«Աքիլլես» ՀԿ նախագահն առաջիկայում դիմելու է ՀՀ վարչապետին
Օրեր առաջ մի շարք հասարակական կազմակերպություններ միասնական հաղորդագրություն էին տարածել, hայտարարելով, որ պատրաստվում են հետևողական պայքար մղել քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու ուղղությամբ:
Հայտարարությամբ հանդես եկած կազմակերպությունների թվում էր նաև վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ն:
«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ կազմակերպությանը հատկապես հուզում է տեխնիկական անսարքություններով, կոտրված նստարաններով երթուղային տաքսիների խնդիրը: Գոյություն ունի կառավարության որոշում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, համաձայն որոնց երթուղային տաքսիները պարտադիր պետք է տեխզննում անցնեն:
Կարդացեք նաև
«Մեքենաները տարվա մեջ երկու անգամ պետք է տեխզննում անցնեն: Բայց Հայաստանում հարց է՝ տարվա մեջ մեկ անգամ անցնու՞մ են, թե ոչ»:
Է. Հովհաննիսյանի խոսքով, եթե տեխզննումը կատարվում էլ է, ապա խախտումներով:
«Վեց ամիսը մեկ երթուղայինը պետք է տեխզննում անցնի, բայց դեռ վեց ամիսը չլրացած՝ երկու կտրոնն արդեն փակցված է մեքենայի վրա: Գլխից գումարը տալիս են երկու անգամ տեխզննում անցնելու կտրոնը միանգամից վերցնում»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Է. Հովհաննիսյանը:
Երթուղային տաքսիների տեխնիկական անսարքության, դրանց տեխզննման հետ կախված խնդիրներով «Աքիլլես» ՀԿ նախագահն առաջիկայում դիմելու է ՀՀ վարչապետին: