Մի քանի օր առաջ Գյումրու տարբեր ոլորտի մասնագետներ, հավաքվելով «Ստիլ» պատկերասրահում, քննարկում էին այն հարցը, թե սեպտեմբերի 9-ին ավագանու անդամ ընտրվելու դեպքում ինչպե՞ս փրկեն Գյումրին կործանումից: Նրանցից մեկը` սոցծառայության նախկին պետ Աստղիկ Փահլևանյանն առաջարկեց հետևել Իսրայելի, Հնդկաստանի ճգնաժամից դուրս գալու մոդելին ու «Գյումրի բրենդ» ստեղծել: «Այս քաղաքում գերխնդիրը աշխատատեղեր ստեղծելն է, Իսրայելը, Հնդկաստանը ճգնաժամից դուրս եկան հետևյալ մոդելով`մի համայնք, մի արտադրություն, այսինքն պիտի մասնագիտանանք, Գյումրին 20-ական թվականներից հետո թողեց մեծ աշխատուժ, թեկուզև 100 հոգու համար պետք է աշխատատեղեր բացենք, փնտրենք մերը ու սինթեզենք տեխնոլոգիաների հետ», -ասաց այս տիկինը: Մեկ ուրիշն էլ` նորաձևությամբ զբաղվող Կարինե Մկրտչյանը, սեփական փորձից ելնելով, կարծիք հայտնեց, որ արտադրելը հեշտ է, իրացնելն է դժվար, հետևաբար և ուղիներ պիտի փնտրվի, օրինակ ասենք` մշակվի առցանց վաճառքի տարբերակ ու օգտագործվի քույր քաղաքների հնարավորությունները: Հնչեցին նաև կարծիքներ այն մասին, որ «Գյումրի բրենդ»-ը պիտի քարոզվի դրսերում, քաղաքապետարանը ևս պետք է բաժնեմաս ունենա այդ բրենդից, որպեսզի կարողանա օգնել այն մարդկանց, ովքեր մեղմ ասած խեղճ են ու չեն կարող իրացնել իրենց գործերը: Իսկ թե ո՞ր ոլորտում պիտի մասնագիտանա Գյումրին, դեռևս հստակեցված չէ: Այս ամբողջ քննարկումից հետաքրքիրն այն էր, որ երբ խոսք գնաց գերմանական փորձը Գյումրի տեղափոխելու մասին, այսինքն առաջարկվեց մի կողմից երիտասարդ ընտանիքներին վարկ տրամադրել բնակարան ձեռք բերելու համար, մյուս կողմից էլ նրանց ընդգրկել բնակարանաշինարարության մեջ որպես աշխատուժ ու վճարել, ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը նստած տեղից բացականչեց. «Ի՞նչ գերմանական փորձից եք խոսում, դա առաջին անգամ հենց Գյումրիում է կիրառվել, գյումրվա փորձն է Գերմանիայում ներդրվել, 1949 թվականին Գյումրու Նորավան թաղամասի բոլոր շենքերը հենց այդպես են կառուցվել»: Ի դեպ, նշենք, որ ԱՄՆ-ում բնակվող բազմաթիվ գյումրեցիների համոզմամբ էլ, Լաս-Վեգասի «Բելաժո» հյուրանոցային համալիրի երգող շատրվանները ևս Գյումրիից է ընդօրինակված: «Որ երկրաշարժից առաջ Գյումրու Մանուշյան փողոցում` պոլիտեխնիկական ինստիտուտի հին շենքի մոտ, ֆանտանները երեկոյան ժամին երգում էին, ամերիկացիներն ու՞ր էին», -մեզ հետ զրույցում հպարտորեն հարցնում էր ամերիկաբնակ գյումրեցիներից մեկը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ