Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեստոյի» աշխատակցի համար դատախազը 1,5 տարի է պահանջում

Հուլիս 03,2012 16:04

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության օպեր-լիազոր Մուրադ Բաղդասարյանի եւ ոչ մի տեղ չաշխատող Տիգրան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:

Մեղադրող Աշոտ Նադոյանը գործով ձեռք բերված ապացույցները, ամբաստանյալներին մեղսագրված արարքը համարեց հիմնավորված եւ միջնորդեց, որպեսզի 7 տարվա ազատազրկման դատապարտվի Տիգրան Հակոբյանը եւ 1,5 տարվա ազատազրկման էլ՝ Մուրադ Բաղդասարյանը:

25 րոպե տեւած մեղադրական ճառում Աշոտ Նադոյանը անդրադարձավ սույն քրեական գործին, Հակոբյանի կողմից տուժողներ, կոլեկցիոներ Գեորգի Պետրոսյանից 23 000 դոլարին համարժեք գումար, ոսկերիչ Լեւոն Եգանյանից 16 000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, հարեւանուհի Սեդա Պողոսյանից 8000 եվրո, ծանոթ Անահիտ Խաչատրյանից 2500 դոլար եւ 20 000 ՀՀ դրամ՝ առանձնապես խոշոր չափի գումար խարդախությամբ տիրանալու դրվագներին:

Հետախուզման մեջ գտնվող Տիգրան Հակոբյանի մոտից հայտնաբերվել էր նաեւ «դիազեպամ» հոգեմետ դեղամիջոցը:

Ոստիկանության ԿՀԴՊ վարչության օպեր-լիազոր Մուրադ Բաղդասարյանի համար էլ մեղադրողը ասաց, որ որոշակի դերակատարում է ունեցել Տիգրան Հակոբյանին հովանավորելու հարցում, իմանալով , որ հետախուզման մեջ է գտնվում, թաքցրել է եւ իր խորհուրդներով աջակցել է նրան:

Ուշադրության արժանի էր մեղադրողի կողմից ձեռքբերված ապացույցների հրապարկումը. հայտնաբերվել էր 2 հեռախոսային քարտ, որոնք վերծանել հնարավոր չի եղել, հիշողության քարտը ջնջված էր, սակայն դա ճանաչվել էր իրեղեն ապացույց:

Մեղադրողի ճառից պարզ դարձավ, որ ըստ էության գաղտնալսվել է ԿՀԴՊ օպեր-լիազորը, իսկ մի նախադասությունն էլ, որը վերծանվել էր, այսպիսին էր. «Հալալ ա էդ տղուն, պարտքերը թողեց վրաս ու թռավ»:

Տուժող Գեորգի Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սաֆարյանը հանդես եկավ միջնորդությամբ: 35 րոպե տեւեց այդ միջնորդության հրապարակումը: Փաստաբանը խնդրում էր, որպեսզի մեղադրողը հատուկ քննչական ծառայության քննիչ Հարությունյանի՝ այս տարվա փետրվարի 9-ի որոշումը վերացնի, եւ մեղադրանք առաջադրի Մուրադ Բաղդասարյանին՝ «Տիգրանի հետ խարդախության համագործակցության » համար:

Մեղադրողը գտավ, որ տուժողի ներկայացուցչի միջնորդությունը ժամկետանց է, եւ նաեւ հայտնեց, որ նախաքննության ժամանակ տուժողին հայտնվել է նրա իրավունքները, իսկ տուժող Գ.Պետրոսյանը չի ցանկացել ծանոթանալ գործի նյութերին:

Մեղադրողը նկատեց, որ տուժողի հրաժարումը ծանոթանալ գործի նյութերին, չի նշանակում, թե նրա իրավունքները խախտված են:

Պաշտպանական կողմը առարկեց այս միջնորդության դեմ ոչ միայն ժամկետանց լինելու, այլ դատարանի ոչ պատշաճ լինելու համար:

Ավելին՝ նկատեց, որ մեղադրանքի ծավալ փոխելու հարց է բարձրացվում, ինչն այս դատարանը չի կարող անել:

Հաջորդ դատական նիստում՝ հուլիսի 13-ին,  հանդես կգա տուժողի ներկայացուցիչը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031