Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օգնել էին միայնակ հիվանդ կնոջը ու տուն ձեռք բերել

Հուլիս 03,2012 13:45

Տեսնես լինում են այսօր նման դեպքեր, որ մարդ լսի, ականատես լինի եւ չզարմանա: Շատ զավեշտալից դեպքերի եմ ականատես եղել, բայց այսօր կրկին ու կրկին զարմացրեց ինձ մի պատմություն, որին ես ականատես եղա Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Վեճի առարկա հանդիսացող բնակարանի համար դատարանում իրար դեմ էին դուրս եկել երբեմնի մտերմիկ հարեւանները՝ Վերա Շչուկինան եւ Հայաստան Շահնազարյանը:

Վերա Շչուկինան միայնակ, ռուս կին է: Երբ նրա առողջական վիճակը ծանր էր, գտնվելով Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում եւ չունենալով բարեկամներ եւ մտերիմներ, օգնություն է հայցել հարեւաններից՝ խոստանալով իր բնակարանը կտակ անել իրեն խնամողին: Այդ ընթացքում հարեւան Հայաստան Շահնազարյանը օգնության ձեռք է մեկնել՝ հուսադրելով, որ ինքը միշտ իր հետ կլինի: Այդպիսի բարդ սոցիալ-հոգեբանական եւ առողջական վիճակում գտնվող մարդը հակված է հավատալու ցանկացածին, ով բարի խոսք կասի:

Կատարելով իր խոստումը՝ Վերա Շչուկինան 3.05.2006թ. տունը կտակել է Հայաստան Շահնազարյանի դստերը:

Այնուհետեւ՝ 7. 05. 2007թ. Նոր Նորքի նոտարական տարածքում (նոտար՝ Գայանե Ենգիբարյան) կողմերի միջեւ կնքվել է անշարժ գույքի առուծախի, հիփոթեքի եւ «Անելիք Բանկ» ՍՊԸ-ում (մասնաճյուղերում) ՀՀ դրամով եւ արտարժույթով բանկային հաշիվների բացման, վարման եւ դրամարկղային սպասարկման վերաբերյալ պայմանագիր: Դրանից հետո Հ. Շահնազարյանը դարձել է Վերա Շչուկինայի բնակարանի սեփականատերը:

Հարց է առաջանում. ինչո՞ւ է կողմերի միջեւ կնքվել առքուվաճառքի, հիփոթեքի, գրավի եւ ոչ առքուվաճառքի պայմանագիր: Եվ ինչո՞ւ էր Հայաստան Շահնազարյանը գնում հենց այն բնակարանը, որն արդեն կտակված էր իր դստերը եւ ոչ թե ուրիշ բնակարան:

Հարցերի պատասխանը ոչ միայն հետաքրքիր, այլ նաեւ ուսանելի կլինի ընթերցողի համար: Պարզվել է, որ Հայաստան Շահնազարյանը, որպես բռնադատվածի ժառանգ, հնարավորություն է ունեցել բնակարան ձեռք բերելու նպատակով պետությունից ստանալ արտոնյալ վարկ: Նա կանխիկ գումար չուներ բնակարան գնելու համար:

Հարց երկրորդ. ինչո՞ւ են գնում հենց այն բնակարանը, որը արդեն կտակված է իրենց:

Պատասխան. որպեսզի այն գումարը, որ պետությունը տալիս էր իրենց բնակարան ձեռք բերելու համար, մնա իրենց գրպանում…

Երբ Վերա Շչուկինան մարդ էր փնտրում իրեն խնամելու համար, հայտնվեց Հ. Շահնազարյանը եւ պատրաստակամություն հայտնեց լինել Վերա Շչուկինայի հետ եւ խնամել նրան: Հետո «խնամակալի» մոտ ֆինանսական խնդիրներ ծագեցին եւ հիվանդին խնամելու համար նա առաջարկեց «բնակարանը բանկում գրավ դնել, իրենք բանկում ծանոթ ունեն, բանկից վարկ կստանան, որպեսզի կարողանան հիվանդանոցի հարցերը լուծել» (հատված Վերա Շչուկինայի հայցադիմումից): Ստացվում է, որ գումարը ստացողը եւ տնօրինողը, այսպես թե այնպես, «խնամակալներն են»: Այսինքն՝ նույն գումարով՝ եւ՛ բնակարան, եւ՛ կանխիկ գումար «հիվանդին խնամելու համար»:

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նշված քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Վերա Շչուկինայի ներկայացուցիչ՝ «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանի, ըստ ՀՀ քաղօրի 311, 312 հոդվածների՝ էական նշանակություն ունեցող, մոլորության ազդեցության տակ կնքված գործարքն անվավեր ճանաչելու մասին հայցապահանջով վճիռ կկայացնի սույն թվականի հուլիսի 11-ին:

Դատաքննությամբ պարզվեց, որ խախտվել են նաեւ անշարժ գույքի առուծախի, հիփոթեքի եւ «Անելիք Բանկ» ՍՊԸ-ում (մասնաճյուղերում) ՀՀ դրամով եւ արտարժույթով բանկային հաշիվների բացման, վարման եւ դրամարկղային սպասարկման վերաբերյալ կողմերի միջեւ կնքված պայմանագրի այլ կետեր, մասնավորապես՝ հիշյալ պայմանագրի 8 կետը, որի համաձայն՝ Վերա Շչուկինան պարտավոր է 8  օրվա ընթացքում ազատել բնակարանը եւ այն հանձնել գնորդին: Դատարանի հարցին Հ. Շահնազարյանը պատասխանեց, որ «Պատճառը իրենց բարեհոգությունն է, որ չեն ուզեցել հանել տանից», ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը դատարանի նույն հարցին ավելի քան զարմանալի պատասխան տվեց. «Դա մեզ չի վերաբերում»:

Հիշեցնենք, որ 2010 թվականին նույն դատարանը, դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, նույն հայցի հիմքով կայացրել է մեկ վճիռ, եւ հայցը բավարարվել է:

ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Իրավաբանների եւ Հոգեբանների միջազգային ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031