Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան է ժամանում Հերման վան Ռոմպոյը

Հուլիս 03,2012 10:24

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը ասուլիսի ժամանակ, 28-ը հունիսի, 2012թ.

Եվրոպական խորհրդի նախագահը Հայաստանից կուղեւորվի Վրաստան, ապա` Ադրբեջան։

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը Երեւան երկօրյա այցելության ընթացքում բանակցելու է Հայաստանի ղեկավարների հետ։

Երեթշաբթի օրը նրան ընդունելու է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։

Բանակցություններից հետո տեղի կունենա Եվրոպական խորհրդի նախագահի եւ Հայաստանի նախագահի համատեղ մամլո ասուլիսը։

Հայաստանի եւ Եվրոպական միության կապերն ընդարձակվում են. անցած հինգշաբթի օրը` հունիսի 28-ին, նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի հետ։

Սարգսյանը եւ Էշթոնը քննարկել են Արեւելյան գործընկերության, Ասոցիացման համաձայնագրի, Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը։

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հայտարարել է, որ եվրոպական ինտեգրումը Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։

Քեթրին Էշթոնը դրվատանքով է խոսել մայիսի 6-ի ընտրությունների մասին եւ կարեւորել է Հայաստանում բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը։

2011-ի տարեվերջին Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո հնարավոր կլինի գումարել դոնոր երկրների եւ կազմակերպությունների համաժողով` Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար։

Սակայն Սերժ Սարգսյանի բրյուսելյան վերջին այցից հետո հաղորդվել է, որ դոնորների համաժողովի գումարման հարցը կվճռվի մինչեւ այս տարեվերջ։

Հերման վան Ռոմպոյն այսօր կհանդիպի նաեւ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին եւ ուղերձով կդիմի հայ խորհրդարանականերին։

Եվրոպական խորհրդի նախագահը ելույթով հանդես կգա «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական ֆորումի մասնակիցների առջեւ։ Բացի այդ, նա կայցելի Ազգային պատկերասրահում ՅՈւՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ բացված «Երեւանը գրքի մայրաքաղաք» եւ «Հայ գրատպության 500-ամյակ» ցուցահանդեսներ, Զվարթնոցի տաճար։

Չորեքշաբթի օրը Հերման վան Ռոմպոյը Հայաստանից կուղեւորվի Վրաստան, որտեղ կհանդիպի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, իսկ հաջորդ օրն էլ` հուլիսի 5-ին, Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Արմեն Քոլոյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031