Հայաստանում արդեն գործում է «Ստի հետազոտման ակադեմիան»: Ընդհանուր կառույցի ռուսաստանյան ղեկավարը Եվգենի Սպիրիցան է, իսկ հայաստանյան ներկայացուցչությունը գլխավորում է Սպարտակ Պետրոսյանը, ով նույնպես սովորել է այդ ակադեմիայում: Նա միակ պրոֆայլերն է՝ ստի բացահայտման մասնագետը Հայաստանում: «Հուլիսի 6, 7, 8-ին Հայաստան ենք հրավիրել Եվգենի Սպիրիցային՝ թրեյնինգներ կատարելու: Մեկ անգամ եղել է դիստանցիոն՝ ուղիղ եթերով թրեյնինգ: Մասնակիցները պատկերացրել են, թե Եվգենին անմիջապես իրենց կողքին է: Հետագայում էլի նման բաներ կլինեն: Աշխատանքի բովանդակությունը հետեւյալն է՝ կատարվում է հարցազրույց հետազոտվողի հետ: Դրա ընթացքում ուշադրություն ենք դարձնում նրա կողմից ուղարկվող ուղերձներին՝ վերբալ-խոսքային եւ ոչ վերբալ»,- ասում է Պետրոսյանը:
Նա երկար ժամանակ է, ինչ հետաքրքրվում է մարդկանց թաքցրած ինֆորմացիան հայտնաբերելով: Ամեն ինչ սկսվել է Ալան Պիզի՝ «Մարմնի լեզու» գրքից: Դրանից հետո, շնորհիվ համացանցի, նա գտել է բազմաթիվ ուսուցանող ծրագրեր: «Եկավ մի պահ, որ կարծես թե ամեն ինչ գիտեի, բայց պետք էր դրանք դասավորել, որ գործնական նշանակություն ունենան, եւ այդ ժամանակ «հանդիպեցի» ակադեմիային: Նրա օգնությամբ կարելի է գոնե քչացնել կեղծիքը մեր կյանքից: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մի քանի հազար մարդ Հայաստանում կարդա մարդկանց մտքերը»,- ասում է մեր զրուցակիցը:
Այն մարդիկ, ովքեր անվստահություն ունեն միմյանց հանդեպ, ըստ Սպարտակ Պետրոսյանի, կարող են դիմել իրենց եւ մասնակցել համապատասխան թրեյնինգների: Պետրոսյանի խոսքով, ցանկացողներ արդեն իսկ կան ու եթե հանկարծ մասնակիցը որոշի, որ թրեյնինգն իրեն հարմար չէ, ապա խոստանում է՝ կվերադարձնեն ամբողջ գումարը:
ԱՐԱՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ