Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ Չուգասզյանին չեն հրավիրել գիտաժողովի

Հուլիս 03,2012 15:38

Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու շրջանակում, այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է  «Գուտենբերգից մինչև ինտերնետ. անավարտ պատմություն գրադարանների համար» խորագրով միջազգային գիտաժողովը, որտեղ պիտի խոսվի  տպագիր գրքից մինչեւ նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանը գրքի անցած ճանապարհի մասին, նախատեսված է նաեւ թղթային եւ էլեկտրոնային գրադարանների առանձնահատկությունների եւ համադրության մասին քննարկում:

Գիտաժողովին, որի ողջ ծախսերը հոգում է հայկական կողմը, հրավիրված է շուրջ  60 մասնագետ տարբեր երկրներից,  10 էլեկտրոնային հայտնի հրատարակչություններ ներկայացնելու են իրենց արտադրանքը: Մասնակիցներին տանելու են Մատենադարան, եւ ինչպես մնացած դեպքերում՝ նաեւ Գառնի, Գեղարդ: Զարմանալի է, որ մասնակիցների մեջ չկա Հայաստանը ներկայացնող որեւէ զեկուցող, այն դեպքում, երբ գիտաժողովի ողջ ծախսերը հոգում է մեր երկիրը, մինչդեռ  Երեւանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաքի կարգավիճակը «պարտադրում» է, որ մասնակիցներն իրենց ծախսերով ժամանեն մեր երկիր:

Aravot.am-ը «Էլեկտրոնային բովանդակություն» ասոցիացիայի տնօրեն Գարեգին Չուգասզյանից հետաքրքրվեց, մի՞թե հրավիրված չի եղել գիտաժողովին, մանավանդ՝ ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ինքը պետք է ներկայացներ հայկական էլեկտրոնային բովանդակությունը: Պարոն Չուգասզյանն ասաց, որ որեւէ հրավեր չի ստացել, տեղյակ չէ ծրագրին, բայց անպայման կգնար, եթե գերծանրաբեռնված չլիներ: «Ուղղակի զուգահեռված պրոբլեմներն այնքան շատ են, որ չեմ հասցնում մասնակցել այն ամենին, ինչը մասնագիտական է: Հրավեր չունեի, իհարկե, բայց կգնայի առանց հրավեր»,-հավելեց նա:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ով միակն է Հայաստանից, որ գիտաժողովի բացմանը արտահատվել է «Համագործակցություն EIFLի հետ. Կրթության եւ հետազոտության համար Հայաստանի ազգային տեղեկատվական պահոցի ստեղծում: Հաջողության ուղի» թեմայով, տարօրինակ չի համարում, որ միայն ինքն է զեկուցում ունեցել: Փորձում է «մխիթարել», թե նախատեսված է զուգահեռ նիստ՝ unconference, որտեղ բոլորը կարող են ելույթ ունենալ եւ մասնակցել քննարկումներին: «Պլենար զեկուցում միայն ես եմ արել, եւ երեւի հերիք է, որ ազգային գրադարանի տնօրենը լրիվ Հայաստանի պատկերը ներկայացնիիսկ  մնացածը կարող են հանգիստ շփվել «կլոր սեղանների» ու քննարկումների ժամանակ»,-ասաց Տ. Զարգարյանը:

Ի դեպ, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ, պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի կողմից միայն Տիգրան Զարգարյանը զեկուցումով հանդես գալիս, շատ հանգիստ պատասխանել էր.  «Նա գրադարանային ոլորտի գլխավոր մարդն է, իսկ մյուս գրադարանների ներկայացուցիչները մասնակցելու են քննարկմանը, քանի որ զեկուցումներով հանդես գալ բոլորը չեն կարող»:

Հավելենք, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ անցկացվում էր գիտաժողովը, «տեղակայված» է Հայ մատենագրության թվանշային գրադարանը, որը ապահովել է համացանցում հայ գրավոր մշակույթի առկայությունը եւ սկիզբ դրել հայագիտական աշխատանքներին նորագույն տեղեկատվական ու համակարգչային տեխնոլոգիաներով օգնելուն, նպաստել այդ հետազոտությունները որակական նոր աստիճանի բարձրացնելուն: Նշենք, որ այն նույնպես հրավիրված չէր գիտաժողովին, որը ասես ընդհատակյա բնույթ ուներ, քանի որ դրա մասին հանրությունը տեղեկացվել է վերջին պահին:

Իսկ թե ինչքան գումար է ծախսվել պետության «գրպանից» գիտաժողովի անցկացման համար՝ մշակույթի նախարարության լրատվականից եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք նախագծի գրասենյակից դժվարացան պատասխանել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031