Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատժելի՞ է Ռուբեն Հայրապետյանը

Հուլիս 03,2012 11:48

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում Նեմեց Ռուբոյի թիկնապահների եւ ռեստորանի աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված չորս ռազմաբժիշկներից մեկի՝ 33-ամյա Վահե Ավետյանի մահը բողոքի ալիք է բարձրացրել մեր հանրության տարբեր խավերի շրջանում։ Իրար հաջորդող բողոքի դրսեւորումներն ինքնաբուխ են։ Չնայած տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությանը՝ հարկ է նշել, որ այդ ցույցերը չեն կազմակերպվում ու ուղղորդվում որեւէ քաղաքական ուժի կողմհց։ Հանրությունն իրոք վրդովված է, եւ մի քանի հոգու կալանավորումն ու գործը «մինչեւ վերջ բացահայտելու» հավաստիացումները ակնհայտորեն վստահություն չեն ներշնչում։ Բայց աննախադեպ է այն՝ ինչ կատարվեց «Հարսնաքարում» հուլիսի 1-ի գիշերը։ Ժամը 2.15-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով մտել է ռեստորանային համալիր եւ սպառնացել, որ պայթեցնելու է շենքը։ Տղամարդը իր սպառնալիքները չի իրականացրել, իրավապահներին հաջողվել է նրան վնասազերծել, խլել ճամպրուկը, որի մեջ հայտնաբերվել է մոտ 1.5 կիլոգրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ եւ 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս։ Այդ ամենը առգրավվել է։ Պայթեցնել պատրաստվող քաղաքացին ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, 39-ամյա Վարդան Սամվելյանն է, այժմ նա ձերբակալված է։ Հայտնի է, որ Վարդան Սամվելյանը նախորդ օրը երեկոյան մասնակցել էր «Հարսնաքարի» մոտ տեղի ունեցած մոմավառությանը։ Ինչպես արդեն նշել ենք, զինվորականների շրջանում օլիգարխի թիկնապահների կողմից ռազմաբժշկի սպանությունը մեծ դժգոհություն է առաջացրել, ինչը պետք է բնական համարել։ Մյուս կողմից, սակայն, Ռուբեն Հայրապետյանը այն կերպարը չէ, որի հետ զինվորականները կարողանային հեշտ ու հանգիստ հաշիվներ մաքրել։ Խնդիրն այն է, որ ըստ վստահելի լուրերի՝ նա իր բիզնես-ձեռնարկները իրականացնում է ԼՂ պաշտպանության բանակի մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ միասին։ Վերջինս էլ «թեւութիկունք է» կանգնում իր բիզնեսպորտնյորին։ Բացի դրանից, Ռուբեն Հայրապետյանը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխն է։ Այլ կերպ ասած, Հայրապետյանը ունի ե՛ւ «քաղաքական» տանիք՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ե՛ւ ուժային տանիք՝ ի դեմս իր բարձրաստիճան զինվորական «բիզնես-պորտնյորի»:

«Հայկական Ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031