Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Եթե ապացուցեն, որ Ռուբեն Հայրապետյանը անձամբ խախտել է օրենքը, թող դիմեն իրավապահներին»

Հուլիս 03,2012 12:55

ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների արարքների համար սխալ է պատասխանատվություն պահանջել Ռուբեն Հայրապետյանից: Ինչ վերաբերում է «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի  հետեւանքով  մահացած բժիշկ Վահե Ավետյանի հենց հուղարկավորության  օրը Հայրապետյանի թիկնապահների կողմից ծեծված մեկ այլ քաղաքացու՝ 81 երթուղային վարորդի դեպքին, պարոն Շարմազանովը Aravot.am-ին ասաց, որ Հանրապետական կուսակցությունը միշտ էլ վատ է վերաբերել հակաօրինական արարքներին ու միշտ դատապարտել է` անկախ նրանից, թե դա ով է արել: Բայց, ըստ պարոն Շարմազանովի,  ՀՀԿ-ն իրավական հարցերին երբեք քաղաքական գնահատականներ չի տալիս .«Մենք ապրում ենք մի  երկրում, որտեղ կառուցում ենք ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը ենթադրում է իշխանությունների տարանջատման սկզբունք: Կան իրավական մարմիններ, ոստիկանությունը, դատախազությունը  յուրաքանչյուր դեպք օրենքի ողջ ուժով պետք է քննարկեն ու պատժեն»: Հնարավո՞ր է պարոն Հայրապետյանին պատգամավորական մանդատից կամ թիկնապահ պահելու իրավունքից զրկեն` մեր այս հարցին պարոն Շարմազանովը պատասխանեց. «Դուք ասում եք մի բան, որ իրականությունից կիլոմետրերով հեռու է : Կա պետություն, կա իրավապահ համակարգ եւ օրենքի ողջ խստությամբ անկախ նրանից՝ ո՞վ է խախտում օրենքը, պետք է դատապարտեն:  Մենք չենք ապրում ինքնադատաստանի ժամանակաշրջանում, երբ աշխատում  էր վենդետան: Եթե որեւէ մեկը ապացուցի, որ Ռուբեն Հայրապետյանը, Շարմազանովը, Արմեն Աշտոյանը կամ որեւէ այլ հանրապետական ինքը անձամբ օրենք խախտել է, խնդիր չկա, գնացեք դիմեք, ներկայացրեք փաստեր, դրա համար կան իրավապահներ, իսկ եթե չկան փաստերը, դեմ եմ, որ  որեւէ բան քաղաքականացնում են»:

Նշենք, որ այսօր, ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու մի վարորդի: Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել»՝ տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից ու ծեծել վարորդին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031