Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պիտի ուրոլոգը թարգմանենք միզաբան, գինեկոլոգը՝ կնախտաբան, սեքսը՝ հաճույքաճխտիկ». Լավրենտի Միրզոյան

Հուլիս 03,2012 14:09

 Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց Հայաստանի Հանրապետությունում մայրենի լեզվի արհամարհված լինելու վերաբերյալ, ասելով, որ այսօր ոչ մեկը ուշադրություն չի դարձնում լեզվի անաղարտությանն ու պահպանությանը: «Մենք պետք է իշխանությունների ուշադրությանը հրավիրենք: Մտահոգիչ է հատկապես  տերմինաշինության խնդիրը, եթերի, ինչպես  նաեւ հրատարակչության, գրքերի լեզուն:

Այսօր ամեն քայլափոխի հանդիպում ենք օտարածին, օտարագիր ցուցանակների: Երեւանն էլ կարծես եվրոպական քաղաք լինի, որովհետեւ գերակշռում է օտարագիր խոսքը, բայց մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պատասխանատվություն կրել իր լեզվի պահպանության համար»,- նշեց Միրզոյանը, ավելացնելով, որ ուրախալի է,  որ հայ մտավորականները օրերս քննարկել են սերիալների լեզվի հարցն ու նամակով դիմել ՀՀ նախագահին: Բանախոսի կարծիքով՝ հանրապետությունում պետք է համակողմանիորեն քննարկվի լեզվի պահպանության խնդիրը:

Միրզոյանը հավելեց, որ գրավոր խոսքն ավելի վտանգված է: Ցույց տալով գրքերից օրինակներ՝ ասաց, որ, օրինակ, ուսանողների համար նախատեսված ձեռնարկներում բազմաթիվ սխալներ կան, նույնիսկ զարմացավ, թե ինչպես են այդ գրքերը խմբագրել, սրբագրել:

Միրզոյանն առանձնացրեց նաեւ տերմինաշինության խնդիրը. «Մենք ունենք տերմինաբանական կոմիտե, որն այսօր, ցավոք, չի գործում, այդ պատճառով էլ բազմաթիվ տերմիններ գործածության մեջ են դրվում առանց կոմիտեի համաձայնության: Օրինակ՝ ինչու պիտի ուրոլոգը թարգմանենք միզաբան, գինեկոլոգը՝ կնախտաբան, կամ սեքսը՝ հաճույքաճխտիկ: Սրանցից ոչ մեկը գործածության մեջ չեն կարող մտնել, մինչեւ չլինի տերմինաբանական կոմիտեի համաձայնությունը»:

Միրզոյանը զայրանում է. «Ինչո՞ւ պետք է օրինակ փողոցում քայլելիս տեսնես ցուցանակի վրա գրված հետեւյալ տողերը. «Վաճառվում է էշի յուղ»: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Լեզվի անաղարտության հարցը պետք է լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Բայց այսօր Լեզվի պետական տեսչությունում  16 աշխատող կա, իսկ այդ 16 հոգին չեն կարող Հայաստանի Հանրապետությունում լեզվական քաղաքականություն իրականացնել:

Առաջարկում եմ հանդիպում կազմակերպել քաղաքապետ Տարոն  Մարգարյանի հետ, հարց ներկայացնել, որ, օրինակ,  քաղաքի բոլոր ցուցանակները քաղաքապետի մեկ որոշմամբ համապատասխանեցնել լեզվի մասին օրենքի պահանջներին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031