Համենայնդեպս, բողոքի այն ալիքը, որ բարձրացել է Վահե Ավետյանի սպանության դեմ` միավորում է ամենատարբեր հայացքների ու գաղափարների տեր մարդկանց, որոնք այլ առիթներով միմյանց ընդդիմախոսներ են, կոշտ ընդդիմախոսներ, որոնք միմյանց մեղադրել են շատ բաներում, բայց ներկայումս միասին են «Հարսնաքարում» տեղի ունեցածի դեմ հասարակական բողոքի ալիքի մեջ: Կարելի էր ասել, որ սա ուրախացնող է, բայց, ցավոք, այդ ամենը տեղի է ունենում ողբերգության՝ մարդկային ողբերգության առիթով, որ ապրում է Ավետյանների ընտանիքը, որ ապրում են սպանված բժշկի հարազատները, նրա որբացած մանուկները, որոնք դեռ չեն գիտակցել այդ ողբերգությունը և որոնց համար ցավը դեռ առջևում է:
Սակայն, միևնույն ժամանակ, հասարակական ներկայիս արձագանքը չափազանց կարևոր է բոլորի համար: Դա կարևոր է հանուն Վահեի լուսավոր հիշատակի և հոգու խաղաղության, դա կարևոր է Վահեի փոքրիկների համար, մեր բոլորիս փոքրիկների համար, որովհետև ի վերջո պետք է հասարակությունն արթնանա իր ուժով, իր գիտակցությամբ, իր արժեքներով՝ արթնանա ու դրանք հաստատի Հայաստանում, ուր ներկայումս հաստատված է զոռբայությունն ու ամենաթողությունը, սանձարձակությունը, հովանավորչությունը, դաժանությունը, մարդկային և կենդանական բոլոր արատները, վայրագությունները: Հասարակությունը պետք է մի օր արթնանա ու մաքրի այդ ամենը, այլապես ոչ մի նման ողբերգություն չի լինելու վերջինը, ինչպես որ մինչև հիմա բոլորը եղել են ընդամենը հերթականները:
Հասարակությունը, քաղաքացիական և իրավական, պարզապես մարդկային բարոյական գիտակցության և արժեքների կրող հանրույթը, ցավոք սրտի, Հայաստանում փոքրամասնություն է կազմում: Դրա պատճառները, մշակութաբանական հիմքերը շատ խորն են, բայց փաստ է, որ կամա, թե ակամա, մեր հասարակությունն ինքը իր ներքին որակներով և գիտակցական շերտերով հանդիսանում է մի այնպիսի օրգանիզմ, որը սնուցում է այս ամենաթողության, ամենակուլ մեքենայի կյանքը: Այն հանրույթը, որն ունակ է այդ ամենին հակադրվել իր տեսակով, փոքրամասնություն է: Լինելով փոքրամասնություն, այսինքն` զուտ ֆիզիկական, թվաբանական ծավալով անհամեմատ ավելի փոքր ընդհանուր զանգվածից, այդ հանրույթը նաև մեծ առաքելության կրող է: Եթե հասարակության այդ` համեմատաբար փոքր մասն էլ չիրականացնի իր առաքելությունը, ապա այլևս չի մնում որևէ գործոն, որը կարող է փոխել հասարակության ու պետության որակն ընդհանրապես:
Եվ ներկայումս գլխավոր խնդիրը այդ` առանց այն էլ փոքր հանրույթի հնարավորինս մեծ համախմբումն է: Այսինքն` տարբեր քաղաքական կուսակցություններում, տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում, տարբեր հաստատություններում՝ կառավարական և ոչ կառավարական, տարբեր ոլորտներում և մասնագիտություններում ցրված մարդիկ պետք է համախմբվեն, գտնեն ամենակարևոր բաղադրիչը, որը կամրացնի իրենց համախմբումը և բավարար կլինի արդյունավետ որևէ ընթացքի համար:
Կարդացեք նաև
Ներկայումս Վահե Ավետյանի ողբերգական մահը առնվազն ինչ-որ մասով կարծես թե կատարում է այդ համախմբող դերը: Իհարկե, տվյալ պարագայում խիստ ցանկալի կլիներ, որ այդ դեպքը չլիներ: Թող հասարակական համախմբում չլիներ, միայն թե ողջ լիներ Վահեն, միայն թե չորբանային նրա անմեղ մանուկները: Բայց դաժան փաստն արդեն կա, և հասարակությունն այլևս անզոր է այլ բան անել, քան համարժեք արձագանքել այդ փաստին, որպեսզի գոնե նորանոր փաստեր չլինեն:
Ավելին` ներկայումս երևի թե շատ ցցուն է դառնում այն, և շատերն են այդ մասին խոսում, որ հանրությունը մեծագույն սխալ, մեծագույն բացթողում է ունեցել՝ նախկին նման դեպքերը չարժանացնելով հենց այդպիսի ուշադրության և արձագանքի: Եթե այդ ամենը լիներ, ապա միգուցե համակարգի սանձարձակություններն ու քաղաքացիներին պատճառած ողբերգությունները չլինեին այնքան, որքան այժմ, և Վահեն ու շատ այլ մարդիկ չտուժեին ու չհատուցեին իրենց կյանքով կամ առողջությամբ: Այսօր հասարակությունը կարծես թե այլ կերպ է արձագանքում, առավել ամբողջական, առավել հզոր, առավել լիարժեք, համարժեք, առավել հաստատակամ: Համենայնդեպս, հենց այդպիսի պրոցեսներ են ներկայումս ընթանում: Դրան, իհարկե, նպաստում են նաև Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական զարգացումները, նաև տեղեկատվական ենթակառուցվածքների աճը: Սա այլ հասարակություն է, և այս հասարակությանը կանգնեցնելն այլևս անհնար է: Այս հասարակությանն այլևս հնարավոր է միայն զայրացնել, գրգռել, բայց ոչ կանգնեցնել: Դադարները ընդամենը լինելու են ժամանակավոր, իշխանական համակարգի այդ հաջողությունները լինելու են ընդամենը թվացյալ: Միևնույն է, ընթացքը լինելու է անկասելի, որքան էլ փորձ կարվի ջլատել Վահեի «միացրած» հանրային ներուժը: Իսկ այդպիսի փորձեր կլինեն:
Ավելին` միավորված հանրությունն ինքը նախկին տարաձայնությունների կամ ներկայումս էլ գոյություն ունեցող քաղաքական, անձնական և գաղափարական տարաձայնությունների առնվազն իներցիային բախվելու է անպայման, բայց պետք է գտնել դրանք մի կողմ թողնելու և քաղաքացիական պահանջատիրությունը առաջ մղելու ուժ: Գոնե այս մի դեպքում, գոնե այս մի օրինակով ցույց տալով իշխող համակարգին, որ իրենց դեմ կանգնած է մեկ մարմին, որը կարող է մեկ առ մեկ, կոնկրետ, անուն առ անուն հարցեր լուծել, Սահմանադրությունից բխող քաղաքացիական իրավունք և արդարադատություն պարտադրել սեփական ամենաթողության կանոններով ապրող և իրեն օրենքից ու Սահմանադրությունից վեր դասած այս համակարգին:
Պետք է ցույց տալ կոնկրետ միավորման այդ ներուժը, պետք է զերծ մնալ քաղաքական հավակնություններից, պետք է զերծ մնալ ինչ-որ պահի միմյանց ինչ-որ բաներ ապացուցելուց, պետք է այս միասնության մեջ կարևորել ոչ թե սեփական անձը, սեփական քաղաքական բրենդը, մարտավարությունը կամ մեթոդաբանությունը, այլ խնդիրը՝ կոնկրետ քաղաքացիական, մարդկային, իրավական և բարոյական խնդիրը, և լուծել այդ խնդիրը: Ու այդ խնդրի լուծման օրինակով անցնել հաջորդին, երրորդին, չորրորդին: Դրանք չափազանց շատ են, ու արթնանալուց հետո պետք է արթուն մնալ, չքնել, շարժվել առաջ:
Սրանք խնդիրներ են, որ այսօր դրված են հասարակության առաջ: Դրանց լուծման մասին խոսելն, իհարկե, հեշտ է, խորհուրդներ տալն ու դատողություններ անելը, ուղենիշեր սահմանելը՝ դյուրին: Բայց հանրությունն այլընտրանք չունի, քան պրակտիկորեն իրագործել այդ ամենը: Այստեղ իր և պետության անվտանգության հարցն է, որը, ինչպես ցույց է տալիս կյանքի ընթացքը, որևէ մեկն այլևս ի զորու չէ գործնականում արդյունավետ լուծմամբ ապահովել, քան հենց ինքը քաղաքացիական հասարակության համախումբը: Նաև գլխավոր խնդիրներից մեկն է այդ մեսիջները հասցնել անտարբերներին:
Նրանք նյարդայնացնող են իրենց անտարբերությամբ, իրենց ցինիզմով, բայց դրան էլ այլընտրանք չկա: Պետք է փոխել նաև նրանց: Դա մեծ համբերություն և զգալի աշխատանք է պահանջում, բայց դա պետք է անել, հնարավոր բոլոր միջոցներով, ամեն մեկն իր ներուժի և խողովակի միջոցով: Քաղաքացիական ակտիվ հանրույթը պետք է աշխատի արտակարգ դրության ռեժիմով, որպեսզի վերջ դրվի այն աննորմալ դրությանը, որում գտնվում է Հայաստանը:
«Ժամանակ»