Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետության անվճար տրամադրած անվասայլակները սարսափելի վատն են

Հուլիս 03,2012 14:41

Մեր պետությունը 1-ին կարգ ունեցող հաշմանդամ անձանց, ովքեր տեղաշարժման խնդիր ունեն, պարտավոր է անվճար անվասայլակ տրամադրել: Սակայն պետության սայլակներից հաշմանդամ անձինք մշտապես դժգոհում են, որ դրանք անհարմար եւ անորակ են:

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ միություն» հասարակական կազմակերության նախագահ Հակոբ Աբրահամյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք այդքան դժգոհություններից հետո որեւէ բան չի՞ փոխվել, ասաց. «Պետությունը 3 տարին մեկ հանձն է առել 1-ին կարգ ունեցողներին սայլակով ապահովել: Մեզ ասացին` պետք չէ, մի բերեք, հիմա մենք չենք տրամադրում: Բայց ծերերին, որոնք հաշմանդամ չեն, մենք տրամադրում ենք: Քանի որ պետությունը մի աղբյուրից չի գնում, որոշ խմբաքանակներ որակով են, որոշները` անորակ: Շատ են դժգոհում… բայց որ մեր հաշմանդամներին պետությունը տրամադրել է եւ մենք տեսել ենք, իսկապես սարսափելի սայլակներ են»:

Հ/կ-ի նախագահի խոսքերով, այսօր դեռեւս լուծված չէ հաշմանդամ անձանց զբաղվածության խնդիրը.այս աոռւմով համագործակցում են բջջային օպերատորների հետ, սակայն շատ գործատուներ տեղյակ էլ չեն, որ, ըստ օրենքի, նրանք, ովքեր հաշմանդամ մարդուն ընդունեն աշխատանքի, նվազագույն աշխատավարձի չափով փոխհատուցում կստանան. «Ով գիտի` օգտագործում է օրենքը»:

«Փյունիկ» միությունը, ըստ ղեկավարի, այս տարի «Կապուտակ Սեւան» առողջարանում կազմակերպելու է հաշմանդամ անձանց ամառային հանգիստը, որը նաեւ վերականգնողական բնույթի է: Պարոն Աբրահամյանի խոսքերով` ամառային հանգիստը կազմակերպվելու է 3 փուլով եւ ներառելու են տեսողական, լսողական, տեղաշարժման խնդիրներ ունեցողներին, նաեւ մանկական ուղեղային կաթված տարած անձանց:

Պարոն Աբրահամյանի ներկայացմամբ` այսօր բազմաթիվ հանգստյան տներ հաշմանդամ անձանց համար հարմարեցված չեն. «Ծաղկաձորի սպորտբազայի միայն մուտքն ու նախասրահն է մատչելի, իսկ դրանցից այն կողմ մարդիկ չգիտեն՝ ինչ անեն»: Հ/կ-ի նախագահի խոսքերով` այսօր շատ հաշմանդամներ ի վիճակի են վճարել իրենց հանգստի համար, սակայն հյուրանոցների ու հանգստյան տների  շենքային անհարմարությունները խոչընդոտ են ստեղծում հաշմանդամ մարդկանց համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031