Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի քանի բակեր:
Գրիբոյեդովի 11 շենքի բակը, որը տասնյակ տարիներ մնացել էր անխնամ, այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Դեռ ապրիլյան շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել էր նաև այս բակի բարեկարգամն աշխատանքների ընթացքին ու դեռ այն ժամանակ խոստացել էր բնակիչներին անձամբ մասնակցել բակի հանդիսավոր բացմանը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին բնակիչների հավաստմամբ իսկապես սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց խորին երախտագիտությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետն էլ իր հերթին շնորհավորելով բնակիչներին հորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել բակը, հավելելով, որ բակերի բարեկարգման քաղաքային ծրագիրը լինելու է շարունակական:
<<Քաղաքապետարանը ամենօրյա աշխատանք է տանում բակերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի օր առաջ դրանք հանձնի մեր բնակիչների տնօրինմանը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ոչ մեկ օրվա և ոչ էլ մեկ տարվա աշխատանք է, բայց կարևորը դրա մեկնարկը տալն էր, ինչը արել ենք ու շարունակելու ենք մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգենք ու հանձնենք մեր բնակիչներին: Բացի այդ, այսօր նաև չեղյալ ենք համարում քաղաքաշինական փաստաթղթերը, որոնք ժամանակին տրվել էին բակային տարածքներում կառուցապատում իրականացնելու նպատակով: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. բակերը բացառապես պետք է ծառայեն բնակիչներին: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ բակերի հաշվին որևէ կառուցապատում չի իրականացվի և բակերը կծառայեն բացառապես մեր երեխաներին և բնակիչներին:>>,- շեշտել է Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
Շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Կոմիտասի 7, 9 և Ավետիսյան 67 շենքերի բակերում կառուցված նոր խաղահրապարակներ ու բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքը, հանդիսավորությամբ բացել է նորաստեղծ հանգստի այդ գոտիները: Այս բակերում ևս բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի համար: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ ու մարզական սարքեր:
Հատկանշական է, որ Արաբկիր վարչական շրջանում շահագործման հանձնված այս բակերը ևս կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում: Նորակառույց բակային տարածքներում, որպես պարտադիր պայման առանձնակի ուշադրություն է դարձվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաև ոռոգման նոր համակարգով:
Երևանի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում դեռ տարեսկզբից մայրաքաղաքում լայն թափով մեկնարկեցին նաև շատրվանների վերականգնման աշխատանքները: Ծրագրի շրջանակում բարեկարգվել է նաև Կոմիտաս-Փափազյան խաչմերուկին հարակից հատվածում տեղադրված շատրվանը:
Շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է նաև այդ շատրվանի գործարկաման ուղղությամբ տարված աշխատանքը: Շատրվանին հարակից շենքերի տարեց բնակիչների այդ վայրում փոքրիկ զրուցարան ունենալու խնդրանքին ի պատասխան քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ապահովել զրուցարանի տեղադրումը, որտեղ էլ բնակիչները կկազմկերպեն իրենց ամենօրյա հանգիստը:
Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ: Գոհունակություն հայտնելով վարչական շրջանի աշխատակազմից` կատարած ու իրականացվող լայնածավալ աշխատանքների համար, քաղաքապետն այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել գրանցած արդյունքներով ու շարունակել աշխատել նույն ոգով` նպատակ ունենալով օր առաջ լուծել ծառացած բոլոր խնդիրները: <<Ձեր աշխատանքը իսկապես գնահատելի է: Հատկապես հաշվի առնելով այն կարճ ժամանակահատվածը, որ հաջորդել է մեր նախորդ հանդիպմանը, իրոք մեծ ծավալի աշխատանք եք կատարել: Սա հենց այն թիմային ոգին է, որը մշտապես խրախուսվել և խրախուսվելու է իմ կողմից:>>, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն