Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաքաղաքական

Հուլիս 03,2012 12:13

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ՀՅԴ ներսում ընթացող խմորումներին եւ առաջիկա նախագահական ընտրություններին, ասել է. «Մենք պարտավոր ենք նախագահական ընտրություններին կազմակերպված մասնակցել, պարտավոր ենք դարձյալ փորձել, որովհետեւ այս ընտրությունները մհ բան ապացուցեցին, որ ապաքաղաքականացված հասարակությունը ընդունակ է մեծ սխալների»։ Իսկ ինչո՞ւ է ԱԺ ընտրություններում անմխիթար արդյունքների հասած կուսակցության ղեկավարը կարծում, որ եթե հասարակությունը լիներ այնքան քաղաքականացված, որքան էր ասենք՝ 3-4 տարի առաջ, ապա «Դաշնակցության֊ը կհաջողվեր ավելի շատ ձայներ ստանալ։ Հիշեցնենք, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հասարակությունն էլ ավելի ապաքաղաքականացված էր, քան հիմա։ Սակայն դա ամենեւին էլ չխանգարեց, ավելի ճիշտ՝ գուցե հենց դա էլ նպաստեց, որ «Դաշնակցություն»-ը 4-րդ գումարման ԱԺ-ում ունենար 16 տեղ։ Եվ եթե «մեծ սխալներ» ասելով՝ ՀՅԴ ղեկավարը նկատի ունի սեփական կուսակցության դիրքերի աննախադեպ թուլացումը, ապա այդ սխալները, թերեւս, պետք է փնտրի սեփական կուսակցության եւ անձամբ իր մեջ։ Սակայն շարունակելով քաղաքականացված հասարակության անհրաժեշտության մասին Հ. Մարգարյանի միտքը, հարկ է նշել, որ անցած առնվազն 15 տարիներին մեր հասարակությունը եղել է ավելի քաղաքականացված, քան պետք է։ Արդյունքում տարբեր քաղաքական ուժեր իրենց բաժին շագանակներն են հանել կրակի միջից հենց այդ նույն քաղաքականացված հասարակության ձեռքերով՝ սկսած պատերազմի տարիներին «իշխանություններին ծառերից կախելուց», ավարտած 2008թ. մարտի 1-ի դեպքերով։ Ընդ որում, այդ ողջ ընթացքում բազմաթիվ լրջագույն հարցերի շուրջ հասարակության բողոքի ձայնը լռեցվել է հենց այդ նույն «քաղաքականացվածության» ջատագովների հարթակային ելույթների ներքո։ Ու թեեւ չի կարելի ասել, թե այսօրվա հասարակությունը լիովին ապաքաղաքականացված է, սակայն եթե անգամ այդպես է, ապա դա կարելի է միայն ողջունել։ Քանի որ քաղաքականացվածության նվազման արդյունքում հանրության մտածող հատվածը վերջապես ձերբազատվեց այս կամ այն քաղաքական ուժի մանրախնդիր շահերը սպասարկելուց ու ձեռնամուխ եղավ հանրության շահերի իրական պաշտպանության պայքարին։ Եվ վերջին առնվազն մեկուկես տարիներին այդ «ապաքաղաքականացված» հատվածն իր պայքարով շատ ավելին կարողացավ անել, քան հասարակությանը տարիներ շարունակ «քաղաքականացված» պահող զանազան կուսակցություններ։ Ամենատարբեր հարցերում իշխանությունների ապօրինություններին հանրային չկոտրվող հակազդեցությունը դրա վառ արտահայտությունն է: Հետեւաբար՝ եթե Հայաստանում ինչ-որ բան փոխվի էլ, ապա դա կարվի բացառապես «ապաքաղաքականացված» հասարակության այդ հատվածի շնորհիվ:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031