Եզնիկ Կողբացի թիվ 3 շենքի բնակիչ Լյուբա Քալոյանը տարիներ առաջ զոհողությունների գնով ձեռք է բերել կիսանկուղ եւ արդեն քանի տարի է՝ բնակվում է այդտեղ: Սակայն օրերս այդ շենքի առաջին հարկի բնակիչ Եղիշե Մկրտչյանը սեփական բնակարանը գրասենյակի վերածելու նպատակով քանդելով բնակարանի առջեւի կրող պատը՝ մուտք է բացում դեպի դիմացի այգին՝ լույսից եւ կանոնավոր օդափոխությունից զրկելով Քալոյանի ընտանիքին: Ապօրինի շինարարության պատճառով խախտվում է նաեւ այդ ընտանիքի անդորրը: Շենքի բնակիչների խոսքերով՝ կառուցապատողը նաեւ մտադիր է հատել այգու՝ տասնամյակներով աճեցված ծառերը: Շինարարության արդյունքում վնասներ են կրում նաեւ նույն շենքի բնակիչներ Նարինե Տեր-Անտոնյանը եւ Մհեր Թորոսյանը: Չնայած նրան, որ այս բնակիչներն ի սկզբանե էլ դեմ են եղել, որ իրենց հարեւան Եղիշե Մկրտչյանը շինարարություն կատարի, բայց վերջինս որեւէ մեկի կարծիքը հաշվի չի առել:
Երբ արձագանքելով բնակիչների՝ մեր թերթին ուղղված բողոքին, այցելել էինք շինարարության վայր, աշխատանքները ղեկավարող Արամ անունով ներկայացած անձը հրաժարվեց մեզ շինաշխատանքների հետ կապված որեւէ փաստաթուղթ տրամադրել: Ավելի ուշ ՀՀ քաղաքաշինության վերահսկողության վարչության պետ Սեւադա Հայրապետյանը «Առավոտին» պարզաբանեց. «Երեւանի քաղաքապետարանի կողմից վերոհիշյալ նախագծի համաձայնեցումը կատարվել է՝ հաշվի չառնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները, այսինքն՝ մինչեւ նախագծի համաձայնեցումը կառուցապատողը պիտի ստանար բազմաբնակարան շենքի այն բաժնային սեփականատերերի համաձայնությունը, որոնց սեփականությունը տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքն այդ գործողությունների արդյունքում խախտվելու է»:
Մինչդեռ պարզեցինք, որ կառուցվող շինարարության նախագծման համար Երեւանի քաղաքապետը 2012 թվականի մարտի 29-ին հանձնարարել է թիվ 01/18-07/Մ-1397-220 ճարտարապետանախագծային առաջադրանքը, իսկ ս.թ. ապրիլի 4-ին տրամադրել է թիվ 01/18-Մ-2463-273 շինթույլտվությունը՝ նախապես համաձայնեցնելով նախագիծը:
ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ