Բրիտանական թագավորական ընտանիքը բրիտանացիների վրա 200 հազար ֆունտ ստեռլինգով ավելի թանկ է նստել անցած ֆինանսական տարի` նախորդի համեմատ: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը` հղում անելով այսօր` հուլիսի 2-ին հրապարակված Բուքինգեմյան պալատի տարեկան զեկույցին, որում տեղ են գտնում թագավորական ֆինանսների մասին տեղեկությունները:
Թագավորական ընտանիքի կարիքների վրա հարկատուները ծախսել են 32,3 միլիոն ֆունտ ստեռլինգ` մոտավորապես 50 միլիոն դոլար` 2010-11 ֆինանսական տարում, ինչը վկայում է միապետական ծախսերի 0,6%-անոց աճի մասին: Ճամփորդությունների վրա արքունական դեմքերը ծախսել են 100 հազար ֆունտով ավելի գումար` ընդհանուր հաշվով 6,1 միլիոն ֆունտ: Իսկ Ելիզավետա 2-րդ թագուհու եւ նրա ազգականների ունեցվածքի պահպանման ծախսերը 11,9 միլիոնից հասել են 12,2 միլիոն ֆունտի:
Այս տարի եւս մեծ ծախսեր են եղել` ճոխ-ճոխ նշվել է Ելիզավետա 2-րդ թագուհու թագակալման 60-ամյակը: Սակայն այդ ծախսերը կանցնեն արդեն եկող ֆինանսական տարվա բյուջեի վրա: .
Միաժամանակ Բուքինգեմյան պալատը նշում է, որ իրական դրամական հարաբերակցությամբ թագավորական ընտանիքի ծախսերը 26 տոկոսով իջել են` երեք տարի առաջվա 36,5 միլիոն ֆունտի համեմատ: Այդպիսով` թագուհին կարողացել է սահմանված ժամկետից շուտ կատարել միապետական ընտանիքի ծախսերը գրեթե մեկ քառորդով կրճատելու քառամյա պլանը, որը դրվել էր երեք տարի առաջ:
Կարդացեք նաև
Ըստ Lenta.ru-ի