«Թուրքական ռազմական օդանավը հայտնվել էր Սիրիայի օդային տարածքի այն հատվածում, որը նախկինում երեք անգամ օգտագործվել էր Իսրայելի օդանավերի կողմից»
«Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զղջում է այն բանի համար, որ իրեն հավատարիմ ուժերը խփել են թուրքական ռազմական օդանավը»:
Այս հայտարարությամբ է հանդես եկել թուրքական մամուլը՝ վկայակոչելով Ասադի կողմից երեքշաբթի օրն արված մեկնաբանությունները, որոն համաձայն թուրքական ռազմական օդանավը հայտնվել էր Սիրիայի օդային տարածքի այն հատվածում, որը նախկինում երեք անգամ օգտագործվել էր Իսրայելի ինքնաթիռների կողմից:
Ասադը, բացի դրանից, հերքել է Թուրքիայի և Սիրիայի միջև առկա իրավիճակի բարդացման հնարավորությունը՝ ասելով, որ ներկայիս իրավիճակը չի վերածվելու «զինված հակամարտության»:
Այս ընթացքում «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել, որտեղ Սիրայի կառավարությունը մեղադրվում է ամբողջ երկրում սփռված ազատազրկման 27 հաստատությունում գտնվող բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների իրականացման և վատ վերաբերմունքի մեջ:
Կարդացեք նաև
Իրավապաշտպան այս կազմակերպության համաձայն, նախկին բանտարկյալների հետ անցկացված հարցազրույցներում վերջիններս նկարագրել են իրենց կամ այլ բանտարկյալների դաժան ծեծի ենթարկելու, մարմնի ծայրահեղ անհարմար դիրք ստիպողաբար ընդունելու, էլեկտրականություն, սեռական բնույթի բռնություններ և կեղծ մահապատիժ կիրառելու դեպքերը: Նրանք հայտնել են նաև բանտարկյալներին գերբնակեցված խցերում պահելու և համապատասխան սնունդ և բժշկական սպասարկում չտրամադրելու մասին:
Իրավապաշտպանների զեկույցում նշված է, որ խոշտանգումների կենտրոնները գտնվում են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, ինչպես նաև Հոմս, Իդլիբ, Հալեպ, Դերաա և Լաթաքիա քաղաքներում:
«Human Rights Watch»-ի համաձայն, նման վերաբերմունքը մարդկության դեմ հանցագործություն է: Կազմակերպությունը հորդորել է Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդին Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ դիմել Միջազգային քրեական դատարան:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»