Քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը «Առավոտին» հայտնեց, որ օրերս քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանն իր առաջին աշխատանքային այցով եղել է Գյումրիում, ծանոթել աղետի գոտու անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրներին: Նախարար Սամվել Թադեւոսյանը, մասնավորապես, շրջայց է կատարել Գյումրու «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերի բազմաբնակարան շենքերի շինհրապարակներում: Վերոնշյալ թաղամասերում 1756 բնակարաններից բաղկացած 38 բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին: Վերոնշյալ շենքերի մեկ սենյականոց 640 բնակարանների բաշխման նպատակով նախատեսվող վիճակահանությունը կկայանա առաջիկայում: Կարեւորվել է նախատեսվող բազմաբնակարան շենքերի սեյսմակայուն, որակյալ եւ ժամկետին շահագործման հանձնելու հանգամանքը: Նախարարը հիշեցրել է, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերը գերակա խնդիր է մեր պետության համար եւ մշտապես գտնվում է ՀՀ նախագահի ու կառավարության ուշադրության կենտրոնում:
Աղետի գոտում հաշվառված մոտ 7000 անօթեւան ընտանիքներին բնակարան կհատկացվի 2012 թվականի ավարտին: Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի ավելի քան 4500 բնակարան եւ անհատական բնակելի տուն: Նոր շինարարական ծրագրի շրջանակներում կմեկնարկեն շուրջ 1050 բնակարանների եւ անհատական բնակելի տան շինարարական աշխատանքները:
«Առավոտ» օրաթերթ