Շարունակվում են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերը ՀՀ մարզերում:
Հուլիսի 2-ին փառատոնի մասնակից չորս պարախմբեր մեկնեցին Լոռու մարզ:
Սպիտակ քաղաքում նրանց դիմավորեցին քաղաքապետ Գագիկ Սահակյանը և քաղաքապետարանի աշխատակիցները: Պարախմբերն այցելեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ համերգ:
Կարդացեք նաև
Հանդես եկան Ռումինիայի Բուխարեստ քաղաքի հայկական միության §Վարդավառ¦ պարախումբը, Իրանի Սպահան քաղաքի §Արարատ¦ մշակութային միության §Կռունկ¦ համույթը, Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի §Նաիրի¦ պարախումբը, Վրաստանի Ախալքալաքի շրջանի մշակույթի կենտրոնի §Վաչյան¦ համույթը: Համերգը վարում էր Վանաձորի §Մաշտոց¦ հանդեսի խմբագիր, դերասան Իվան Անտոնյանը: Համերգն անցավ Վանաձորի ոգևորված հանդիսատեսի ջերմ ծափողջույնների ուղեկցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին, Սփյուռքից ժամանած պարախմբերին և նրանց ղեկավարներին, բոլոր նրանց, ովքեր Վանաձորի արվեստասեր հասարակությանը հնարավորություն ընձեռեցին նորովի հաղորդակցվելու հայ պարարվեստի ոգեղեն զորությանը: Արսեն Դարբինյանը պարախմբերին հանձնեց Լոռու մարզպետարանի շնորհակալագրեր:
Ներկաներին և հյուրերին ողջունեցին նաև դրամատուրգ-երգիծաբան, մարզպետարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Խալաթյանը և մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռեվազյանը:
Վանաձորում կայացած համերգը վկայեց, որ հայապահպանությունը, հայ պարարվեստը Սփյուռքում հուսալի ձեռքերում է:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ