Հուլիսի 2-ից մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Դրան կարող էին մասնակցել բանակից այս տարի զորացրվածները, սփյուռքից եկածները, առաջին փուլին հարգելի պատճառով չներկայացածները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները:
Իսկ այսօր նրանք ԵՊՀ-ում քննություն էին հանձնում Հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Դիմորդների ընդհանուր թիվը 269 էր, նրանցից 18-ը բացակա էր: Քննությանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա մոտեցավ դիմորդներին, հետաքրքրվեց` որքանո՞վ են պատրաստված եկել քննության եւ մաղթեց հաջողություն:
Անդրանիկը, ով նոր էր վերադարձել բանակից, նախարարին ասաց. «Այնտեղ ազատ ժամանակ կարդացել եմ ու փորձել հնարավորինս շատ սովորել: Ցանկանում եմ ընդունվել Երեւանի պետական համալսարան»:
«Վստահությունը Ձեր գիտելիքների մեջ է: Այս քննությունը առիթ չէ սրտնեղելու համար»,- նշեց նախարարը:
Տալով քննությունների ընդհանուր գնահատականը` Արմեն Աշոտյանն ասաց, որ ամեն ինչ ընթանում է հանգիստ, դժգոհությունների չափաբաժինը նվազել է, եւ «աննախադեպ ընդունելության քննություններ» են ընթանում: Նա նաեւ հուսով է` այս տարվա քննությունները պատմության մեջ կմնան որպես լավը:
Հայոց պատմության քննությունից հետո խոսակցություներ պտտվեցին, որ այն բարդ է եղել: Սակայն պարզվում է` Արմեն Աշոտյանը չի հանդիպել զանգվածային դժգոհությունների: Ըստ նրա պատմությունը այն առարկան է, որը պետք է դժվար լինի. «Միասնական քննությունը պետք է այդպես լինի: Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդի պատմության թեստերի հետ կապված կան լուրջ դժգոհություններ: Մենք բողոքներ չենք ստացել, ոչ մի ահազանգ դժվարության հետ կապված նույնպես չենք ստացել: Դժվարությունը վատ բան չէ, սակայն թեստերը պետք է լինեն հավասարեցված բարդություններով»:
Այս տարի տղա շրջանավարտները կընդունվեն ԲՈւՀ եւ կզորակոչվեն բանակ: Aravot.am-ի հարցին` նրա՞նք էլ պետք է վճարեն իրենց վարձն ու նոր մեկնեն ծառայության, նախարարը պատասխանեց. «Այդ խնդիրը դրված է լինելու հանրապետական հանձնաժողովի առաջ: Ունենք երկու մոտեցում: Առաջին դեպքում առաջարկում ենք անել հետեւյալ կերպ` եթե արական սեռի ուսանողը ընդունվում է, այս տարի զորակոչի ենթակա է, բայց վճարում է վարձը եւ գնում է, ապա նա բանակից վերադառնալուց հետո կսովորի ընթացիկ տարվա ուսման վարձով: Երկրորդ դեպքում, եթե դիմորդը ընդունվում է ԲՈւՀ, գնում է բանակ, առանց նախապես վարձը վճարելու, ապա վերադառնալուց հետո կսովորի ընթացիկ տարվա ուսման վարձով, ինչը նշանակում է, որ այդ երկու տարիների ընթացքում հնարավոր է թանկանա»:
Վերջ դնելով այն խոսակցությունների, որ հնարավո’ր է անցնենք 11 կամ 10-ամյա կրթական կարգին, նախարարը հավաստիացրեց` նման բան չի լինի. «Մենք անցել ենք 12-ամյա կրթակարգին եւ հետադարձ ճանապարհ չունենք: Ես չեմ ասում, որ 12-ամյա համակարգը արդեն գերազանց վիճակում է գտնվում, ու համաձայն եմ` կան կրթության կազմակերպման խնդիրներ»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ