Կովկասյան անվտանգության համակարգ ստեղծելու հայ պատվիրակի առաջարկը դրական արձագանքներ ստացավ
«Մի վախեցեք ռազմական ոլորտին հատկացված մեծ գումարներից: Մեր կառավարությունը նախապես «հոգացել» է, եւ այդ գումարների մոտ 50 տոկոսը ծախսվում է վերանորոգումների, պետքական եւ անպետք գնումների վրա: Դա, ի դեպ, կոռուպցիայի մեծ բույն է»,- այսպես արձագանքեց Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանքային շարժման» ղեկավար, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը այն դիտարկումներին, որ վերջին շրջանում Ադրբեջանն էականորեն ավելացնում է իր ռազմական բյուջեն: Տեսակետները հնչեցին «Բարեփոխումների նախաձեռնությունը Կովկասի անվտանգության ինստիտուտներում» թեմայով Ստամբուլում կայացած քննարկումների ժամանակ: Ծրագիրը կյանքի էր կոչվել գերմանական հայտնի՝ «Մարշալի» հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող Սեւծովյան տարածաշրջանային համագործակցություն եւ վստահություն կազմակերպության, Խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման կենտրոնի եւ Նորվեգական ատլանտյան կոմիտեի համատեղ ջանքերով: Ադրբեջանական պատվիրակության անդամներն իրենց ելույթներում էլ նշեցին, որ կոռուպցիան իրենց երկրի համար էլ ցավոտ երեւույթ է, քննարկումների ու քննադատության թիրախ: Քննարկմանը թեեւ մասնակցում էին Սեւծովյան տարածաշրջանը ներառող գրեթե բոլոր պետություններից ներկայացուցիչներ, հիմնական բանավեճերը, սակայն, հայ եւ ադրբեջանցի, ռուս եւ վրացական պատվիրակների միջեւ էին, որոնք, բնականաբար, ներառում էին ԼՂՀ հարցին եւ ռուս-վրացական կարճատեւ պատերազմին վերաբերող դրվագներ: Ադրբեջանցիները, իհարկե, հիշեցին «20 տոկոս օկուպացված» տարածքների մասին, փորձեցին հայկական կողմին մեղադրանքներ ներկայացնել վերջին սահմանային միջադեպերի առիթով: Հայաստանյան կողմը ներկայացնող «Ալյանս հանուն դեմոկրատիայի» հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Մելիքյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների եւ խորհրդատվության խմբի անդամ Սուրեն Մովսիսյանն իրենց պատասխան ռեպլիկներում հակադարձեցին, որ «Հայաստանը պատերազմ չի ուզում», որ «դեմոկրատները չեն պատերազմում»:
Հետաքրքրական է, որ պաշտոնական ներկայացումներում կողմերը փորձում էին սեփական երկրները ներկայացնել լավագույնս՝ զարգացող, ազատական, օրենքի, իսկ մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ լրջագույն խնդիրներ կան, մասնավորաբար, տնտեսության ազատականացման, դեմոկրատական ինստիտուտների զարգացման ոլորտներում, որոնք իրապես եւ օր առաջ լուծումներ են պահանջում: Եվ ադրբեջանական պատվիրակության, եւ վրացական պատվիրակության տարբեր ներկայացուցիչներն իրենց ելույթներում ուղղակի կամ անուղղակի համաձայնություն հայտնեցին հայկական պատվիրակության ներկայացուցիչ Գեւորգ Մելիքյանի առաջարկին՝ ստեղծելու համատեղ կովկասյան անվտանգության համակարգ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է անվտանգության բնագավառում բարեփոխումներին, հայաստանյան պատվիրակների պատկերացումներով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության բնագավառում բարեփոխումների հիմնական նպատակը պետք է լինի ստեղծել արդի ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն եւ ժամանակակից անվտանգության համակարգ, որը լավագույնս կապահովի ՀՀ անվտանգությունը եւ կպաշտպանի ազգային անվտանգության հիմնարար արժեքները:
Բարեփոխումներում առաջնահերթություն են հանդիսանում զինված ուժերի կառուցվածքի բարելավումը, պատրաստականության աստիճանի բարձրացումը, ժամանակակից սպառազինությունների եւ տեխնիկայի ձեռք բերումը եւ արդիականացումը, արհեստավարժ եւ մարտունակ զինված ուժերի առկայությունը: Անհրաժեշտ են համարում, որպեսզի պետությունը մեծացնի ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկումն անվտանգություն ապահովող կառույցների վրա, ավելացնի զինված ուժերի կազմում պայմանագրային զինվորական ծառայության մասնաբաժինը, իրականացնի խաղաղասիրական եւ ապառազմական գործողություններ, ապահովի օրենքի գերակայությունը, աշխատանքները դառնան ավելի թափանցիկ: Բարեփոխումները ենթադրում են նաեւ ենթասպայական եւ սպայական կազմերի համար անհրաժեշտ հմտություններ ձեւավորող եւ զարգացնող վերապատրաստական դասընթացներ, ինչպես նաեւ դասընթացներ՝ ուղղված խաղաղապահությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ճգնաժամերի կառավարման մասին գիտելիքների ձեռք բերմանը, օտար լեզուների ուսուցմանը: Համապատասխան բյուջետային քաղաքականության իրականացում, որը կապահովի զինված ուժերի ֆինանսական եւ նյութատեխնիկական կարիքների բավարարումը եւ հնարավորություն կտա արդիականացնել հաշվեքննական եւ հաշվապահական ընթացակարգերը:
Ի դեպ, այս բոլոր նկատառումները ընդգրկված են Հայաստանի անվտանգության բարեփոխումների տարբեր հայեցակարգերում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ստամբուլ-Երեւան
«Առավոտ» օրաթերթ