Ամեն օր, վերադառնալով կենտրոնական կլինիկական հոսպիտալից, գիտակցում էի, որ դա կարող էր վերջին օրը լինել դեռ երեկ առողջ, երիտասարդ, մարզական կազմվածքով տաղանդավոր զինվորական բժիշկ Վահե Ավետյանի համար։
Այն, որ սիրտը բաբախում էր ամբողջ տասներկու օր, բոլորովին անշարժ կրծքավանդակում, բացարձակապես արհեստական շնչառության, սնուցման պայմաններում, թթվածնի մատակարարմամբ, իսկական հրաշք էր, որ գործեցին մեր բժիշկները։ Ամեն անգամ հոսպիտալ գնալուց առաջ (հաճախ միայնակ չէի այցելում), զանգում էի բանակի գլխավոր բժշկական հաստատության պետ, փոխգնդապետ Արամ Ասատրյանին։ Նա ներկայացնում էր վիճակը, եւ մենք պայմանավորվում էինք այցելության ժամի շուրջ։
Ամեն օր գրառումներ էի կատարում նոթատետրում, բոլորովին էլ միտք չունենալով դրանք հրապարակել։ Ինչպես հաճախ, մտածում էի, թե գրառումներիս կանդրադառնամ հետո։
Հունիսի 28-ին, երեկոյան կողմ զանգեցի Արամին։ Նա պատասխանեց… լռությամբ։ Լսափողից հազիվ որսում էի խորը շնչառությունը։ Վահեի սիրտը կանգ էր առել։
Կարդացեք նաև
Այդ երեկո արդեն մտածում էի ոչ միայն Վահեի երկու մանուկների մասին, նրա ուսուցչուհի կնոջ, բժշկուհի մոր, հոր, Հայաստանում, Ղարաբաղում եւ Իրանում ապրող բազմաքանակ ազգականների մասին։ Մտածում էի նաեւ մարդասպանների երեխաների մասին։ Մանուկների, որոնք, ըստ էության, նույնպես որբանալու են։ Ահա սա է անխուսափելի հատուցումը՝ որպես Աստծո պատիժ։ Եվ որոշեցի որոշ էջեր հրապարակել օրագրից։
* * *
Այդ մղձավանջի լուրն առնելուն պես արդեն գիտեի, որ թողնելու եմ բոլոր գործերս եւ ուղղվելու սրտիս այնքան թանկ Կենտրոնական ռազմական հոսպիտալ։ Մինչ տեղ կհասնեի, հիշում էի, թե ինչպես էին քսան տարի առաջ ուղղաթիռները երամներով թռչում ռազմաճակատային Արցախից, ուղղակի մարտի դաշտից տեղափոխելով վիրավորներին, որոնց «Էրեբունի» օդանավակայանից կազմակերպված տեղաբաշխում էին երեւանյան բազմաթիվ հիվանդանոցներում։ Այն ժամանակ երկաթուղայինների հիվանդանոցի հիմքի վրա նոր-նոր ու հապշտապ ստեղծվեց զինվորական հոսպիտալ։
Հիշում եմ, թե ինչպես «ԱՄՆ-ի բժշկական օգնություն» հայկական հումանիտար կազմակերպության հիմնադիրներ, ամուսիններ Վարդգես եւ Մերի Նաջարյանները առաջին հերթին շուտափույթ կազմակերպեցին հոսպիտալի ապահովումը հարյուրավոր նոր բժշկական մահճակալներով։ Եվ ապա զարկ տրվեց զինվորական հոսպիտալի շինարարությանն ու սարքավորմանը։ Չէի կարող նաեւ չմտաբերել, որ հանրապետության առողջապահության նախարարությունում այդ ժամանակ ստեղծվեց հատուկ ծառայություն՝ անմիջականորեն մարտադաշտում նախնական բուժօգնության կազմակերպման ապահովման եւ վիրավորներին ինչպես դաշտային, այնպես էլ Ստեփանակերտի ու Երեւանի քաղաքային հիվանդանոցներ տեղափոխելու համար։ Այդ ծառայությունը գլխավորում էր այն ժամանակվա առողջապահության առաջին փոխնախարար Դերենիկ Դումանյանը։
Կատարվեց ավելի քան տասը հազար վիրահատություն։ Եվ շատ կարեւոր է, որ փրկվածների մոտ ութսուն տոկոսը վերադարձավ ռազմադաշտ։ Չէ՞ որ դա մի քանի դիվիզիա է։ Անգին էին այդ տղաները, որ արդեն, ինչպես ասում են՝ վառոդի հոտն էին առել, ձեռք բերել անգնահատելի ռազմական փորձառություն։ Այսպիսին էր մեր ռազմական բժիշկների հիրավի հերոսական սխրանքը։ Չէ՞ որ այն ժամանակ մեր ողջ բժշկությունը, կարելի է ասել, զինվորական էր։
* * *
Ես բարձրացա հոսպիտալի գլխավոր մասնաշենքի երրորդ հարկ։ Հիշում եմ, մոտավորապես 90-ականների վերջերին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը այստեղ հանդիսավոր պայմաններում Վարդգես Նաջարյանին շնորհեց բժշկական ծառայության գնդապետի կոչում եւ անձամբ նրա ուսերին հագցրեց գնդապետական ուսադիրներով կիտելը։ Ճակատագրի հեգնանքով հենց այստեղ, երրորդ հարկում է գտնվում վերակենդանացման բաժանմունքը, որտեղ պառկած են երեք բժիշկներ։ Բոլոր երեքի վիճակն էլ ծանր է։ Մեկը մահամերձ է։
* * *
Այդ օրը, հունիսի 18-ին, երեքն էլ պլանավորված վիրահատություններ էին անցկացնելու։ Սակայն մայոր Վահե Ավետյանի ղեկավարած ՔԿԱ բաժանմունքի ավելի քան երեսուն հիվանդներ իզուր էին սպասում իրենց բուժող բժշկին։ Ինչպեսեւ նախորդ երեկո, տանն էին իզուր սպասում նրա երեխաները՝ հինգ տարեկան Գարիկը եւ չորս տարեկան Միլենան։
Իրենց երեխաներին ու հիվանդներին չհասան Վահեի եւս երկու գործընկերները՝ միկրովիրաբույժ կապիտան Արտակ Բայադյանը եւ ընդհանուր ռազմադաշտային վիրաբույժ Գարիկ Սողոմոնյանը։ Նրանք բոլորը գտնվում էին երրորդ հարկում, վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից բացի, եւս երեք հոգի տարբեր վնասվածքներով գտնվում էին քաղաքի այլ բժշկական հաստատություններում։
Ես այցելեցի նրանց։ Վահեն անգիտակից վիճակում էր, միացված էր արհեստական շնչառություն։ Գանգոսկրի ծանր վնասվածք, ուղեկցված գանգուղեղի անատոմիական վնասվածքով։ Երկար զրուցեցի Արտակի եւ Գարիկի հետ։ Նրանց վիճակը համեմատաբար տանելի էր։ Բայց իհարկե տանելի՝ Վահեի համեմատ։ Երկուսն էլ ունեն քթոսկրի կոտրվածք, ուղեղի ցնցում եւ մարմնի վրա՝ ծեծի բազմաթիվ հետքեր։ Արտակի ձախ աչքն ամբողջովին շրջանակված է սեւով։
Ես մանրամասնորեն գրառեցի նրանց պատմածը։ Բայց վերապատմել չեմ կամենում։ Այդ ողջ ահավոր նատուրալիզմն ակնհայտորեն կարող է խանգարել այն նպատակի էությանն ու իմաստին, հանուն որի գրիչ եմ վերցրել ձեռքս։ Այդ թեման ինձ վաղուց հանգիստ չէր տալիս։ Որպես բժիշկ գիտեի, որ Վահեն մահանալու է։ Գիտեի, որ նրա երկու փոքրիկները որբանալու են։ Սիրտս ցավից ճմլվում էր։ Լռել չէի կարող։ Գրառումների տետրս վերածվեց օրագրի։
* * *
Ամեն օր «Հարսնաքարի» ողբերգության մասին մեր մամուլում տպագրված բազմաթիվ մեծ ու փոքր հոդվածներ էի կարդում։ Դիտում էի հեռուստանյութեր։ Համակարծիք էի հասարակական կարծիքին։ Սակայն հոգուս խորքում ինձ որսում էի այն մտքի վրա, որ ընդհանուր առմամբ բոլորիս գրածն էլ այն չէ, բոլորիս ասածն էլ այն չէ, ինչ պետք է։ Գերիշխում է օլիգարխների թեման (նկատի ունենալով առաջին հերթին «Հարսնաքարի» սեփականատիրոջը), որոնք եռանդագին մղվում են քաղաքականություն։ Այդ խնդիրը մեզ բոլորիս հուզել է հանրապետության ծննդյան օրվանից։ Այդ մասին շատ ենք խոսել ու վիճել Վազգեն Սարգսյանի հետ։
Թերթերում եւ «Անդունդ» գրքում տպագրված «Անհայտ Վազգեն Սարգսյանը» ակնարկում ես իմ տեսակետն եմ հայտնել նրան, որ այսքան հաճախակի ընտրությունները բոլոր մակարդակներով անպայման երկիրն ու ժողովրդին կհանգեցնեն հրեշավոր պառակտման, ճգնաժամի, կաթվածի, բարիկադների, որ եթե ակտիվորեն ոչինչ չձեռնարկենք, ապա մեծ դժբախտությունից չենք խուսափի։ Թվարկել եմ հարստագույն ու հզորագույն պետությունների մի ողջ ցանկ, որոնք հրաժարվել են ուղիղ եւ գաղտնի քվեարկություններից։
Վազգենը որսաց մտքերիս ընթացքը եւ ասաց. «Այդ բոլոր երկրներում նորմալ պառլամենտ կա»։ Ես նրան պատասխանեցի. «Թող հանվի մեր սահմանադրությունից մի այնպիսի չարագուշակ գայթակղություն, ինչպիսին է պատգամավորի անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ բազմաթիվ արտոնությունները, կտեսնես, որ մենք էլ նորմալ պառլամենտ կունենանք»։ Այնպես որ, ոչ միայն օրենսդիր իշխանություն, այլեւ արդեն ավելի վեր ձգտող օլիգարխների վտանգավոր քաղաքականացվածության խնդիրը միշտ էլ կանգնած է եղել մեր առջեւ։
Դա սուր եւ առանձին թեմա է, որը պահանջում է անհապաղ լուծում։ Իսկ «Հարսնաքարի» ներկայիս ողբերգության հարցում պետք է շատ ավելի կոնկրետ խնդիր լուծենք։ Հիրավի ճիշտ էր Արիստոտելը իր հատու բանաձեւով՝ «Ճշմարտությունը կոնկրետ է»։ Իսկ տվյալ կոնկրետ դեպքում ճշմարտությունը պահանջում է պատասխանել մի հարցի. ովքե՞ր են այդ տականքները, որ այդքան հրապուրիչ են երիտասարդության համար։ Այդ ի՞նչ մասնագիտություն է հորինված՝ ռեստորանի կամ ցանկացած այլ մասնավոր հաստատության պահպանություն։
Ո՞վ է իրավունք տվել «Անվտանգության ծառայություն» լուրջ բառակապակցությամբ բնորոշել նման վտանգավոր ինքնագործունեությունը։ Ի՞նչ դպրոց են անցել նորահայտ «կուպեցների» այդ սնածուները։ Ինչպիսի՞ դասեր են անցել։ Ովքե՞ր են սրանց կուռքերը։ Ասում են՝ կարատեի պարապմունքներ են անցել։ Դժվար թե նրանք յուրացրած լինեն այդ հինավուրց արեւելյան իմաստուն մարտարվեստի բուն հիմունքները։ Եթե անցած լինեին կարատեի հիմունքներ, ապա պետք է իմանային, որ կարատեն մի ողջ փիլիսոփայություն է, այլ ոչ թե ծեծուջարդ։ Կարատեն գործուն արդարություն է, որն արգելում է, ասենք, երկու մարդուն հարձակվել մեկի վրա։ Կարատեն պայքար է։ Բայց բարոյականության պայքար՝ անբարոյականության դեմ։
* * *
Այն, թե ինչ եւ ինչպես է տեղի ունեցել «Հարսնաքարում», նորմալ մարդու համար անհնար է նկարագրել, բացատրել, քանզի անհնար է հասկանալ։ Խոսքն այստեղ ակնհայտ պաթոլոգիայի մասին է։ Միաժամանակ չի կարել նրանց նույնիսկ շիզոֆրենիկ համարել։ Մոլագար-դեպրեսիվ հոգեկան խանգարմամբ տառապող մարդիկ ի վիճակի չեն անհավատալի ատելությամբ, եւ որ գլխավորն է՝ ցինիկ հաշվենկատությամբ խմբերով բաժան-բաժան անել իրենց զոհերին, որոնք երբեք չէին սպասի, թե այդքան գազանաբար են վարվելու իրենց հետ։
Ես չեմ ուզում շարադրել մանրամասները։ Չեմ ցանկանում անունները տալ. նրանց երեխաներին եմ խղճում։ Դա արդեն քննիչների, դատախազների, դատավորների, փաստաբանների գործն է։ Վերջիվերջո չմոռանանք հռոմեական իրավունքի գլխավոր սկզբունքը՝ «Լսիր մյուս կողմին»։ Թեեւ ինքս համոզված եմ, որ «մյուս կողմը» ոչ միայն սկսելու է արդարանալ, այլեւ, Տյուտչեւի խոսքերով ասած՝ «չարախոսել զոհին»։
Հավանաբար երբեւէ չեմ մոռանա Գառնիկ Ավետյանի (Վահեի հոր) դեմքը, աչքերը, ձայնը, երբ հոսպիտալի բժիշկների եւ Հայաստանի նախագահի կնոջ՝ տիկին Ռիտայի ներկայությամբ, երկար լռելուց հետո խորը շունչ քաշեց եւ ցածրաձայն արտաբերեց. «Ոչ մեկին չէի ցանկանա…»։ Նա չկարողացավ խոսքն ավարտել։
* * *
Ես ներկա էի հիվանդասենյակում, որտեղ Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը զրուցում էր տիկին Լենորայի՝ Վահե Ավետյանի մոր հետ։ Պարզվեց, նրանք Երեւանի պետական բժշկական ինստիտուտի նույն կուրսում են սովորել։ Լինելով բժշկուհի, լավ գիտեր ամեն ինչ իր որդու վիճակի ծանրության մասին։ Այն հավաստիացմանը, թե չարագործները խստորեն կպատժվեն, տիկին Լենորան ցածրաձայն պատասխանեց. «Այդ հարցն ինձ արդեն չի հետաքրքրում»։
Ես նայում էի նախկին համակուրսեցիների դեմքերին, որոնց վրա, թվում է, մի պահ գծագրվեց հանդիպման ուրախությունը, բայց դեռ երկար ժամանակ չէին կարողանում սկսել խոսակցությունը։ Տիկին Լենորան հասկացնել տվեց, որ այդ կապակցությամբ հուզում է եւ այն հարցը, թե ինչպե՞ս կարող էր ընդհանրապես նման բան կատարվել։ Խոստովանեց, որ գիտի ու տեսնում է, որ ամեն ինչ արվում է որդու կյանքը փրկելու համար։ Մի ինչ-որ պահի հիվանդասենյակում մեռյալ լռություն տիրեց։
Տիկին Լենորան հայացքը թեքեց։ Թաշկինակով ծածկեց վշտով ու տագնապով լցված աչքերը եւ հազիվ լսելի արտաբերեց. «Անընդհատ աչքիս առջեւ են կանգնած թոռնիկներս։ Վահեի երեխաները»։
* * *
Առաջիններից մեկը վիրավորներին (սա հենց ճիշտ տերմինն է՝ «վիրավորներ») այցելեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը երկար մնաց Վահեի անկողնու մոտ եւ ապա՝ Արտակի եւ Գարիկի հիվանդասենյակում։ Ենթականերին տրվեցին բոլոր կազմակերպչական հրահանգները։ Արդեն ուշ երեկո էր։ Իմանալով, որ հոսպիտալի դարպասների մոտ հավաքվել է ժողովուրդը, նախարարը կանգնեցրեց մեքենան։
Խոսակցությունը կարեւոր էր եւ անհրաժեշտ։ Ամեն ինչից երեւում էր, թե ինչպիսի հարգանքով են վերաբերվում պաշտպանության նախարարին։ Այնտեղ էին ոչ միայն տուժողների ազգականները։ Վահեի մորաքույրը, ջանալով զսպել արցունքները, ասաց, որ պատմություն է դասավանդում եւ համարում է, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը նրանից է, որ, ցավոք, շուտ են մոռացվում դպրոցական դասերը։ «Իսկ առանց սեփական ժողովրդի պատմության իմացության,- շարունակեց նա,- երիտասարդությունը, մանավանդ պատանիները չեն կարող հայրենասեր լինել։
Ահա այսօր էլ գազանություն ենք տեսնում երիտասարդության շրջանում։ Ճշմարիտ հայրենասերը չի կարող այդքան վայրենաբար վերաբերվել հայրենակցին։ Այսօր շատերն են գորշանում ու բթանում մեր աչքի առջեւ, իջնելով անվերջանալի հեռուստասերիալների պարզունակ ու գռեհիկ հերոսների մակարդակին, որոնք իրենց ողջ անհեթեթ էությամբ նվաստացնում եւ վիրավորում են մեր ժողովրդի արժանապատվությունը»։
Ազգականներից մեկը տարակուսանք ու զայրույթ արտահայտեց այն կապակցությամբ, որ մեզանում հայտնվել է այսպես կոչված մասնավոր թիկնապահների մի այդպիսի մոդայիկ եւ թանկ գնահատվող մասնագիտություն, երբ իրենց ինքնագոհ շեֆերի համար պատրաստ են մարդ սպանել։ Դա արդեն քաղաքացի չէ։ Դա ստրուկ է։ Մեկ այլ տղամարդ համեմատություն կատարեց եկեղեցու հետ. «Խփել եւ ծեծել մարդուն,- ասաց նա,- նույնն է, թե եկեղեցի կործանես»։
Մթության մեջ գրպանիցս հանեցի նոթատետրս եւ ներկաներից աննկատ ուղղակի կազմին գրեցի երկու բառ՝ «Մարդ-եկեղեցի»։ Չեմ կարծում, փքուն ու բարձր պատկեր է՝ «Մարդ-եկեղեցի»։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Մարդը, ինչպես եկեղեցին, գաղտնիքով է պարուրված, թաքնված է ոգի, հոգի, անկրկնելիություն, ինչպես որ իր զարդանախշով անկրկնելի է յուրաքանչյուր խաչքար։ Իմ Մարկոս պապը զանազան առիթներով հաճախ էր կրկնում. «Չի կարելի անծանոթ մարդուն վատ վերաբերվել միայն այն պատճառով, որ նա անծանոթ է»։
Մանուկ հասակում այնքան էլ չէի հասկանում այդ մտքի իմաստը։ Հետագայում միայն կարողացա բանաձեւել ինձ համար։ Իսկ իրականում ի՞նչ իմանաս։ Գուցե այդ անծանոթ մարդու մեջ ինքը՝ Մեսրոպ Մաշտոցն է, կամ Նարեկացին, Ավետիք Իսահակյանը կամ Վիկտոր Համբարձումյանը։ Դե լավ, թեկուզ հասարակ մահկանացու, բայց նա քո հայրենակիցն է։ Կամ, պոետի բառերով ասած՝ ժամանակակիցը, դարակիցը։ Մարդ է, ու վե՛րջ։ Չասենք՝ սպա է։ Բժիշկ է։ Զինվորական բժիշկ է (թեեւ առավել եւս, որ բժիշկ է, զինվորական բժիշկ է)։ Կրկնում եմ՝ մարդ է։ Ի՞նչ ասել է «անծանոթ»։ Ես չգիտեմ, թե «անծանոթն» ինչ է։ Մանավանդ մեզ մոտ, մանավանդ այն ամենից հետո, ինչ դարերով վերապրեց մեր ժողովուրդը։ Ինչ վերապրեց քսաներորդ դարում։ Ինչ վերապրում է այսօր։
* * *
Վերադառնանք «Ճշմարտությունը կոնկրետ է» արիստոտելյան բանաձեւին։ Հանցագործությունը կատարել են մասնավոր ռեստորանի մասնավոր պահապանները։ Ահա արդեն տասնհինգ-քսան տարի հասարակությունը նրանց համարում է ողորմելի ստրուկներ, որոնք պնակալիզաբար սպասարկում են ինչ-որ կուռքերի, որոնք քաղաքում շրջում են թանկարժեք ջիպերի մի ողջ ավտոխմբով։ Կուռքերի, որոնց արհամարհում է ինքը՝ Աստված։ Կարդացեք Աստվածաշունչ։ Այդ ո՞ր մի օրենքով են աշխատում այս մասնավորները։ Կա՞ օրենքի ոլորտում գտնվող թեկուզ մեկ դրույթ մասնավոր հաստատության մասնավոր պահապանի մասին։
Այս հարցերով ես դիմեցի ոստիկանության հատուկ կարեւոր գործերով քննչական վարչության պետ Վահագն Հարությունյանին։ Հենց այդ վարչությունն է զբաղվում «Հարսնաքարի» գործով։ Պարզվեց, որ մեզ մոտ այդպիսի պաշտոնական դրույթ չկա։ Ասենք, եթե լավ մտածես, դրա կարիքն էլ չկա։ Չէ՞ որ Հայաստանի ոստիկանության կառույցում կա մի հսկայական գլխավոր վարչություն՝ պետական պահպանության գծով։ Մտեք ցանկացած, ոչ միայն պետական, հաստատություն, հիմնարկություն, շինություն, որտեղ մուտքի մոտ բազմել է պահապանը՝ ամենից հաճախ՝ զինված։
Դա պաշտոնական դեմք է, որը ներկայացնում է կառավարական հաստատություն։ Նրանք մասնագիտական եւ մեթոդական առումով ենթակա են պետական ոստիկանական գերատեսչությանը եւ աշխատավարձ են ստանում պետությունից։ Այ նրանց՝ պրոֆեսիոնալներին են վարձում նրանք, ովքեր պահպանության կարիք ունեն։ Գրո՛ղը տանի, ինչո՞ւ պահել կողքիդ ատեստատի փոխարեն փքուն մկաններ ունեցող մի ողջ դյուժին պնակալեզների, եթե կարելի է վարձել մասնագետի դիպլոմ ունեցող ընդամենը մեկ ոստիկանի եւ հանգիստ լինել։
Չէ՞ որ այդ ահավոր ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե այնտեղ՝ «Հարսնաքարում», իր ծառայությունը կատարեր ոստիկանության պրոֆեսիոնալ պահապանը։ Ընդամենը մեկ իրոք պրոֆեսիոնալ։ Վերջիվերջո, անհրաժեշտության դեպքում կարելի էր նաեւ զանգել ոստիկանություն։ Բայց ո՛չ։ Թքած բոլորի վրա։ Այնտեղ՝ «Հարսնաքարում», պրոֆեսիոնալիզմի հոտ չի գալիս ոչ միայն պահպանությունից։
Թեեւ խոստացել էի չմտնել քննչական մանրամասների մեջ, համենայն դեպս բացառություն կանեմ. չէ՞ որ, աներեւակայելի բան է, հենց մատուցողն է սադրել ծեծկռտուքը, իմանալով, որ թիկունքին կանգնած է, ինչպես թերթերում գրեցին, տականքների, վայրենիների, ստորների, չարագործների մի ողջ դյուժին։ Իսկ հոդվածներից մեկի, ընդ որում՝ լավագույն հոդվածներից մեկի վերնագիրը նրանց բնութագրել էր մեկ բառով՝ «Սրիկաները»։
* * *
Այս բոլոր օրերին, գրառումներ կատարելով օրագրում, ես, ինչպեսեւ տիկին Լենորան, ինչպեսեւ Գառնիկը, մտածում եմ Վահեի երեխաների մասին։ Փոքրիկ դստրիկ ունի նաեւ Արտակը, փոքրիկ որդիներ՝ Գարիկը, որոնք արդեն ավելի քան տասը օր չեն տեսել իրենց հայրերին։ Ոչ մի կերպ չի կարելի այդ պստլիկներին բերել հայրիկների մոտ, որոնք կոտրած քթերով են եւ աչքատակի կապտուկներով։
Սակայն չեմ կարող նաեւ չմտածել, որ, Տե՜ր Աստված, չէ՞ որ երեխաներ ունեն նաեւ հանցագործները, որոնց այսօր բաց մամուլում եւ հեռուստատեսությամբ աշխարհով մեկ իրավացիորեն անվանում են տականքներ ու սրիկաներ։ Նրանք ունեն կանայք, ծնողներ, քույրեր, եղբայրներ, տատ ու պապ, ազգականներ, հարեւաններ։
Վահագն Հարությունյանի աշխատասենյակում ես, այսպես ասած, ուսոււմնասիրեցի այդ հանցագործների համառոտ կենսագրությունները։ Այստեղ տվյալներ չեմ ներկայացնի, թե նրանցից յուրաքանչյուրը քանի երեխա ունի եւ ինչ ծնողներ։ Խորին ափսոսանքով կասեմ միայն, որ այս ցավալի խորապատկերին արդեն եւս մեկ դրամա է ծավալվում։ Դա նրանց զավակներն են։ Ութ փոքրիկ երեխաներ հիմա պետք է իրենց հայրերի հանցագործությունների համար պատասխան տան որբությամբ։ Այդպիսին կլինի հատուցումը։
Եվ արդեն երկար ժամանակով որբացած կմնան ութ անմեղ տղաներ ու աղջիկներ, որոնց նորմալ ընտանիքներում, ինչպես հայտնի է, ավելի շատ անհրաժեշտ է հայրերի օրինակը, քան քաղցր բառեր։ Չէ՞ որ սա էլ մեր ընդհանուր վիշտն է։ Չէ՞ որ նրանք, այդ փոքրիկ էակները, ոչ միայն մեր ժամանակակիցներն են, այլեւ հայրենակիցները։ Եվ արդեն հիմա է պետք մտածել նրանց ապագայի մասին։
Նրանք են քաղաքում կողք կողքի ապրելու Վահե Ավետյանի երեխաների հետ։
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
«Հայոց աշխարհ»