումներն ունի»: Այս անկեղծությունից հետո մեր դիտարկմանը, որ`փաստորեն, ընդունեցիք՝ քաղաքականության մատն է այստեղ խառը եւ ոչ թե իրավական հարցեր են, նա պատասխանեց. «Ես չեմ կարող դա ասել, անկեղծ ասած՝ ամեն ինչ հնարավոր է: Բայց եթե ԱԱԾ-ի մեղադրանք ՝ ինչի՞ մասին է խոսքը»:
Խոսելով 5-րդ գումարման ԱԺ-ի քննարկումներից ստացած իր տպավորություններից՝ Շիրակ Թորոսյանը նշեց. «Խորհրդարանի գրագետ ընդդիմությունը էականորեն նպաստում է խորհրդարանի արդյունավետ աշխատանքին»: Մենք հետաքրքրվեցինք՝ այդ ընդդիմության մեջ ԲՀԿ-ին է՞լ եք դասում՝ նա պատասխանեց. «Իրականում մենք ունենք բազմաշերտ եւ գրագետ ընդդիմություն՝ ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ «Ժառանգությունը», ե՛ւ Դաշնակցությունը իմ նշած այդ չափանիշի մեջ տեղավորվում են: ԲՀԿ-ն, ինչպես ինքը հայտարարել է, գործում է կառուցողական դաշտում: Որոշ հարցերի դեմ են քվեարկում, որոշ հարցերի կողմ են քվեարկում, դա արդեն որոշում են իրենք: Մասնավորապես, կառավարության ծրագրին նրանք դեմ քվեարկեցին»:
Մեր մյուս հարցին` նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք, պարոն Թորոսյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Ես չեմ կարող առաջ անցնելով՝ ասել: Ամեն ինչ հնարավոր է՝ կարող են ե՛ւ համագործակցել, ե՛ւ չհամագործակցել: Դա նույնիսկ, կարծում եմ, դեռ իրենք չեն որոշել, ուր մնաց, որ ես ենթադրությունն եր անեմ»: Իսկ այն հարցին, թե` ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալն ինչպե՞ս եք մեկնաբանում՝ վարչապետի պաշտոնի համա՞ր էր՝ պատգամավորը պատասխանեց. «Դա իրենց որոշելիքն է, նրանք բացահայտ հայտարարել են, որ կառավարության կազմում եւ գործունեության վերաբերյալ իրենց տեսլականն այլ է եւ չի համապատասխանում»: Ճշտող հարցին` թե՞ պատասխանատվությունից խուսափելու խնդիր կար, Շիրակ Թորոսյանն այսպես արձագանքեց՝«Նրանք չեն խուսափել պատասխանատվություն կիսելուց, ժամանակին մտել են կոալիցիա, հետեւաբար, կարծում եմ, որ պատկերացումների ընդհանրությունը չկար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև