ՍԴ-ն դեռ դուրս չի եկել խորհրդակցական սենյակից, ուր քննության է դրվել ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի դիմումը: Նիկոլ Փաշինյանը ՍԴ է ներկայացրել բազմաթիվ փաստաթղթեր, մասնավորապես՝ այս տարվա մարտի 28-ին ԸԸՀ-ի կայացրած 05-Ա որոշումը, որով Փաշինյանը ընտրատարածքում գրանցվել է պատգամավորի թեկնածու: ՍԴ ներկայացրած փաստաթղթերի մեջ էր նաեւ այս տարվա ապրիլի 15-ին թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին հասցեագրված Նիկոլ Փաշինյանի նամակը, որտեղ ասվում է. «Իմ անունը Նիկոլ Փաշինյան է: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն եմ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ: Հիմա պատգամավորի թեկնածու եմ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում, որի ընտրողն եք Դուք…
Գիտեմ, հոգնել եք, երբեմն՝ զզվել պատգամավորի զանազան թեկնածուներից, որ գալիս են ու գնում, իսկ Դուք մնում եք Ձեր հոգսերի ու խնդիրների հետ… Չեմ խոստանում ասֆալտ փռել, որովհետեւ դա պատգամավորի գործ չէ: Խոստանում եմ պարտադրել քաղաքապետարանին, որ անեն ավելի շատ ասֆալտ, քան անում են ընտրությունից ընտրություն: «Օգնություն» չեմ բաժանում. դա պատգամավորի գործ չէ, բայց խոստանում եմ հետեւողական լինել, որ «բարեգործները» վճարեն օրենքով սահմանված հարկերը եւ այն, ինչ Ձեզ առաջարկվում է որպես «լավություն», ստանաք որպես վաստակած հասանելիք՝ թոշակի, նպաստի, աշխատավարձիտ ձեւով… Չեմ ասում, թե ընտրատարածքը դրախտ եմ դարձնելու: Սխալ չհասկանաք: Մի բանում վստահ եղեք. իմ ընտրության դեպքում Ձեզ հետ հաշվի են նստելու…»:
Նիկոլ Փաշինյանը դատարան ներկայացրած դիմումի մեջ նշել է, որ ԱԺ պատգամավորը այլ աշխատանք ունենալու իրավունք չունի եւ նրա գործունեությունը ԱԺ օրենքներ ընդունելու եւ ընտրողների հարցերի լուծումն է: Դիմումատուն նաեւ ներկայացրել էր ապրիլի 16-ի հայտարարությունը, երբ Մալաթիա-Սեբաստիա համայնքում խոչընդոտներ էին հարուցել ՀԱԿ նախընտրական դաշինքի եւ դիմումատու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ: Մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 34 շենքի բակում ինչ-որ մարդկանց կողմից Ն. Փաշինյանի վստահված անձանց կողմից քարոզչական նյութերը տարածելու ժամանակ: Այդ մասին ահազանգել էր թեկնածուն ոստիկանության Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի բաժին: Ի դեպ, ոստիկանության ներկայացուցիչները այցելել են տարածք, իսկ հետաքննիչը Ն. Փաշինյանին առաջարկել է բացատրություն տալ: ՍԴ դիմած դիմումատուներից միակն է, որը բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել նախընտրական քարոզչության հետ կապված խոչընդոտների վերաբերյալ: Ի դեպ, ներկայացվել է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի 21.04 «Կաշառք է, բա ի՞նչ է» հրապարակումը, որտեղ խոսք է գնում, ըստ դիմումատուի, Երեւանի թիվ 190 դպրոցում պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի հանդիպման մասին: Հրապարակման մեջ գրված է, որ այնտեղ գումար է բաժանվել եւ խոստումներ է տրվել, իսկ դպրոցի տնօրենը՝ Կարինե Զատիկյանը հաստատել է այդ տեղեկությունը, սակայն պնդել, որ դպրոցում տեղի ունեցածը քարոզչություն չէ: ՍԴ է ներկայացվել անգամ դպրոցի տնօրենի եւ օրաթերթի լրագրող Աննա Զաքարյանի զրույցի ձայնագրությունը: Ըստ ՆԻկոլ Փաշինյանի, այն պահից, երբ սկսվել է իրենց կողմից նախընտրական քարոզչություն ծավալելը, «Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներից կազմավորված մի խումբ կազմակերպված եւ հետեւողական ձեւով խոչընդոտել է դիմողի նախընտրական քարոզարշավին՝ թույլ չտալով, որպեսզի թիվ 7 ընտրատարածքի բնակիչներին բաժանվեն դիմողի նամակները եւ որ դիմողը հնարավորություն չունենա հանդիպել ընտրողների հետ (ներկայացվում է սկավառակ 1-ին եւ 2-րդի տեսագրությունները): Մեկ թեկնածուի նախընտրական քարոզարշավին նման ձեւով խոչընդոտելու այս երեւույթը Հայաստանի ընտրական գործընթացներում նախադեպը չի ունեցել: Դիմողի քարոզարշավի խոչընդոտման գործընթացը ՀՀ ոստիկանության կողմից չի կանխվել, տեղի ունեցածը ՀՀ ոստիկանության կողմից պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել, ՀՀ ոստիկանության գործողությունները նպատակաուղղված են եղել դիմողի քարոզարշավի խոչընդոտմանն ուղղված գործողությունները հովանավորելուն: Ըստ էության 25 համակարգչային էջից բաղկացած դիմում է ներկայացված ՍԴ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ