Կազանում ոստիկանությունը վնասազերծեց 68-ամյա թոշակառու կնոջը, որը պատանդ էր վերցրել նոտարական գրասենյակի աշխատակիցներին եւ հաճախորդներին: Այս կերպ նա իր դժգոհությունն էր փորձել արտահայտել նոտարի գործողությունների հանդեպ՝ ժառանգության գործի հետ կապված:
Թաթարստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի մասին տեղեկությունը ոստիկանությունը ստացել է այսօր առավոտյան ժամը 11.30-ին: Ատրճանակով զինված կինը մտել էր նոտարական գրասենյակ եւ սպառնացել պայթեցնել ինչ-որ սարք:
Տեղանքը ոստիկանությունը օղակի մեջ էր առել, մոտակա շենքերի բնակիչները տարհանվել էին: Ոստիկանները բանակցությունների մեջ էին մտել թոշակառուի հետ, որը ատրճանակը այդ ողջ ընթացքում պահում էր նոտարական գրասենյակի աշխատակցուհիներից մեկի քունքին:
Երբ մի պահ տիկնոջ ուշադրությունը շեղվել է՝ նրան վնասազերծել եւ ձերբակալել են: Պարզվել է, որ կնոջ գոտկատեղից կախված պայթուցիկ սարքավորումն ընդամենը մուլյաժ էր, իսկ ատրճանակը, որը նա օգտագործել էր հարձակման պահին, լիցքավորված էր գազային փամփուշտներով:
Թոշակառուն այս ծայրահեղությանը դիմել էր այն բանից հետո, երբ մի քանի անգամ նոտարական գրասենյակից պահանջել էր վերանայել իր ազգականների ժառանգության մեջ փայաբաժինների հարցը: ՆԳՆ-ից հայտնել են, որ կինը դիմել էր մի քանի տարբեր ատյաններ, սակայն դրանց կայացրած որոշումները նրան չէին բավարարել: