Այսօր «Նովոստի Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայ և ռուս փորձագետները խոսեցին Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների՝ Երևանի և Մոսկվայի համար բերած մարտահրավերների մասին:
ՌԳԱ Արևելագիտության ինստիտւտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Սաժինը, խոսելով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նկատեց. «Եգիպտոսի նորընտիր նախագահը՝ Մուրսին, լավ քաղաքական գործիչ է, սակայն հայտնի է, որ կան հակասություններ նրա և զինվորականների միջև: Վերլուծելով նրա վարած քաղաքականությունը՝ կարելի է նկատել, որ նա փորձում է ինքնուրույնություն դրսևորել. չի սպասել այն պահին, երբ զինվորական վերնախավը նրան թույլ կտա գալ իշխանության: Սակայն ես ուրախալի ապագա չեմ կանխատեսում Եգիպտոսի համար: Կարծում եմ՝ մինչև վերջին պահը զինվորական վերնախավը վայր չի դնելու զենքերը Եգիպտոսում: Այնտեղ այսպես կոչված երկիշխանություն է հաստատվել: Իսկ այս հարցում մեծ է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի ազդեցությունը: Վերջին հեղափոխական շրջանում Եգիպտոսը մեծ ֆինանսական միջոցներ է կորցրել, ուստի տնտեսական ճգնաժամ է նկատելի, և առանց արտաքին օգնության Եգիպտոսը, չեմ կարծում, որ կկարողանա վերականգնվել: Իսկ ավանդաբար օգնությունը գալիս է օվկիանոսի այն կողմից՝ ԱՄՆ-ից»:
Թե ինչպես են ազդում մուսուլմանական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի վրա՝ մեկնաբանեց Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Եգիպտոսում իրավիճակը խռովված է, սակայն ինձ թվում է Սիրիան այդ վիճակին կարող էր նախանձել: Այնտեղ այս պահին տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ: Կանխատեսում եմ, որ Սիրիայում տեղի կունենա հումանիտար կատաստրոֆա»:
Դառնալով Սիրիայի հայ համայնքի վիճակին՝ պարոն Իսկանդարյանը նշեց. «Եթե նախորդ տարի 400 սիրիահայեր էին ՀՀ քաղաքացիություն ցանկանում ստանալ, ապա այս տարի այդ թիվը հասել է 2000-ի հասել: Արդեն հայաստանյան բնակարանների շուկայում սկսում է դեր խաղալ սիրիահայերի վերադարձի գործոնը: Սրանք ցուցիչներ են, որոնք խոսում են Սիրիայում գոյություն ունեցող իրավիճակի մասին»:
Կարդացեք նաև
Սիրիայի պատերազմի մասին խոսելով՝ ՌԴ նախագահին առընթեր Կրոնական միավորների հետ փոխգործակցության խորհրդի անդամ Ալեքսանդր Իգնատենկոն նկատեց, որ այդ պատերազմը հրահրված է Սաուդյան Արաբիայի կողմից, այն խոշոր հաշվով Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև պատերազմ է: Իրանի շուրջ տեղի ունեցող իրադրությունների՝ ՀՀ-ի վրա ազդեցության մասին էլ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց. «Եթե հանկարծ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, այդ առումով Ադրբեջանը կօգտվի և կփորձի ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Ադրբեջանը Իսրայելի հետ խոշոր ռազմական նախագծեր է իրականացնում, և այդպիսով կանաչ լույս է ցանկանում ստանալ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների առումով՝ Ղարաբաղի դեմ»: Իսկ Ա. Իսկանդարյանի կարծիքով՝ Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը դեռ այն ամենավտանգավոր գործոնը չէ, որ կարելի է կանխատեսել: Մյուս կողմից էլ փորձագետը չի կիսում այն կարծիքները, թե Արևմուտքին Ադրբեջանը պետք է Իրանի դեմ պատերազմելու համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ