Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի և նրա ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատողների կողմից ՀՀ Զինված ուժերի սպաների նկատմամբ գործադրված դաժան բռնությունը և ցավակցում է այդ բռնությանը զոհ դարձած բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հարազատներին ու մերձավորներին:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան արմատավորվող բռնության մշակույթը գնահատում է ոչ միայն որպես մարդկային ողբերգություն ծնող երևույթ, այլև ազգային անվտանգության համար ռեալ սպառնալիք, ինչը Հայաստանի առջև կանգնած անվտանգային մարտահրավերների պայմաններում կարող է վտանգել անգամ հայոց պետականությունը:
Նման իրավիճակում առողջ հասարակական հարաբերությունների և արդիական քաղաքական մշակույթի ձևավորմամբ պետականության շահի գերակայության ընկալման արմատավորումը դառնում է կենսական անհրաժեշտություն: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան` որպես մասնագիտական ընկերակցություն, պարոն Ռուբեն Հայրապետյանին առաջարկում է առաջնորդվել այս գերակա շահի գիտակցմամբ և ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածով ու «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով իր նախաձեռնությամբ հրաժարվել պատգամավորական լիազորություններից, ինչպես նաև դադարեցնել իր քաղաքական գործունեությունը:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր մասնագիտական պարտքն է համարում տալ պատահածի զուտ քաղաքագիտական գնահատականը` քրեական որակումը թողնելով ՀՀ իրավասու մարմիններին:
Կարդացեք նաև
Դոկտոր Հայկ Քոթանջյան
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ