Առաջիկայում բենզինի միջազգային շուկայում գնանկում կլինի, սակայն գնանկումը Հայաստանին «չի սպառնում»: Միջազգային շուկայում կանխատեսվում է 30% անկում, իսկ Հայաստանում՝ 2%: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 1,9% գնանկում: Իսկ 2011 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինն աճել է 10,9%-ով:
ԱԱԾ-ի հրապարակած տվյալներն առաջացնում են «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի զայրույթը: «Այդ թվերը, որ մեզ «կերակրում են», մոլորության ձևեր են: Հայաստանում բենզինի շուկայում պատկերն անշեղորեն դեպի գնաճ է տանում»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Պողոսյանը:
Նրա համոզմամբ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը շուկայի վերահսկման յուրահատուկ լիազորություններ ունի, երբեմն-երբեմն պատժում է բենզինի շուկայում գերիշխող դիրք գրավողներին, «բայց ՏՄՊՊՀ-ի նպատակը ոչ թե պատժելը պետք է լինի, այլ հակամրցակցային գերիշխող դիրքն արմատախիլ անելը, ինչը չի արվում»,- նշում է Ա. Պողոսյանը:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի համոզմամբ՝ մեր երկրում վառելիքի գների տատանումները միջազգային շուկային համաչափ չեն: Ըստ նրա՝ արդեն երկրորդ ամիսն է՝ ամբողջ աշխարհում վառելիքի գներն անկում են ապրում: Սակայն եթե Հայաստանում մինչև 2% գնանկում է եղել, ապա միջազգային շուկայում գնանկումը կազմել է 30%: «Ճիշտ է, այս ամիսների ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքի 10-15% աճ գրանցվեց, բայց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ բենզինի շուկայում գնանկումը պետք է ոչ թե մինչև 2 տոկոս, այլ առնվազն 15 տոկոս լիներ: Սա փաստում է այն մասին, որ Հայաստանում բենզինի շուկայում տեղի է ունեցող գնանկումը սիմվոլիկ է: Իսկ ներկրողները բենզինի գների տատանման հետ լրացուցիչ շահույթ են ստանում»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Հ. Մեսրոբյանը:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում ներկրողների առումով հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել. երբ դրսում բենզինը թանկանում է, մեզանում գնաճը շատ արագ է լինում, մինչդեռ էժանանալու պարագայում Հայաստանում գնանկումը շատ դանդաղ է ընթանում:
Հարություն Մեսրոբյանի խոսքով՝ միջազգային փորձագետները հակված են պնդելու, որ առաջիկայում բենզինի շուկայում գնանկում կլինի, քանի որ ճգնաժամի «երկրորդ ալիքն» է բարձրանում: Հայաստանում սցենարը կրկին նույնն է լինելու՝ միջազգային գնանկումը շատ ավելի մեծ կլինի, քան մեր երկրում: Պատճառը փորձագետի կարծիքով՝ ներկրողի հոգեբանությունն է՝ ստանալ շահույթ թե՛ գնաճի, թե՛ գնանկման պարագայում:
Հիշեցնենք, որ Հայաստան բենզին են ներկրում 5 ընկերություններ, բայց շուկայի մոտ 80%-ը զբաղեցնում են «Սիթի պետրոլ գրուպ» և «Ֆլեշ» ընկերությունները: