Այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, խոսելով ջավախահայության խնդիրների մասին՝ ասաց. «Այն, որ երեխաները վրացերենին են տիրապետում հայերենի հաշվին՝ անընդունելի է, հայոց լեզվի դասերը պիտի վերականգնվեն, վրացերենի ուսուցումը պետք է կազմակերպվի հավելյալ միջոցառումների հաշվին»: Շիրակ Թորոսյանը հիշեց, որ Տերյանական միջոցառումը անցյալ տարի վարել են ռուսերեն լեզվով. «Այսինքն ռուսերենով է անգամ վարվում մի միջոցառում, որը նվիրված է հայ մեծանուն պոետին: Ես խոսում եմ լեզվական ճնշումների մասին, պարզ է, թե ինչու է այդպես: Մենք, համագործակցելով վրացական իշխանությունների հետ, փորձելու ենք ամեն դեպքում հասնել նրան, որ այդպիսի տխուր նախադեպեր չլինեն, որ տերյանական օրը լինի տերյանական օր»: Շիրակ Թորոսյանը Վահան Տերյանի գյուղից է, եւ հիշում է, թե առաջ բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպես էին հոբելյանական օրերին այցելում ու պատվում մեծանուն բանաստեղծին:
Լրագրողները հետաքրքրքվեցին հայոց լեզվի, քերականության խեղաթյուրված դասագրքերից: Շիրակ Թորոսյանի պարզաբանմամբ՝ հայոց լեզուն քանի որ քննական առարկա չէ, դա նույնպես նպաստեց, որ դասավանդման որակն ընկնի: Պատգամավորն առաջարկում է ուղղակի ավելի ինտենսիվ ու համառ աշխատանք տանել վրաց գործընկերների հետ ու ցույց տալ, որ հայերենի դասավանդումը բխում է երկկողմանի շահերից. «Վրաց կողմը հայտարարում է, որ չկա հարց, որ չլուծվի դիվանագիտական սեղնի շուրջ, ուստի այդ հարցը եւս պետք է լուծում ստանա»:
Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան դեռ շարունակվում է փակ մնալ. «Իմ շփումները կան, շարունակվում են: Դրանով իրենք պատժել են միայն ինձ՝ ինձ զրկելով հայրական տնից, կարոտի ահռելի զգացում թողնելով միայն ինձ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև