Խոսելով միասնական քննությունների մասին՝ Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն ասաց, որ մայրենի լեզվի մակարդակը բավականին ցածր է, սակայն նշեց.«Անցած ուսումնական տարվա համեմատ, այս տարի առաջընթաց կա հարցաշարերի հարցերի ենթադրյալ պատասխանների հետ կապված»:
Ըստ Միրզոյանի՝ լեզվի դրվածքը պետք է բարելավվի: Չի կարելի ամեն ինչ մայրենի լեզվի հաշվին անել: Օրինակ՝ 2013 թվին Հայաստանում բացվելու է Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ, Ամերիկյան համալսարանը պետք է ընդունելություն կազմակերպի բակալավրիատում, ինչն, ըստ նրա, կնշանակի, որ վտանգվում է հայկական բուհերի գոյությունը. «Եթե մեր օրենքը թույլ է տալիս օտարալեզու դպրոցներ բացել, վաղն էլ կունենանք թուրքական, պարսկական դպրոց: Բայց մինչ օրենքի փոփոխումը, դա արգելվում էր, եւ օտարալեզու դպրոցներ կարող էին բացվել միայն կառավարության որոշմամբ»:
Ինչ վերաբերում է Հայաստանում գործող քննական ձեւին, Միրզոյանը չի կողմնորոշվում՝ ճիշտ է դա, թե ոչ, սակայն հետեւյալ կարծիքի է. «Քննություններն ընդհանրապես հանելու ժամանակն է: Դիմորդը եթե վճարունակ է, թող սովորի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ