Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պարտադրված ենք ունենալ ուժեղ քաղաքացի եւ լինել ուժեղ ժողովուրդ»

Հուլիս 02,2012 22:29

                  Սովորություն չեմ ունեցել թերթերի հրապարակումների առնչությամբ խոսել: Սակայն թերթերից մեկում տեղ գտած «Ֆիդայական գնացքը վաղուց գնացել է» հոդվածը  ինձ լուրջ մտահոգություններրի տեղիք տվեց:

Նախ մեկ դիտողություն.  ոչ թե Սմբատ Այվազյանն է կամավորներ հավաքագրում, այլ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը,   որը  հայտարարել է «կամավորականների հավաք իր մարտական կարգերը վերականգնելու, լրացնելու և Հայոց Բանակի առաջամարտիկների կողքին կանգնելու համար»   (մեջբերում գնդի հայտարարության տեքստից ):

Չնայած հեղինակի հարցադրումները և մեր սկսած գործընթացը անհամատեղելի են,   սակայն իմ մտահոգության պատճառը այդ հարցադրումները չեն, այլ այն, որ ամենաընթերցվող թերթերից մեկը  չի ընկալել  հայկական  կամավորական շարժումների   էությունը և չի պատկերացնում «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի նախաձեռնության նշանակությունը:

Մեջբերեմ թերթի հրապարակման հետևյալ հատվածը. «19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին ֆիդայական շարժումն իր առաքելությունը կատարեց, ու թվում էր, թե ավարտեց: Սակայն 1989-92թթ. այն կրկին վերակենդանացավ՝ «ազատամարտիկների, կամավորականների ջոկատներ» անունով եւ որոշիչ ներդրում ունեցավ Արցախն ազատագրելու պայքարում: Բայց դրանից մոտ 20 տարի է անցել: Այս ընթացքում մեր պետությունը միլիարդների ներդրում է արել ազգային բանակում, եւ անընդհատ հայտարարում ենք, թե կայացած բանակ ունենք: Իսկ այսօր, երբ գնահատականներ են հնչում, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը մերն է, ինչո՞վ է պայմանավորված կամավորական շարժման վերսկսումը»:

Նշեմ, որ ֆիդայականության մասին գրելիս պետք է  ծանոթանալ հայ  ֆիդայիների երդման տեքստերին:  Միայն դա բավարար կլինի հասկանալու համար, որ հայ ֆիդային, ազատամարտիկը, կամավոր աշխարհազորայինը յուրահատուկ գաղափարախոսության կրողներ են և  իրենք այդպիսին են ոչ թե ինչ որ պահի համար, այլ իրենց ամբողջ կյանքում:  Եվ դա պայմանավորված չի  մեր բանակի մարտունակությամբ: Ընդհակառակը` այդպես մտածող քաղաքացու գոյությունն է   բանակին լրացուցիչ լիցք ու ոգի հաղորդում:

Այն, որ մեր բանակը կարողանում է իր առջև դրված խնդիրները լուծել և պաշտպանել մեր սահմանները,  ինձ հայտնի է: Եվ ես հպարտանում եմ,  որ մեր բանակը կարողանում է  հաջողությամբ չեզոքացնել  ադրբեջանական զինուժի սադրանքներն ու հարձակողական գործողությունները:  Եվ չեմ էլ ուզում պատկերացնել, որ այլ կերպ կարող էր լինել:

Ուժեղ լինելու համար ուժեղ բանակ ունենալը պարտադիր և անհրաժեշտ պայման է:

Սակայն այն չի կարող լինել բավարար պայման: Որովհետև իրականում ուժեղ լինել, նշանակում է ունենալ թե ուժեղ բանակ և թե ուժեղ քաղաքացի և ուժեղ ժողովուրդ: Նշանակում է ունենալ քաղաքացի,  որը ամեն օր ապրում է որպես իր հողի զինվոր, որը մտածում է որպես իր երկրի զինվոր: Եվ դա անում է առանց պարտադրանքի,  կամովին, հավատալով իր արածի ճշմարիտ լինելուն: Կամավորագրված աշխարհազորայինը հենց այդ քաղաքացին է:  Իսկ քաղաքացու այդ տեսակը չպետք է ձևավորվի արհավիրքների ժամանակ:  Քաղաքացու այդ տեսակը պետք է ձևավորել, պահպանել ու զորացնել  ամեն օր:  Այդ դեպքում արհավիրքներ ու օրհասներ չեն լինի,  այդ դեպքում գոյատևման ճակատամարտեր չենք տա:

Ես շատ լավ գիտեմ, ինչ է զինապարտությունը, գիտեմ, որ կազմակերպվում են հավաքներ:   Սակայն մի բան է,  երբ քեզ կանչում են և դու պարտադրված գնում ես հավաքի, մի այլ բան է, երբ դու ինքդ ես քեզ հավաքագրել, երբ դու ամեն օր պատրաստ ես գնալու,  երբ դա  քեզ համար դառնում է ապրելու կերպ:

Եվ եթե այսօր “Մեծն Տիգրան” աշխարհազորային գունդը հայտարարում է կամավորների հավաք, ապա դրա մեջ պետք է տեսնել քաղաքացուն իր երկրի նվիրյալը դարձնելու գործընթաց: Եվ պետք չէ ինչ որ խելոք մտքեր ու արտահայտություններ տպելով հեղինակազրկել այդ գործընթացը:

Բոլորս ականատեսն ենք լրջագույն մարտահրավերների, որ կանգնած են մեր հասարակության առաջ: Դրանցից շատերը  գուցե չլինեին, եթե մեր քաղաքացիների մեջ շատ լինեին ազատամարտիկների, կամավոր-աշխարհազորայինների նման մտածողները: Եթե այդպես լիներ, այսօր կունենայինք կարգին բնակեցված սահմանամերձ գոտի: Եթե այդպես լիներ, մեր սահմանամերձ գոտու բնակիչը կմտածեր ու կապրեր ազատամարտիկի նման և կունենար դրան համապատասխան  կարգավիճակ:  Այդ գոտում ծառայող հայ զինվորը իրեն կզգար շատ ավելի հզոր, իսկ այդ զինվորին բանակ ուղարկող ծնողը` շատ ավելի հանգիստ:

Ես, իհարկե, պատահականորեն չօգտագործեցի “կարգավիճակ” տերմինը:  Այդ մասին մոտ ապագայում   մենք հասարակությանը կներկայացնենք մեր տեսակետները:  Այսօր ընդամենը կասեմ, որ Արտաշես Առաջինից սկսած, հայոց պետություններում  սամանամերձ գոտիների  համար սահմանված է եղել մյուս տարածքներից տարբերվող կարգավիճակ:

Մենք չպետք է ստանդարտներով մտածենք,  ու պետք է հասկանանք, որ   մենք պարտադրված ենք ունենալ ուժեղ քաղաքացի ու լինել ուժեղ ժողովուրդ:   Ճակատագիրը մեզ այլընտրանք չի տվել:

Վերջում կուզենայի իմ գոհունակությունը հայտնել Սասուն Միքայելյանի մեկնաբանության հետ կապված ու ասել. այդպես կարող է խոսել ու մտածել հզոր քաղաքացին: Այդպես մտածող քաղաքացիների առկայությունն է  երկիրը երկիր դարձնում, հանրությանը` հզոր հասարակություն:

 

Սմբատ Այվազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031