Լրահոս
Օրվա լրահոսը

Թացն ու չորը

Հուլիս 03,2012 13:16

Վահե Ավետյանի սպանության գործում, ինչպես միշտ, խառնվել են իրավական, քաղաքական եւ բարոյական ասպեկտները: Եթե ինձ պատկանող «Առավոտի» որեւէ աշխատակից, Աստված մի արասցե, որեւէ մեկին սպանի, դա դեռ չի նշանակում, որ ես մարդասպան եմ, եւ որեւէ մեկն իրավունք ունի ինձ այդպես անվանելու: Բայց բարոյական պատասխանատվություն ես, բնականաբար, դրա համար կրում եմ, որովհետեւ ես պետք է իմանամ՝ ում եւ ինչի համար եմ գործի ընդունում: Ռուբեն Հայրապետյանն, իհարկե, այդ բարոյական ծանր բեռի տակ է, եւ ինչպես է նա այս իրավիճակից դուրս գալու՝ առայժմ չեմ պատկերացնում:

Քաղաքական ասպեկտի մասին: Պարզ է, որ քաղաքական ուժերն այս ողբերգությունից կքամեն ամեն ինչ, մինչեւ վերջին կաթիլը՝ քարոզելու նպատակով: Պարզ է նաեւ, որ քաղաքականապես ակտիվ երիտասարդների համար «Նեմեց՝ մարդասպան» վանկարկելը կայացման ձեւ է եւ խիզախության դրսեւորում: Բայց երբ իշխանության ներկայացուցիչները կոչ են անում այդ զարհուրելի հանցագործությունը չքաղաքականացնել, դա էլ է երեսպաշտություն: Ես չեմ կարող չքաղաքականացնել երկու պատճառով. 1/ սպանությունը 90-ականների կեսերից (այսպես կոչված՝ երկրապահների ժամանակաշրջանից) ստեղծված համակարգի արդյունք է. իշխանությունը բուծել է օրենքի վրա թքող իր սիրեցյալներին, առաջին հերթին՝ օլիգարխներին, վերջիններս էլ բուծել են թիկնապահ կոչվող զոմբիներին, 2/ «Առագաստ» սրճարանում համանման հանցագործություն կատարած նախագահի թիկնապահը ստացել է երեք տարի պայմանական. քանի որ Կուկուին «պլստացրել» են, դա կարող են անել նաեւ այս մարդասպանի հետ:

Եվ, վերջապես, ահաբեկչության մասին: Նախ՝ ինձ թվում է, եթե մարդը որոշել է ինչ-որ մի շենք պայթեցնել, նա գնում եւ պայթեցնում է, ոչ թե մտնում է տարածք եւ հայտարարում է, թե ուզում է պայթեցնել՝ ինչ-որ անհասկանալի բանակցություններ վարելով: Բայց դա՝ մի կողմ: Ենթադրենք, ահաբեկչության վտանգն իրական էր: Ի՞նչ կա այստեղ ողջունելու եւ ուրախանալու: Եթե ռեստորանն իսկապես պայթեցվեր եւ զոհվեր, ասենք, «Հարսնաքարում» մաքրություն անող հավաքարարը, ապա ո՞րն է նրա մեղքը, ինչի՞ համար է նա փոխհատուցելու: Ինչո՞վ է այդ հանցագործությունը տարբերվելու Վահե Ավետյանի սպանությունից:

Մենք, կարծես թե, պայքարում ենք ընդհանրապես բռնության դեմ եւ հանուն նրա, որ Հայաստանում գործեն օրենքները: Այդ ֆոնի վրա վառելու, պայթեցնելու, քառատելու կոչերն ինձ հասկանալի չեն: Հանցագործների հետ ոչ մի բան պետք չէ անել՝ բացի նրանից, ինչը նախատեսված է օրենքով, եւ ինչը հնչելու է դատարանում որպես վճիռ: Խնդիրը հենց այն է, որ առայսօր նման դատավճիռներ չեն հնչել: Իսկ այն, ինչ հնչել է, ամենեւին չէր համապատասխանում կատարված հանցագործություններին:

Նորվեգիայի հասարակությունը չի ընդվզում այն իրողության դեմ, որ Բրեյվիկը մահապատժի չի ենթարկվելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031